ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ

«Հասարակական գիտակցության արդիականացում» պետական Ծրագրի ձևաչափով լույս է տեսել Ղազախստանի նոր մայրաքաղաքի 20-ամյակին նվիրված պոեզիայի Միջազգային փառատոնի անթոլոգիան՝ «АҚ ОРДАЛЫ – АСТАНА» («ՃԵՐՄԱԿԱԹԵՎ ԱՍՏԱՆԱ») խորագրով:
Ղազախ անվանի բանաստեղծների հետ միասին այն ընդգրկում է Ռուսաստանից, Ղրղզստանից Ֆրանսիայից, Ֆինլանդիայից, Չինաստանից, Լեհաստանից հրավիրված գրողների ստեղծագործությունները:
Այստեղ երեք լեզուներով ներկայացված է Գագիկ Դավթյանի բանաստեղծությունների պատկառելի շարքը, նրա զրույցը գրականագետ Բաղաշար Թուրսունբայուլիի հետ ՝ «Միմյանց թարգմանելով մենք ճանաչում ենք աշխարհը» խորագրով, որը նախապես տպագրվել էր «ЕGEMEN QAZAQSTAN» («ԻՆՔՆԻՇԽԱՆ ՂԱԶԱԽՍՏԱՆ») թերթում, ինչպես նաև «Ղազախստանը ինձ վերադարձրեց զարմանալու զգացումը» վերնագրով երկրից ստացած նրա տպավորություններն ամփոփող հոդվածը:

Անթոլոգիայի հետ գրեթե միաժամանակ Ալմաթիում հրատարակվել է «ՂԱԶԱԽՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ» գրական ամենամյա ալմանախի չորրորդ թողարկումը՝ նույնպես նվիրված Աստանայի 20-ամյակին:
528 էջ ծավալով և 5000 տպաքանակով տարեգիրքը, որ ամբողջությամբ անվճար հատկացվել է Ռուսաստանի և Ղազախստանի գրադարաններին, ներկայացնում է Եվրասիայի սրտում նոր մայրաքաղաքի ստեղծման պատմությունը՝ արտացոլված Աստանայի և Ալմաթիի, Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի, ռուս-ղազախական սահմանին մերձակա Աստրախանի, Սամարայի, Ուրալսկի, Օրենբուրգի, Օմսկի, Պավլոդարի, Ուստ-Կամենոգորսկի, Բառնաուլի, Բիյսկի գրողների բանաստեղծական և արձակ գործերում:
Ծավալուն մի բաժնում աշխարհի ժողովուրդների լեզուներով ներկայացված են Աստանայում կայացած պոեզիայի Միջազգային փառատոնի մասնակիցների բանաստեղծությունները: Նկարազարդ այս հրատարակությունը նույնպես իր էջերը շռայլորեն տրամադրել է Գագիկ Դավթյանի ստեղծագործությանը:
Հիշեցնենք, որ հայ բանաստեղծը Աստանայում արժանացել է Եվրասիական մշակութային հիմնադրամի ՊՈԵԶԻԱՅԻ ԽՆՁՈՐ և Ղազախստանի մշակույթի և սպորտի նախարարության ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՀԵԾՅԱԼ մրցանակներին:

Սեփ. լրտ.