ՀԱՅ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ

ՀԱՅ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ
2015 թ. սկզբին Բուենոս Այրեսի «Լեչո ատոմիկո» հրատարակչությունը հրատարակեց Լևոն Խեչոյանի և Հովհաննես Երանյանի պատմվածքների ժողովածուն` «Լարն աննկատ էր խոտերի մեջ» խորագրով (նախադասությունը վերցրել են Հ. Երանյանի պատմվածքից): Հետաքրքիր է գրքի հետագա ճակատագիրը. այն արագ տարածվեց գրական շրջանակներում, իսկ թատրոնի ռեժիսոր, դրամատուրգ, բեմադրիչ Կառաչոլլոն, Հ. Երանյանի պատմվածքներին հավելելով գրքի խմբագրի` Աննա Արզումանյանի ստեղծագործությունից մի հատված, բեմականացրեց: Ապա «Պապերու մեկ դար ունեմ» պիեսը ներկայացվեց մրցույթի: Բուենոս Այրեսի «Արդարության թատրոնը» բեմադրում էր միայն մրցույթում հաղթած ներկայացումներ: Հանձնաժողովը որոշում ընդունեց բեմադրել պիեսը՝ ձեռք բերելով հեղինակային թույլտվություն:
Ապրիլի 28-ին պիեսի առաջնախաղին ներկա գտնվելու հրավիրվեց Հովհաննես Երանյանը: Այցը համընկավ Բուենոս Այրեսում գրքի ցուցահանդես-փառատոնին: Հ. Երանյանը ներկայացրեց հայկական տաղավարը` հայ գրականությունը, նաև ներկա եղավ պիեսի առաջնախաղին: Ցուցահանդեսի շրջանակում եղան բազմաթիվ հանդիպումներ գրական հիմնադրամներում, հայկական համայնքի հետ, դասախոսություններ Իրավաբանական համալսարանում և այլն: