ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ – 2017

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ – 2017
Հունիսի 7-ին Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը մեկնարկեց երիտասարդ գրողների 15-րդ համաժողովը` «Գրականություն և հայրենիք» խորագրով, որին մասնակցում էին երիտասարդ ստեղծագործողներ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ողջունելով և ներկայացնելով մասնակիցներին, նշեց, որ այս տարի ծրագիրը կազմակերպվել է Գրողների միության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցներով: Կարևորելով կապը նախորդ սերունդների հետ` ՀԳՄ նախագահն ընդգծեց. «Եթե ավագ և երիտասարդ գրողների շղթայական կապը չլինի, միմյանց չենք ճանաչի»: Ապա անդրադառնալով երիտասարդների տպագրման խնդրին` նա արժևորեց գրական մամուլի («Ցոլքեր», «Նարցիս», «Գրեթերթ», «Անդին», «Գրական թերթ», «Նորք», «խՌՑպՐՈՑցՐվՈÿ ԸՐՎպվՌÿ», Վանաձորում հրատարակվող «Երկունք», Շիրակում` «Եղեգան փող», Կոտայքում` «Ոգու կանչ») դերը, որոնք ներկայացնում են երիտասարդ գրողների ստեղծագործությունները` շեշտելով, որ ամեն մի ամսագիր ու թերթ ունի գրողների իր շրջանակը, իր համախոհները: Էդ. Միլիտոնյանն անդրադարձավ նաև թարգմանական ծրագրերին, որոնց մեջ երիտասարդ հեղինակներն անպայման ներգրավվում են: Խոսելով պետաջակցության ծրագրերից` Էդ. Միլիտոնյանն ասաց. «Պետական այրերը պետության առաջնահերթությունների մեջ պիտի կարողանան տեսնել գրականության խնդիրները, եթե չեն տեսնի, դա մեր և իրենց թերությունը կլինի, իսկ եթե տեսնեն, ուրեմն գիտակցում են հայ մշակույթի կարևորությունը»:
Գրականագետ Աելիտա Դոլուխանյանը «Հայրենասիրության պատգամաբերն առաջին հերթին հայ գրողն է» խորագրով զեկույցում նշեց, որ դեռևս 5-րդ դարում հայ քրիստոնեական գրականության առաջատար թեման ազգային մտածողությունն ու սերն էր առ հայրենիք: Նրա հավաստմամբ` առողջ հայրենասիրության մասին, այնպիսին, որը չի ոտնահարում այլ ժողովուրդների շահերը, չունի ագրեսիվ ուղղվածություն, մեզ պատգամել է Մ. Խորենացին իր «Հայոց պատմության» մեջ: Ապա անդրադառնալով Արցախի պրոբլեմին` Ա. Դոլուխանյանը նկատեց, որ այն նաև Հայաստանի խնդիրն է, այն 1915 թ.-ի շարունակությունն է: «Այս երևույթը քաջ գիտակցում են այսօրվա հայ գրողները` խնդրին նվիրելով գրական ամենատարբեր ժանրերով հետաքրքիր գեղարվեստական քերթվածներ»,- ասաց նա` միաժամանակ փաստելով, որ թեև հայրենասիրության մասին գրում են շատերը, սակայն իսկական գեղարվեստի շարքում դասվում են քչերը: Այս առումով, նա երիտասարդների համար պարտադիր համարեց շատ կարդալը, հայ և համաշխարհային դասականների գործերի ընթերցումը, համաշխարհային և հայ արվեստի գործերին խորապես ծանոթանալը: Ամփոփելով խոսքը` բանախոսը ցանկություն հայտնեց, որ այսօրվա երիտասարդ գրողների մեջ լինեն այնպիսիք, որոնց գործերը թարգմանվեն աշխարհի տարբեր լեզուներով:
ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը ցավով փաստեց, որ նախկինում անվերապահորեն ընդունվող ազգային գաղափարների հանդեպ անկախության առաջին տարիներին ձևավորվեց ժխտողական վերաբերմունք, որը նկատվեց նաև հետխորհրդային և հետսոցիալիստական պետություններում: «Ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, արժեքների համակարգերը խարխլվեցին, և ամենապարզ արժեքային համակարգը, որը թվում էր՝ ճշմարիտ է, հանկարծ դառնում է կեղծ կատեգորիա»,- ասաց նա և հավելեց. «Այսօր պատմությունն ինքը պահանջ ունի արտահայտվելու: Արցախյան գոյամարտը, արտագաղթը, տարբեր խնդիրներ շարունակական երևույթ են, հայ գրողը չի կարող իրեն դուրս դնել այդ ամենից: Ամեն ժամանակ ինքն է պարտադրում հայ գրողին, և նա չի կարող խուսափել դրանից»:
Արտեմ Հարությունյանը երիտասարդներին կոչ արեց ոչ թե հայրենասիրության դրոշ բարձրացնել ու վազել հանդերձյալ աշխարհ մեկնողներին ընդառաջ, այլ ուժեղացնել էքսպերիմենտները: «Դա այն արահետն է, որի շնորհիվ, հավասարակշռություն պահպանելով, գալիս եք դեպի մեծ գրականություն, դեպի հայրենի գրականություն, դեպի սրբացած հողատարածքները: Մարդը այնժամ է դառնում հայրենասեր, երբ իր նախասիրությունները, հակումները, կրքերը կարողանում է հյուսել, ձուլել բոլոր արվեստներից ամենադժվար նյութի՝ խոսքի հետ, որովհետև խոսքը մեզնից յուրաքանչյուրի մոտ տարբեր մտապատկերներ է առաջացնում, որոնք մեզ մղում են տեսակավորելու մեր գոյության օրերը»,- ասաց նա:
Ըստ Գուրգեն Խանջյանի` այսօրվա համաշխարհային մեծ քաղաքականությունը այս աշխարհում ամեն ինչ տանում է համահարթեցման: «Շատ դժվար է այսօր ստեղծել ազգային պետություն, ազգային գրականություն, երբ այդ գաղափարախոսությունը տարածվում է ամբողջ աշխարհում»,- ասաց նա և անդրադարձավ լեզվի խնդրին` փաստելով, որ հայերենը դուրս է մղվել, ասես անցած էտապ լինի: Այս առումով, նրա կարծիքով, երիտասարդների առջև մեծ խնդիր կա՝ պահպանել ազգային երկիր, պահպանել լեզու, պահպանել ազգային գրականություն: «Հատկապես Հայաստանի համար դա պահպանելը մեզ համար մեր գոյությունը պահպանելու նշանակություն ունի»,- ամփոփեց նա:
Հերմինե Նավասարդյանը «Գրականություն և հայրենիք» խորագրով զեկույցում շեշտելով, որ գրականությունը դարերի մեջ հայրենիք է կերտում, հայրենիքը` գրականություն, նշեց, որ Մաշտոցի, Խորենացու, Նարեկացու, Թումանյանի, Վարուժանի, Սիամանթոյի, Չարենցի, Տերյանի, Մաթևոսյանի ստեղծած հոգևոր Հայաստանը ապրեցնում է և ուղենշում երկիրը: Անդրադառնալով գրականությանը` նա ընդգծեց. «Բարձր պիտի լինեն մեր գրականության սյուները համաշխարհային գրականության բարձր արժեքներին հաղորդակցվելու համար»: Հ. Նավասարդյանի կարծիքով՝ երկրի մեծ թե փոքր լինելը հարաբերական է, հիմքում մեկ լեզու է: Եվ օտարերկրացու համար Հայաստանն ու հայերենը նույնքան հետաքրքիր են, որքան մեզ համար այլ երկիրն ու լեզուն:
Անուշ Վարդանյանը ամենադժվար թեման համարեց հայրենասիրությունը: «Հայրենասիրությանը բնորոշ բառերը գրողը պիտի մաքրի, լվանա, թարմացնի և ներկայացնի նոր լույսի ներքո, իր մտքի, հոգու տեսանկյունից: Երբ հեղինակը բառերը կրկնում է մեխանիկորեն, հայրենասիրությունը կորչում է»,- ասաց նա:
Անահիտ Մարգարյան-Անտոնյանի հավաստմամբ` թեև իր սերունդը ապրում է պատերազմական երկրում, բայց ամեն պահ չի զգում պատերազմի առկայությունը: «Կան դրոշակի պես բառեր, որոնք ասոցացվում են հայրենասիրության հետ, բայց մեր սերունդը հայրենիքի ցավ չի զգում»,- ասաց նա և կարծիք հայտնեց, թե գուցե դա է պատճառը, որ հայրենասիրության թեման ավելի շատ արտահայտված է արցախցի հեղինակների ստեղծագործություններում: «Գուցե նման զգացողություններն են պակասում մեր սերնդին` հայրենիքի գիտակցությունը ճիշտ ձևավորելու համար»,- ամփոփեց նա:
«Ինչքան էլ ռազմահայրենասիրական թեմաներից խոսենք, պետք է կենտրոնանանք, որ գրականությունը մարդու խնդիր է արծարծում, ոչ թե ազգի ծրագիր է իրականացնում»,- նկատեց Շանթ Մկրտչյանը: Նրա կարծիքով` ավելի լավ է չգրել այդ թեմայով, քան վատ գրել, իսկ դպրոցներում, մանկապարտեզներում հայրենասիրության թեմայով կազմակերպված հանդեսները խաթարում են բուն գաղափարը: Հայրենիքը փառաբանելու, գովք անելու և ներբողի վերածելու համար ձև պետք է գտնել: «Լավագույն, բարձրագույն նմուշները իր սրտի մեջ կրելու դեպքում միայն կարելի է վերակերտել սեփական հուշարձանը` նվիրված հայրենիքին»,- ասաց Շ. Մկրտչյանը:
Համաժողովի երկրորդ օրը Արմեն Ավանեսյանը կարդաց իր զեկույցը` «Հայրենիքից զուրկ բանաստեղծություն» խորագրով, որտեղ մասնավորապես նշեց, որ ի տարբերություն 1950-ական թվականների, երբ բանաստեղծության մեջ նոր թափ էր ստացել հայրենասիրական թեմատիկան, 1991-ի անկախությունից հետո բանաստեղծություններում նոր տեսք ու նոր բովանդակություն է ստանում հայրենիքի պատկերը: Երկրորդական պլան է մղվում հայրենասիրական պոեզիան: Ա. Ավանեսյանի դիտարկմամբ` ներկայիս բանաստեղծները հայրենիքն արտահայտում են մի քանի պատկերաձևերով. ավանդական` վերացարկված, առօրյայից զուրկ, դրսից դիտվող հայրենիք, կենսատարածք, որտեղ ապրում է հեղինակը, պատերազմող երկիր, բնապատկերային մոզաիկա և հայրենիքի բացակայություն: Ապա հանգամանորեն անդրադարձավ Գեմաֆին Գասպարյանի, Արմեն Սարգսյանի, Դավիթ Մշեցու, Տալիթայի, Արամ Մամիկոնյանի, Ռազմիկ Գրիգորյանի, Գոռ Հարությունյանի նոր լույս տեսած գրքերին ու դրանցում արտահայտված հայրենիքի պատկերին: Ամփոփելով խոսքը` նա հարկ համարեց նշել, որ հայրենիքի բացակայությունը և ընդհանրական զգացողությունների պատկերը գերակշռում են այսօրվա երիտասարդ բանաստեղծների ստեղծագործություններում:
Աշոտ Գաբրիելյանի կարծիքով` այսօրվա գրողը ավելի շատ է հայրենիքի մասին գրում, սակայն փոխված մոտեցումով: Այսօրվա բանաստեղծն արդեն գրում է հայրենիքի մասին՝ որպես այդ պետության տիրոջ, այսինքն՝ հայրենիքը, որ նախկինում անմարմին էր, հիմա դարձել է պետություն, և դրա քաղաքացին է գրողը: Նա իր բանաստեղծությամբ կերտում է այդ հայրենիքը: «Այսօր մեր պոեզիայում հայրենիք բառը չկա, և դա լավ է, որովհետև գրողն իր երակներով կապվում է պետության ամեն մի բջջի հետ և դառնում մի մարմին, հենց այդ պետության գաղափարի շուրջ պետք է խոսենք»,- նշեց Ա. Գաբրիելյանը:
Արցախցի բանաստեղծուհի Սոնա Համբարձումյանը պետության համար կարևորեց տարածքը, բնակչությունը և իշխանությունը: «Մենք, որ կազմում ենք այդ պետության բնակչությունը, հենց մեր ապրելով, հայրենիքի ներսում արարելով, այդ տարածքը շենացնելով ենք հայրենասիրություն դրսևորում»,- նշեց նա:
Նառա Վարդանյանի կարծիքով՝ ավագ սերնդից ոմանք խուսանավում են պետություն և հայրենիք նույնականացումից:
Դավիթ Մշեցու համար հայրենասիրությունը ասոցացվում է ինքնասիրության հետ: Նրա հավաստմամբ՝ հայրենասիրությունից պետք չեն շատ խոսել, որովհետև դա ավելի շատ վնասում է: Թե՛ պատերազմական իրավիճակում, թե՛ խաղաղ պայմաններում, թե՛ քաղաքացիական կյանքում բոլորը բարձրագոչ ճիչեր, ճառեր են ասում, բայց երբ գալիս է կոնկրետ քաղաքական խնդիր լուծելու պահը, գործնականում չկան: «Ամեն մեկն իր ոլորտում թող ունենա ինքնասիրություն, կարողանա պաշտպանել ու զարգացնել իր կենսատարածքը, որտեղ ինքը լավ է զգում, այդ դեպքում կունենանք հզոր երկիր, հզոր պետություն»,- վստահեցրեց նա: Դ. Մշեցու կարծիքով՝ ստեղծված յուրաքանչյուր լուրջ արժեք, որը աշխարհին ներկայանալի կլինի, արդեն հայրենասիրություն է:
Շանթ Մկրտչյանը՝ ի պատասխան Ն. Վարդանյանի, նշեց, որ պետության շատ մեղքեր գրողը չի ուզում վերցնել իր վրա: «Գրողների օտարվածության պատճառը թերևս սա է, օտարվածություն հասարակությունից, պետությունից, հայրենիքից: Ամենավտանգավորն այն է, որ հայրենիքից օտարվածությունը մտնում է գրականություն»,- ասաց նա:
Արթուր Մեսրոպյանը կոչ արեց ոչ թե սիրել հայրենիքը, այլ պարզապես տեր կանգնել հայրենիքին: «Սփյուռքահայի սիրելը, ըստ էության, ոչինչ չի փոխում այսօր Հայաստանի Հանրապետության սահմանին կանգնած զինվորի կյանքում: Գիտակցված կերպով Հայաստանը սիրելը Հայաստանին տեր կանգնելն է»,- ընդգծեց նա:
Ըստ Անի Հովնանի՝ հայրենասիրությունը և պետությունն ընկալվում են ոչ թե պատերազմի պաթոսով, այլ խաղաղ պայմաններ ունենալու ցանկությամբ:
Հայրենիք գաղափարի և գրականության մեջ դրա արտահայտման, գրողի քաղաքացիական կեցվածքի շուրջ քննարկումներ ծավալեցին Էդվարդ Միլիտոնյանը, Աելիտա Դոլուխանյանը, բանաստեղծ, թարգմանիչ Սուրեն Դավթյանը, Արտեմ Հարությունյանը, Երվանդ Վարդանյանը, Անահիտ Մարգարյան-Անտոնյանը, Անի Հովնանը:
Այնուհետև տեղի ունեցան գրական ընթերցումներ: Արթուր Մեսրոպյանը, Անի Ամսեյանը, Դավիթ Մշեցին, Անահիտ Մարգարյան-Անտոնյանը, Աշոտ Գաբրիելյանը, Արման Թովմասյանը, Մանուշակ Քոչարյանը, Սրբուհի Խաչատրյանը, Մարիամ Սարգսյանը, Տաթև Ոսկանյանը, Սոնա Համբարձումյանը, Լուսին Ղազարյանը, Տալիթան, Աիդա Հարությունյանը, Մելիք Միքայելյանը, Արփի Վարդանյանը կարդացին իրենց բանաստեղծություններից, որոնց շուրջ ծավալված մտքերի փոխանակությանը մասնակցեցին Ա. Ավանեսյանը, Էդ. Միլիտոնյանը, Ա. Մեսրոպյանը, Շ. Մկրտչյանը, Ա. Գաբրիելյանը, Ա. Հարությունյանը, Հ. Հակոբյանը, Ե. Վարդանյանը, Ա. Վարդանյանը:
Երրորդ օրը քննարկումներ եղան գրական մամուլի, գրահրատարակչական, պետաջակցության խնդիրների վերաբերյալ: Հռիփսիմէն ներկայացրեց 2002 թ.-ից գործող «Ցոլքեր» հասարակական կազմակերպության գործունեությունը և «Ցոլքեր» ամսագրի դերը պատանի բանաստեղծների տպագրման գործում: «Հայրենասիրությունը պիտակ չէ, որ կպցնես մարդու հանդերձին և ասես` որ երկրից է եկել: Ամեն մարդ ունի իր ներսի հայրենիքը, և մեր գործը համարում եմ մեծ հայրենասիրություն, որովհետև այն ժամանակ ներկայացնում էինք գրական սերնդի ամբողջ երիտասարդական սերուցքը, որ կարող էր կորչել, ցրվել. նրանք հավաքվեցին մի տեղ ու ստեղծեցին իրենց աշխարհը»,- հպարտությամբ նշեց նա: Ապա ամփոփելով խոսքը` Հռիփսիմէն երիտասարդներին խորհուրդ տվեց չփորձել զարմացնել, հերքել անցյալը, քանի որ ամեն ժամանակ ունենում է իր թելադրանքը, իր գրականությունը:
Ամփոփելով համաժողովը` Էդ. Միլիտոնյանը հույս հայտնեց, որ այս հավաքը ազդակ կդառնա նոր գրքերի, նոր որոնումների համար, կընդարձակվի գրական դաշտը, և ճանաչելի կդառնան մեր գրողները:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ