Հաղթական մայիս

Հաղթական մայիս
Մայիսի 23-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի Հայոց ազ•ա•րության և ազատագրական պայքարի պատմության ազգային թան•արանում մեկնարկեց ՀԳՄ նախաձեռնությամբ կազմակեպված “Հաղթական մայիս” պոեզիայի փառատոնը, որի նպատակն էր ժամանակակից սերնդին հիշեցնել պատմական կարևորագույն իրադարձությունների՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի մասին և արժևորել Սարդարապատի 100-ամյակը:
ՀԳՄ նախա գահ Էդվարդ Միլիտոնյանը, անդրադառնալով Սարդարապատի ճակատամարտին, նշեց, որ այն իր կարևորությամբ հայ ժողովրդի ամենավառ ու ամենածանր էջերից մեկն է: “Ծանր, որովհետև բախտորոշ էր, թշնամին համարյա Երևան էր հասնում, և հաղթանակը հենց նրանով էր կարևոր ու նշանակալի, որ հայ ժողովուրդն իր փոքրաթիվ աշխարհազորայիններով կարողացավ կանգնեցնել հակառակորդին ու հաղթանակ տանել ավելի հզոր թշնամու դեմ”,- ասաց նա և ընդգծեց, որ ներկա ու գալիք սերունդների ապագան խարսխվելու է այդ հաղթանակի վրա: Ամփոփելով խոսքը՝ Էդ. Միլիտոնյանը հավելեց. “Սարդարապատը նաև դարերի մեջ կռած մեր հաղթանակների, խիզախությունների հուշարձան է”:
Թանգարանի տնօրենի գլխավոր խորհրդական, գրող Դավիթ Սարգսյանը, ընդգծելով Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի կարևորությունն ու հայոց պետականության վերականգնման պատմական նշանակությունը, միաժամանակ արժևորեց բանաստեղծական խոսքը, որի միջոցով գրողները հասարակության մեջ բարձր արժեքներ են սերմանում:
Ռաֆայել Սահակյանի հավաստմամբ՝ Սարդարապատի հերոսները, որ հավերժացան, հայ ժողովրդի պատմության էջերում թողեցին փառապսակ մի իրողություն, որի մասին դեռ շատ պիտի խոսվի, որովհետև՝ “…հավերժության ճամփորդները հավերժական ճանապարհը գնալու են ընդմիշտ, և դա առաջ է տանելու մեր ժողովուրդը”,- ասաց նա:
Լևոն Բլբուլյանը նկատեց, որ ինչպես ցույց է տալիս ժամանակը, մայիսը իսկապես հաղթանակների, ոգեղեն զարթոնքի, համախմբման ամիս է: “Այդ համախմբումը նաև պոեզիայի միջոցով է տեղի ունենում, և այդ ոգեղեն ուժը նաև բանաստեղծությունն է հաղորդում բոլորիս”,- վստահեցրեց նա:
“Սարդարապատը հրաշք է այն առումով, որ թեև 1915 թ. թուրքերը մի ամբողջ ազգ ցեղասպանության ենթարկեցին, արմատախիլ արեցին, սակայն ընդամենը մի քանի տարի անց հայ ժողովուրդը ուժ, կարողություն ունեցավ պաշտպանելու այս մի բուռ հողը, որովհետև գիտեր՝ եթե այդ հողը չպաշտպաներ, այլևս չէր լինելու ինքը, չէր լինելու լեզուն, չէր լինելու հայության ինքնությունը”,- ասաց Գրիգոր Ջանիկյանը: Անդրադառնալով Արցախյան ազատամարտին, Շուշիի ազատագրմանը՝ նա նշեց, որ Սարդարապատը մեր պատմության հաղթարշավի սկիզբն էր, որը շարունակվեց նաև մյուս հերոսամարտերում: “Մեր ազգային ինքնության պայքարը շղթա է` սկսվել է Սարդարապատում, շարունակվել Արցախում, պիտի շարունակվի Նախիջևանում և ավարտվի Արևմտյան Հայաստանում”,- հույս հայտնեց Գր. Ջանիկյանը:
Ըստ Շանթ Մկրտչյանի`գրականությունն օժտված է կանխագուշակման մեծ ուժով: “Եթե կարդանք մեր դասականների, ժամանակակիցների գործերը, կտեսնենք, որ իրադարձությունները կանխագուշակվում են բանաստեղծությունների մեջ, և այդ շեշտերը կարող են մեզ համար կողմնորոշիչ լինել”, – ասաց նա և հավելեց, որ առանց հաղթանակների ժողովրդի համար չկա կյանք, կեցություն և շարունակություն:
Հերոսական մեր անցյալը խորհրդանշող Սարդարապատի հուշարձանախմբի կառուցման պատմության, մղված հերոսամարտերի ու հայ ժողովրդի տարած հաղթանակների` այդ թվում նաև Ավարայրի, Շուշիի, ապրիլյան մարտերի, արժեքներ և ոգեղենություն կրող առաջամարտիկների մասին խոսեցին ու թեմատիկ բանաստեղծություններ կարդացին նաև Արևշատ Ավագյանը, Վարուժան Խաստուրը, Արսեն Համբարյանը, Գագիկ Դավթյանը, Հերմինե Նավասարդյանը, Անուշ Վարդանյանը, Անահիտ Դանիելյանը, Կորյուն Առաքելյանը, Ժաննա Աբրահամյանը և ուրիշներ:
Հնչեցին նաև հայրենասիրական երգեր Գևորգ Հաճեանի, Արսեն Համբարյանի, Հրաչյա Սաֆարյանի կատարմամբ: