Հայ պոեզիայի ճշմարիտ շարունակողը

Հայ պոեզիայի ճշմարիտ շարունակողը

Նոյեմբերի 5-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ սփյուռքահայ անվանի բանաստեղծ Զահրատի ծննդյան 90-ամյակին նվիրված գրական հանդիսություն: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը բացման խոսքում տեղեկացրեց, որ Զահրատի հոբելյանը որոշվել էր կազմակերպել դեռևս անցյալ տարվա մայիսին, քանի որ մայիսի 19-ին լրանում էր նրա 90-ամյակը, և այդ առթիվ բանակցություններ էին վարում բանաստեղծի կնոջ՝ Անաիսի հետ: Բայց քանի որ վերջինիս հարմար չէր այդ օրերին լինել Հայաստանում, միջոցառումը հետաձգվել էր: Խոսելով 60-ականներին «Գարուն» ամսագրում հրապարակվող Զահրատի բանաստեղծությունների մասին՝ Էդ. Միլիտոնյանը նշեց, որ այդ շրջանում մշակույթի տարբեր ասպարեզներում տեղի էին ունենում փոփոխություններ, և Զահրատը 60-ականների համար դարձել էր շատ սիրելի բանաստեղծ, ով նաև արդարացնում էր հայաստանյան երիտասարդական գրականության լինելությունը: Ապա անդրադառնալով Զահրատի պոեզիային՝ նա բնորոշեց. «Բանաստեղծություն, որ ձգտում է պարզության, բայց այդ թվացյալ պարզության մեջ հայտնվում են պարադոքսալ մտքեր, շրջասություններ, անսպասելի տողեր, որոնք ներսից լուսավորում են փոքրիկ բանաստեղծությունը՝ այն դարձնելով բանաստեղծական շողարձակում»: ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը փոխանցեց Սերժ Սրապիոնյանը, ապա հավելեց, որ Զահրատը հայ պոեզիայի այն ճշմարիտ շարունակողն էր, ում մասին սերունդը դեռ երկար պիտի խոսի: «Այս բանաստեղծը սրամիտ էր, երբեմն շատ միայնակ, հաճախ ընդվզող և իր խոսքի մեջ զարմանալի պարզ. և՛ նորարար էր բանաստեղծական խոսքում, և՛ շարունակում էր բերել հայ դասական բանաստեղծության լավագույն ավանդները մեր գրականության մեջ»,- ընդգծեց գրականագետը:
Սփյուռքահայ գրող Արամ Սեփեթճյանի ողջույնի խոսքը հրապարակեց ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը: Թորոս Թորանյանը կարդաց Զահրատին նվիրված իր բանաստեղծությունը: Ըստ գրականագետ Պետրոս Դեմիրճյանի՝ Զահրատի ինքնատիպության գաղտնիքը իր անհատական էությունն է, գրողի և մարդու ներաշխարհային ուրույն տեսակը, որի արմատները անքակտելիորեն կապված են իր, իր տոհմի և իր ազգի կենսագրությանը: «Անցած տասնամյակների ընթացքում շատերն են փորձել սպառիչ գնահատականներ տալ Զահրատի անձին ու գործին, բայց ճշմարտությանը մոտ են նրանք, ովքեր ընդգծել են նրա ստեղծագործական անհատականության ինքնատիպությունը՝ համարելով այն իսկապես նորարարական: Նրա պոետիկայում արտահայտման պարզություն կա, որը, սակայն, ենթադրում է նաև որոշակի հայացք կյանքին»,- ամփոփեց բանախոսը: «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Սուրեն Դանիելյանի հավաստմամբ՝ Զահրատը բարձր է պահել բանաստեղծության մեջ խոնարհ, փոքր մարդու կերպարը, բանաստեղծականացրել առօրյայի խորհուրդը: Նա Զահրատին և Զ. Խրախունուն համարեց պոլսահայ էպիկական նորագույն բանաստեղծության երկսայր գագաթները, ովքեր լրացնում են մեկը մյուսին, առարկաների խաղի և խտության, այլաբանական պատկերների կառույցի վարպետներն են. մեկը՝ անմիջականության ժողովրդական տաք բառուբանով, մյուսը՝ մտքի ծանրանիստ կառույցներով: «Պոլսի հայ բանաստեղծական դիմագիծը 60-ականներից այս կողմ շրջեց Զահրատը, երկատեց բառի միաշերտ ընկալումները, բառից այն կողմ կառուցեց նրա հզոր տարածական ենթախորքը, որի տակ որսաց և՛ հայրենիքը, և՛ թշվառ կեցության հեգնախառը ողբերգականությունը»,- հավելեց բանախոսը£ Զահրատի գործունեությունն ու գրականության զարգացման գործում ունեցած ավանդը արժևորեցին նաև կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, բանաստեղծ Արևշատ Ավագյանը:
Ասմունքող Սիլվա Կոմիկյանը (Պոլիս) ներկայացրեց Զահրատի պոեզիան: Հնչեցին բանաստեղծ Վահրամ Թաթիկյանի երգերը՝ գրված Զահրատի տեքստերով:
Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Զահրատի կինը՝ Անաիս Եալտըզճյանը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ