Հարազատ մնալով հեղինակի տողին, բառին

Հարազատ մնալով հեղինակի տողին, բառին
Հոկտեմբերի 20-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ գրող-թարգմանիչ Արա Գևորգյանի «Շիրակ աշխարհի պոեզիան» ռուսերեն գրքի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս Արա Գևորգյանին, ով ռուսերեն է թարգմանում իր հայրենակից գրողների ստեղծագործությունները, նշեց, որ ռուսերենը միշտ էլ եղել է հայ գրականության տարածման պատուհանը: Նա կարևորեց այն, որ գրքում ընդգրկվել են ոչ միայն շիրակցիներ, այլև Երևանում ապրող գրողներ, որոնց արմատները Շիրակից են: «Թարգմանչի նպատակը պիտի լինի լավագույն գրողին թարգմանելն ու ներկայացնելը»,- ընդգծեց ՀԳՄ նախագահը:
Բանաստեղծ Անուշ Վարդանյանը, ով նաև վարում էր շնորհանդեսը, արժևորելով թարգմանչի կատարած աշխատանքը, շեշտեց. «Նա կարողացել է այնպես անել, որ ինքը չերևա, մնա ստվերում և արտահայտի հեղինակին»:
Բանաստեղծ Ղուկաս Սիրունյանը փաստեց. «Դժվար է հավասար պահել երկու լեզու. երկու լեզու նշանակում է երկու մարդ, երկու մտածողություն, երկու աշխարհընկալում, բայց դրանք մեկտեղել և տիրապետել դրանց, իսկապես հերոսություն է»:
Բանաստեղծուհի Լիլիթը, շնորհակալություն հայտնելով նաև մոր` բանաստեղծուհի Մետաքսեի անունից, ում բանաստեղծությունները ևս ընդգրկվել են գրքում, արժևորեց հեղինակի տողին, բառին թարգմանչի հարազատ մնալու վարպետությունը:
Ելույթ ունեցան նաև Հովհաննես Զատիկյանը, գրքի հրատարակիչ Վան Արյանը, «Շիրակ» հ/մ նախագահ Վարազդատ Ավոյանը, արձակագիր Շնորհիկ Շահինյանը, բանաստեղծներ Ամալյա Կարսյանը, Լուսինե Աղաջանյանը: Գիրքը տպագրել է «Վան Արյան» հրատարակչությունը: Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Արա Գևորգյանը: