ԿՈՉ

ԿՈՉ

Աշխարհի բարի կամքի տեր մարդկանց, ժողովուրդների անկախության, ազատության ջատագով մտավորականներին, մշակութային գործիչներին, գրողներին և արվեստագետներին

Դարձյալ պատերազմ է հայոց ազատատենչ Արցախի հողում… Սեպտեմբերի 27-ի վաղ լուսաբացից շարունակվում են թեժ մարտերը ադրբեջանա-արցախյան սահմանային գոտու ողջ երկայնքով։ Այս անգամ՝ ավելի՛ լայնամասշտաբ, ժամանակակից գրեթե բոլոր զինատեսակների օգտագործմամբ։ Ադրբեջանական իշխանությունների սանձազերծած այս նոր վտանգավոր արկածախնդրությունը միանգամայն սպասելի էր՝ նկատի ունենալով մշտապես կիրառվող և վերջին շրջանում սաստկացած ռազմատենչ հռետորաբանությունը, որն այս անգամ ոչ միայն անուղղակիորեն հրահրվում, այլև անմիջականորեն սատարվում է Թուրքիայի ղեկավարության կողմից՝ ռազմական և այլ միջոցներով, բացահայտ մասնակցության որոշակի իրողություններով։ 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի ցեղասպանությունն իրագործած և մինչ օրս այն չճանաչող ու մերժող Թուրքիան, ըստ էության, շարունակում է իր հակահայ քաղաքականությունը՝ սեփական հողն ու հայրենիքը պաշտպանող ժողովրդի հանդեպ կատարած նախկին հանցագործությունները մոռացնել տալու համար։ Ակնհայտ է նաև այն անթաքույց արհամարհանքը, որ դրսևորում է Ադրբեջանի ղեկավարությունը արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ջանքերի նկատմամբ՝ գերի մնալով իր մաքսիմալիստական նպատակներին, մերժելով ուժայինից բացի որևէ այլ տարբերակ։ Ընդ որում՝ ձեռագիրը նույնն է՝ հարձակում անզեն, խաղաղ բնակչության ու բնակավայրերի վրա, սիրիական պատերազմների մասնակից ահաբեկչական խմբերի, օտար վարձկանների ներգրավում…

Սակայն ոսոխը պետք է լավ իմանա, որ ոչ մի ուժ ու սպառնալիք չի կարող կոտրել արցախահայության, Հայաստանի Հանրապետության և աշխարհասփյուռ հայության ազատատենչ ոգին, Հայրենիքի և Արցախի միասնական դիմադրական կամքն ու վճռականությունը, ոչ մի ագրեսիա անպատիժ չի մնալու։

Հայաստանի գրողների միությունը, ինչպես միշտ, սատար է հայկական բանակին, նրա հերոս զինվորներին ու հրամանատարներին, հայ ժողովրդի մարտական ոգուն և հավաքական ուժին։

Վստահ ենք, որ միջազգային կառույցների և ազդեցիկ ուժերի միջամտությունը, ի վերջո, տալու է իր արդյունքը, հանցագործը ստանալու է իր գործողությունների քաղաքական և իրավական գնահատականը՝ նրան վերադարձնելով հիմնախնդրի լուծման միակ ճիշտ՝ բանակցությունների սեղանի մոտ։

Հավատացած ենք, որ դրանում մեծ է նաև հումանիտար հանրության դերը։

Հայաստանի գրողների միությունը դիմում է աշխարհի բարի կամքի տեր մարդկանց, ժողովուրդների անկախության, ազատության ջատագով մտավորականներին, մշակութային գործիչներին, գրողներին և արվեստագետներին՝ իրենց ձայնը բարձրացնելու ընդդեմ սեփական հողի վրա իր խաղաղ կյանքը կերտող Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի նկրտումների, որոնք հղի են տարածաշրջանային և միջազգային լայնամասշտաբ հակամարտության վերածվելու իրական վտանգով։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ