Ծաղկաձորյան խորհրդակցությանն ընդառաջ («Գ.Թ.»-ի հարցերին պատասխանում է ՀԳՄ  նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ)

Ծաղկաձորյան խորհրդակցությանն ընդառաջ («Գ.Թ.»-ի հարցերին պատասխանում է ՀԳՄ նախագահ ԷԴՎԱՐԴՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ)

17/06/2019 , ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ
– Պարո՛ն Միլիտոնյան, արդեն ավանդույթ է դարձել հունիսին երիտասարդ գրողների ամենամյա խորհրդակցություն կազմակերպելը: Ի՞նչ օրակարգ է նախատեսված այս անգամ, և ովքե՞ր են մասնակիցները:
– Հայաստանի գրողների միությունը տասնհինգ տարուց ավելի է, ինչ Ծաղկաձորում, հիմնականում հունիսին, կազմակերպում է Հայաստանի երիտասարդ գրողների խորհրդակցություն: Այս տարի խորհրդակցությունը տեղի կունենա հունիսի 14-17-ը: Պետք է ասեմ, որ այն գրողները, որոնք խորհրդակցությանը մասնակցում էին 10-15 տարի առաջ, այսօր արդեն մի քանի գրքերի հեղինակներ են և լավ հուշեր են պահպանել ծաղկաձորյան խորհրդակցություններից: Խորհրդակցությունները, բնականաբար, ունեն ստեղծագործական, ինչպես նաև ճանաչողական բնույթ, քանի որ Հայաստանի տարբեր մարզերից եկած ստեղծագործողները ճանաչում են միմյանց: Այս տարի ևս խորհրդակցության ընթացքում կանցկացվեն ավագ գրողների վարպետության դասեր, քննարկումներ՝ երիտասարդ ստեղծագործողները կկարդան իրենց գործերը, դրանց շուրջ տեղի կունենան քննարկումներ: Կլինեն նաև զեկուցումներ՝ նվիրված պոեզիային, արձակին. ուղղությունը երիտասարդ գրողների գրականությունն է: Նախատեսվում են հանդիպումներ գրական մամուլի խմբագիրների, հրատարակիչների հետ, ինֆորմացիոն բնույթ կրող տեղեկատվական հնարավորություններ կստեղծվեն՝ երիտասարդները կիմանան, թե մեր հրատարակչական, խմբագրական, գրական դաշտը ինչպիսի հնարավորություններ ունի, ինչպես է իրականացվում երիտասարդների մուտքը ապահովելու ընթացքը: Ի դեպ նշեմ, որ երբ քննարկում ենք մեր՝ հայաստանյան հնարավորությունները, ապա, ինչքան ես գիտեմ, եզակի հնարավորություններ կան, որ միայն Հայաստանում են առկա: Օրինակ՝ «Գրեթերթը»՝ թերթ երիտասարդ գրողների համար: Այն երկրներում, որտեղ ես եղել եմ, այդպիսի թերթ չկա: Մի շարք ամսագրեր իրենց էջերը լայնորեն տրամադրում են մեր երիտասարդ գրողներին: «Գրական թերթը» մշտապես ներկայացնում է երիտասարդ գրողներին: «Արտասահմանյան գրականություն» ամսագիրը երիտասարդ թարգմանիչներին է ընդգրկում, որոնց մի մասը նաև գրող է: «Դրամատուրգիա» հանդեսում հրապարակվում են նաև երիտասարդ դրամատուրգների գործերը: Այսպիսի հնարավորություններ մեր սերունդը կերազեր ունենալ: Մենք ունեինք ընդամենը մի «Գարուն» ամսագիր, որը միակ պատուհանն էր երիտասարդ գրողների համար: Ուստի, կարծում եմ, այսօր հնարավորությունները բազմազան են: Ինչ վերաբերում է գրքերի հրատարակմանը, Մշակույթի նախարարությունը ևս աջակցում է: Բացի այդ, տարբեր հրատարակչություններ, ինչպես նաև Գրողների միությունը, օժանդակում են գրքեր հրատարակելուն: Նաև կան տարբեր ամսագրերի կից երիտասարդների խմբեր: Օրինակ՝ Գրողների միությունում գործում է «Ցոլքեր» երիտասարդ գրողների խումբը, ուր ամեն հինգշաբթի հավաքվում են երիտասարդները, զրուցում են, քննարկումներ են անցկացնում: Դա աշխուժացնում է գրական կյանքը: Կայքերում ևս կան գրական խմբեր:
Մեր խորհրդակցությանը տարբեր տարիներ մասնակցել են նաև երիտասարդ ռուս, վրացի գրողներ: Այս տարի ևս հրավիրել ենք երկու վրացու:

– Ինչո՞վ է կարևորվում ծաղկաձորյան խորհրդակցությունը:
– Ծաղկաձորի խորհրդակցությունը կարևորվում է նրանով, որ այստեղ ամբողջացվում է, թե ինչ գործեր են արվել ողջ տարվա ընթացքում: Սա մի հարթակ է՝ ներկայացնելու, իմանալու, թե տարվա ընթացքում ինչեր են արվում և ինչեր են պլանավորվում հետագա տարիների համար:

– Այս խորհրդակցությունից բացի, ժամանակակից երիտասարդական գրականությանը աջակցելու ի՞նչ ծրագրեր է իրականացնում ՀԳՄ-ն:
– Գրողների միությունն ունի հատուկ երիտասարդների համար անցկացվող մրցանակաբաշխություններ՝ Իրինա Գյուլնազարյանի անվան, Նաթելլա Լալաբեկյանի հիմնադրած` Լևոն Անանյանի անվան: Արա Աբրահամյանի հայտարարած մրցանակաբաշխության մեջ նախանցյալ տարի հատուկ երիտասարդ գրողների համար անվանակարգ ստեղծեցինք: Կարևոր է նաև Արարատ Մկրտումյանի անվան մրցանակաբաշխությունը, որը մի տարի Շիրակի մարզում է անցկացվում, մյուս տարի՝ Լոռու մարզում: Սա պետք է ընդօրինակման առիթ դառնա մարզերի համար, և իրենց մարզային մրցանակաբաշխությունները հիմնեն: Բացի նշվածներից ՀԳՄ-ն Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հետ համատեղ 2018 թվականին հայտարարել էր երիտասարդ գրականագետների` ժամանակակից գրողների ստեղծագործությունների մասին գրականագիտական մրցանակաբաշխություն:

– Ինչո՞վ է առանձնանալու այս խորհրդակցությունը նախորդ տարիների հավաքներից:
– Այս տարվա խորհրդակցությունը կառանձնանա շեշտված ուղղությամբ: Դա մարզային գրողների ընդլայնված ներկայությունն է: Տարբեր մարզերում մրցույթներ, հանդիպումներ կազմակերպելիս անպայման մեր գրական բաժանմունքների աշխատանքներում շեշտում ենք երիտասարդների հետ աշխատանքը: Այս տարի մեր աշխատաոճի մեջ փոփոխություն մտցրեցինք. լինելու են առանձին խմբեր՝ պոեզիայի և արձակի, կանցկացվեն քննարկումներ, ավելի լայն հնարավորություն կլինի ներկայացնելու, քննարկելու երիտասարդների գործերը, ավագ գրողներն իրենց խորհուրդները կտան, կմասնակցեն քննարկումներին:
Ավելացրել ենք ևս մեկ օր: Եթե անցյալ տարիներին խորհրդակցությունը տևում էր երեք օր, ապա այս տարի 4 օր է: Հրավիրել ենք երիտասարդ գրողների, նրանց հետ աշխատող խմբագիրների, քննարկել ենք այս առաջարկությունները և փորձել ենք, որ այդ առաջարկությունները ևս տեղ գրավեն խորհրդակցության աշխատանքներում:
Սա նաև ազատ ընտրության հնարավորություն է, երիտասարդ գրողն ինքն է որոշելու՝ որ խմբի քննարկումներին մասնակցել: Լինելու է ֆիլմերի դիտում, պոեզիայի երեկո, տեղեկատվական հանդիպումներ, այսինքն՝ աշխարհում ինչ հարթակներ կան, որ կարող են իրենք մասնակցել, ինչ հնարավորություններ՝ թարգմանության գծով, Մշակույթի նախարարությունից էլ կլինի տեղեկատվություն, թե ինչպիսի ծրագրեր կան Մշակույթի նախարարությունում, որպեսզի երիտասարդները իմանան ու մասնակցեն այդ ծրագրերին: ՀԳՄ-ի ծրագիրը շահել է Մշակույթի նախարարության դրամաշնորհ, որը մասնակի օժանդակություն է մեր համաժողովի կազմակերպմանը: Մեր ավագ ընկերներից ամերիկաբնակ Թամար Հովհաննիսյանը ևս օժանդակել է երիտասարդ գրողների խորհրդակցությանը: Մի խոսքով, մեր գրական աշխատանքը փորձում ենք կազմակերպել՝ հնարավորինս ընդլայնելով մասնակիցների ցանկը, ավագ գրողների մասնակցությունը՝ շեշտելով նաև տարածաշրջանի մասնակիցների ներկայությունը: Երիտասարդների աշխատանքները քննարկելուց հետո կլինեն առաջարկություններ մամուլում տպագրելու կամ առանձին գրքերով ներկայացնելու: Մինչև 30 տարեկան երիտասարդ գրողների մի մասին շատ լավ ենք ճանաչում, մեր հանդիպումներին, աշխատանքներին գալիս-մասնակցում են: Ոմանք արդեն գրքեր ունեն, և կան նորեր, որոնց լավ չենք ճանաչում: Նրանք իրենց գործերն ուղարկել են, կտրամադրենք խմբերը վարողներին, որպեսզի նրանք նախապես ճանաչեն, հետո լինի նյութի քննարկում: Այս խորհրդակցությունների զուգահեռը ես չեմ տեսնում որևէ երկրում: Սա մեր ստեղծած աշխատաձևն է, որն արդեն ավանդական է դարձել, և պիտի կարողանանք պահպանել նաև հետագա տարիներին: Սա օգտակար է նաև ավագ գրողների համար՝ շփվել երիտասարդների հետ, քննարկել, իմանալ, որովհետև գրականությունը տարիք չի պահանջում. հայացքի թարմություն և՛ ավագը կունենա, և՛ երիտասարդը: Միմյանց հետ շփվելով` խաչաձևվում է գեղարվեստական մտածողությունը, իսկ թարմություն բոլոր գրողներին է անհրաժեշտ: Այս հանդիպումները նպաստում են, որ երիտասարդ գրողը զգա, որ ինքն ազատ է իր ընտրության մեջ, ինքը առաջնահերթ պիտի ինքնությունը թրծի ընթերցանությամբ, աշխարհաճանաչողությամբ, իմացությամբ, նաև լեզվամտածողությունը, գրական ըմբռնումները ձևավորի: Հանդիպումները փորձառու գրողների հետ որոշակի նստվածք տալիս են անպայմանորեն, և այդ առումով շատ եմ կարևորում այդ խորհրդակցությունը: