ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ «ԵԶԱԿԱՆ ՊԱՐՏԷԶԻՆ» ՊԱՐՏԻԶՊԱՆԸ

ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ «ԵԶԱԿԱՆ ՊԱՐՏԷԶԻՆ» ՊԱՐՏԻԶՊԱՆԸ
Աշխարհացունց տագնապալից այս օրերի մեջ ահա ևս մի ցավալի լուր՝ այլևս մեզ հետ չէ Պոլսո հայ պոեզիայի ինքնատիպ անհատականություններից մեկը՝ Զարեհ Խրախունին: Պոլսահայ գրական հրաշալի եռյակի՝ «երեք հրացանակիրների» (Գրիգոր Շահինյան) անբաժանելի անդամներից մեկը, որոնք «բարեկամներ էին կեանքի մէջ եւ խոհակիցներ՝ գրականութեան» և որոնք, անցյալ դարի կեսերին, մեծ ճիգերի ու պայքարների գնով, կարողացան շարունակել, զարգացնել ու դասական մակարդակի հասցնել վաղամեռիկ Կարպիս Ճանճիկյանի ու Հայկազուն Գալուստյանի սկզբնավորած ոչ միայն պոլսահայ, այլև սփյուռքահայ նորագույն պոեզիան ընդհանրապես:
Հաշիւով պիտի ընես ամէն բան…
…Կամաց դանդաղ անզգալի անշշուկ
ամէն օր ամէն վայրկեան
հաշիւով պիտի մեռնիս…
գրել է բանաստեղծը քերթվածներից մեկում: Բայց չէ՞ որ բանաստեղծի բառն ու խոսքը, բառարանային իմաստներից դուրս, բազում շերտեր ունի, որոնք խորն են այնքան, որքան խորն է գրողի հոգին: Եվ Խրախունու ասածը իրականում շեշտադրում է արվեստագետի Պատասխանատվությունը Կյանքի, Ժողովրդի և Մարդու հանդեպ: Ինչպես իր գրչեղբայր Զահրատը կասեր՝ «Ինչո՞ւ էիր աշխարհ եկել: Ի՞նչ հասկացար, ի՞նչ արեցիր, ինչո՞ւ»: Հայտնի է մեծն Թեքեյանի դասականացած պատասխանը՝ «Ի՞նչ մնաց, կեանքէն ինծի ի՞նչ մնաց. // ինչ որ տուի ուրիշին, տարօրինակ, այդ միայն»: Բայց մի՞թե բոլոր ճշմարիտ բանաստեղծներն էլ, ամեն մեկը յուրովի, նույնը չեն ավանդում: Ահա Խրախունին ևս, որ գրում է՝
Ես պարտիզպանն եմ այս եզական պարտէզին:
Առտու ցերեկ իրիկուն // կորաքամակ ու ծնրադիր հողերուն
խոտին բոյսին ծաղիկներուն ծառերուն
հոգ կը տանիմ օրն ի բուն…
Եվ դեռ խարիսխն է՝ այս կյանքի օվկիանի ալեկոծությունների մեջ, հազար-հազար այգիների տեսակ-տեսակ որթերի տերևների ու ողկույզների մեջ կորսված՝ «շուտ անուշցա՛ծ» խաղողի հատիկը, «ճամբու եզրին – արեւուն տակ» նստած քար տաշող վարպետը, որ դեռ չգիտի՝ սերունդներից պաշտվելիք ապագայի արձա՞ն է շինում, «քանդա՞կ մը նուրբ յոյսի լոյսի տաճարներու ճակատին», հայրենական ավանդներին կոթողված խաչքա՞ր, թե՞ «քար մը պարզ /… /արեւուն տակ միսմինակ»: Նա մի բանաստեղծ էր, որ լույսի ճամփաներ, լուսածառերի ծառուղիներ էր երազում մարդկանց համար, որ ուներ իր ժողովրդի ու հայրենիքի պաշտամունքը: Ժողովուրդ, որը թեև փոքրաթիվ, բայց հազվադեպ է հանճարի նման, հազվագյուտ՝ շողակնի և «հազարէն մէկ ընտրուած // հազարին մէկ գործածուած» դափնիի տերևի նման: Վերջապես, ժողովուրդ, որի զավակների բիբերի մեջ, աշխարհի ո՛ր ծայրում էլ լինեն, խորն է սևեռված սուրբ լեռան պատկերը՝
…որմէ որքան կը հեռանանք այնքան կը զգանք թէ իրն ենք
որուն որքան կը մօտենանք այնքան կը զգանք թէ ինչ ենք:
Ռոպեր Հատտեճյանը, տարիներ շարունակ պտույտներ կատարելով հայ բանաստեղծության պարտեզի մեջ, նկատում է, թե «այս պարտէզը սովորական պարտէզի չի նմանիր: Անգամ մը ծաղկած է, այլեւս կը մնայ: /…/ Մարդիկը կ’անցնին կ’երթան, պարտէզը կը մնայ: Եւ քանի որ կը մնայ, օր մը անպայման մարդիկ դարձեալ կը սկսին մտնել հոնկէ ներս: /…/ Փառք ու պատիւ բոլոր այն բանաստեղծներուն, որոնք մեր ժողովուրդը ազնուացուցին իրենց արուեստով ու ներշնչումներով»: Եվ ապա ավելացնում՝
« …Կ’արժէր որ ամէն Կիրակի, Ս. Պատարագի ընթացքին, Պատարագիչ մը իր սովորական աղօթքին մէջ յիշէր նաեւ մեր գրականութիւնը եւ ըսէր.
Տէ՜ր, փրկէ ազգս հայոց,
եւ պահէ, պահպանէ պարտէզը՝ ազգիս բանաստեղծութեան»:
Պարտեզ, որի հավերժական բնակիչներից է այլևս անկրկնելի Զարեհ Խրախունին, ով իր զուլալ ու անխարդախ քնարով մշտապես մնալու է մեր ժողովուրդը ազնվացնող քերթողներից մեկը:
Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ