Կարո Մելիքսեթյան

Կարո Մելիքսեթյան

Կյանքի 78-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ, 1969 թվականից Հայաստանի գրողների միության անդամ Կարո Մելիքսեթյանը:
Կ.Մելիքսեթյանը ծնվել է 1938 թ. Ալավերդու շրջանի /այժմ՝ ՀՀ Լոռու մարզ/ Ղաչաղան /այժմ՝ Արևածագ/ գյուղում: Սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում, Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի երկամյա գրական բարձրագույն դասընթացներում: Աշխատել է ,,Գարուն,, ամսագրում, հայկական հեռուստատեսությունում, ՀԳՄ Ալավերդու և Կոտայքի գրական միավորումներում:
Կ.Մելիքսեթյանը հեղինակել է մեկ տասնյակից ավելի բանաստեղծական ժողովածուներ, այդ թվում՝ ,,Ադամամութ,, /1968/, ,,Ոսկե ափ,, /1978/, ,,Ոսկե փեթակ,, /1984/, ,,Յոթանասունյոթ վարդ,, /2000/, ,,Ոգի և հիշողություն,, /2002/, ,,Նավը փրփուրի վրա,, /2007/… Թարգմանություններ է կատարել լիտվական պոեզիայից:
Կ.Մելիքսեթյանը արժանացել է Հայաստանի երիտասարդական 2-րդ փառատոնի դափնեկրի կոչման, ,,Էրեբունի-Երևան,, մրցանակաբաշխության, մի շարք թերթերի կողմից սահմանված մրցանակների, ՀԳՄ ,,Գրական վաստակի համար,, մեդալի:
Յուրատիպ բանաստեղծի, նրբաճաշակ թարգմանչի, բազմափորձ լրագրողի, պարզապես լավ մարդու և գործընկերոջ՝ Կարո Մելիքսեթյանի, հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների, մտերիմների և նրա պոեզիայի բազմաթիվ ընթերցողների սրտերում:
Հայաստանի գրողների միության վարչություն

Կ. Մելիքսեթյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 3-ին, ժամը 18.00-ին ,,Մատուռ,, սգո սրահում /Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հարևանությամբ/:
Հուղարկավորությունը՝ մարտի 4-ին, նույն հասցեից: