Կամար` Սփյուռքի և Հայրենիքի միջև

Կամար` Սփյուռքի և Հայրենիքի միջև
Սեպտեմբերի 2-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ ցերեկույթ` նվիրված Լիբանանի «Կամար» հանդեսի 25-ամյակին: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը բացման խոսքում ընդգծեց, որ Լիբանանը Մերձավոր Արևելքի այն երկիրն է եղել, որտեղ եղեռնից հետո մշտապես գործել է հայկական գաղութը, ծաղկել է գրական, հասարակական, մշակութային կյանքը: Ապա արժևորելով Ժիրայր Դանիելյանի խմբագրապետությամբ լույս տեսնող «Կամար» ամսագրի գրական-մշակութային մեծ դերը` անդրադարձավ հանդեսի 25-րդ համարին: ՀԳՄ նախագահը նշեց, որ «Կամարի» հիմնարկեքը եղել է տասը տարի առաջ և այդ տարիների ընթացքում հանդեսի էջերում ընդգրկվել են և՛ տեղի գրողները, և՛ հարևան երկրների` Սփյուռքի գրողները, և՛ հայաստանյան գրողները:
Խմբագրության անդամ, արձակագիր Արամ Սեփեթճյանը տեղեկացրեց, որ «Կամարից» առաջ կար «Շիրակ» ամսագիրը, որը հանգամանքների բերումով դադարեց լույս տեսնել: «Մենք ուզեցինք կամար հաստատել Սփյուռքի և Հայրենիքի միջև և այնպիսի բովանդակություն տալ, որ իր ուղղությամբ լինի լիովին անկախ գեղարվեստական-գրական պարբերական, ծառայի հայ ժողովրդին»,- ասաց նա: Ըստ ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանի` մի կողմից ցավալի է, որ համայնքը քայքայվում է, բայց մյուս կողմից էլ գնահատելի է, որ գրական ուժերը գալիս են Հայաստան և այստեղ շարունակում իրենց գործունեությունը: Նա «Կամարի» ճակատագիրը, որն ըստ էության, շարունակությունն է «Շիրակ» հանդեսի, համեմատեց հայի ճակատագրի հետ և բարի երթ ու շարունակություն մաղթեց «Կամարին»: Ելույթ ունեցան նաև արձակագիր Նորայր Ադալյանը, բանաստեղծ Ղուկաս Սիրունյանը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ