Ծաղկաձորի գրողների հանգստյան տունը՝ յուրօրինակ հանդիպման վայր

Ծաղկաձորի գրողների հանգստյան տունը՝ յուրօրինակ հանդիպման վայր

Հայաստանի Գրողների միության կողմից կազմակերպվող ամենամյա միջոցառումը՝ Երիտասարդ գրողների 16-րդ համագումարը, տեղի ունեցավ մայիսի 31-ից հունիսի 2-ը՝ Ծաղկաձորի Գրողների հանգստյան տանը:
Համագումարին ներկա էին Մայր Հայաստանի և Արցախի գրական ընտանիքի երիտասարդ անդամներ, սկսնակ ստեղծագործողներ, գրականագետներ:
Համագումարի բացման խոսքից հետո ՀԳՄ նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Էդ. Միլիտոնյանը ներկայացրեց գրական ընտանիքների պատվիրակներին և նրանց կատարված աշխատանքները՝ կարևորելով երիտասարդներ գրողների տպագրմանխնդիրը և այս առումով արժևորելով գրական մամուլի («Ցոլքեր», «Նարցիս», «Գրեթերթ», «Անդին», «Գրական թերթ», Վանաձորումհրատարակվող «Երկունք», Շիրակում` «Եղեգան փող», Կոտայքում` «Ոգու կանչ») դերը:
Օրերը հագեցած էին գրական ընթերցումներով, քննարկում- նիստերով, գրքերի շնորհանդես-գինեձոներով, կինոդիտում-քննարկումներով, որոնք վարում էին գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արքմենիկ Նիկողոսյանը, բանաստեղծ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ Վահե Արսենը, բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ Հասմիկ Հակոբյանը, արձակագիր Սուսաննա Հարությունյանը:
Գրականագետ, ՀԳՄ վարչության քարտուղար Պետրոս Դեմիրճյանն իր ՜<<Դիտարկումներ ժամանակակից երիտասարդական գրականության մասին>> զեկույցում կարևորեց իրականության արտացոլումը գրականության մեջ: Նա խոսեց ստեղծագործելու մեթոդի, ներկայացման և տպագրական հարցերի շուրջ:
Բուռն քննարկումներ եղան ռեալիզմի՝ կյանքն իր իրական բովանդակությամբ վերարտադրելու սկզբունքին հետևող գեղարվեստականմեթոդի շուրջ, ինչպես նաև կարևորվեց ստեղծագործությունները պրիմիտիվիզմից զերծ պահելու խնդիրը, ինչը ևս չափազանց արդիական է : Երիտասարդ ստեղծագործողները գրքերի ձևավորման մասին ևս կարծիքներ փոխանակեցին և կարևորեցին դրանք ընթերցողի դատին բովանդակայինից բացի նաև գեղագիտական տեսքով ներկայացնելու խնդիրը, որը մեծ նշանակություն ունի վաճառքի արագ կազմակերպման հարցում:
Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ Մանվել Միկոյանը հանդես եկավ <<Երիտասարդ գրողների մասնակցությունը մարզային գրական բաժանմունքների ծրագրերին >> ելույթով, որից պարզ դարձավ Լոռու մարզում ստեղծագործող երիտասարդների գրական գործունեությունը՝ տարվա կտրվածքով:
Գրականագետ, ՀԳՄ երիտասարդական բաժանմունքի նախագահ Արքմենիկ Նիկողոսյանը <<Իրականություն և գրականություն>> զեկույցում նշեց. <<Լավագույն ժամանակը մեր ապրած ժամանակն է: … Սովորաբար գրականության արժեքը գնահատվել է նրանով, թե այն ինչքանով է արտացոլել իրականությունը>>:
Գրականագետ, «Նարցիս» գրական-գեղարվեստական, մշակութային հանդեսի (2006-ից) Գրականագիտության և քննադատության բաժնիվարիչ Արմեն Ավանեսյանը հանդես եկավ <<Երիտասարդական գրականությունը պետական հրատարակչական ծրագրերում>> զեկույցով: Զեկույցում խոսվեց 2017թ-ի տպագրված առաջին գրքերի՝ Անի Ամսեյան, Արթուր Մեսրոպյան, Անրի Գրիգորյան, Սաթե Հովակիմյան, Նարեկ Տոպուզյան, Գրեգիրք ժողովածուի և դեռևս տպագրվելիք գրքերի / Նորայր Սարգսյան <Չինական պատ>, Արփի Վարդանյան <Քեզ որոնելիս> և այլն/ մասին:
Բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանը իր <<ՀԳՄ հրատարակչությունը և երիտասարդական գրականությունը>> թեմայով զեկույցում գրական աշխարհի նորությունների շրջանակներում խոսեց նաև հինգ հետաքրքիր գրքերի շուրջ, որոնք լույս են տեսել նոր մատենաշարով:
Քննարկումներն ընթացան անմիջական և ջերմ մթնոլորտում:
Արդիական ու <<երիտասարդ>> հանդիպումները սիրով և ստեղծագործ հոգով լցրին Ծաղկաձորի գրողների պատմական տունը:

Սոնա Համբարձումյան
Արցախ