Հանդիպում ՀՀ Սփյուռքի նախարարությունում

Գրական թերթ/9 մարտի
Հանդիպում ՀՀ Սփյուռքի նախարարությունում
Մարտի 2-ին ՀՀ Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հանդիպումը ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ: Հանդիպման ընթացքում գրականությանն առնչվող ընթացիկ հարցերից բացի, քննարկվել են նաև այլ ծրագրեր: Մասնավորապես՝ մարտի 27-ին, Սփյուռքի նախարարության հետ համատեղ , ՀԳՄ Մեծ դահլիճում կնշվի Թորոս Թորանյանի 90-ամյակը: Հունիսի 14-ին՝ ստալինյան ռեժիմի բռնադատվածների օրը , Սփյուռքի նախարարության և ՀԳՄ-ի հետ համատեղ, դարձյալ ՀԳՄ Մեծ դահլիճում կազմակերպվելու է հիշատակի օր: Հարգանքի տուրք կմատուցվի Զապել Եսայանի, Վահան Թոթովենցի, Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի և մյուսների հիշատակին:
Հանդիպման ընթացքում ծրագրվել է հուլիսին կազմակերպել համահայկական երիտասարդական համաժողով, կհրավիրվեն երիտասարդներ Սփյուռքից: Քննարկման արդյունքում որոշվեց, որ պիտի հրավիրվեն նաև երիտասարդ գրողներ Սփյուռքի տարբեր համայնքներից:
ԳՄ-ում այդ առիթով կկազմակերպվեն հանդիպումներ:
Քննարկվեցին նաև Սփյուռքի տարբեր համայնքներում գրողների այցելությունների, հանդիպումների հարցեր:
Ի դեպ , ինչպես և խոստացվել էր, արդեն տպագրվել է 2017թ. հոկտեմբերի 8-12-ը Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը տեղի ունեցած «Ժամանակակից հայ գրողն ու գրականությունը 21-րդ դարի մարտահրավերների առջև» խորագրով Սփյուռքի հայագիր և օտարագիր հայ գրողների 6-րդ համաժողովի նյութերի «Դեպի ակունքը լույսի» ժողովածուն:
Բացի համաժողովում հնչած ելույթներից, գրքում ընդգրկվել են նաև սփյուռքահայ գրողներ Ս. Վահագնի, Սոնա Վանի, Ն. Լալալբեկյանի, Ա. Նագգաշյանի, Վարանդի, Շ. Տասնապետյանի, Պ. Ավետյանի, Տ. Գաբոյանի, Ա. Կիրակոզովի և այլոց ստեղծագործությունները: