ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ

ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Լևոն Մութաֆյանը մատների վրա հաշվվող լուրջ թատերագետներից մեկն է մեզանում, նրա հետաքրքրությունների շրջանակը, սակայն, ավելի մեծ էր, քան բուն թատերագիտությունը: Այն ընդգրկում էր ավելի լայն շառավիղ, ներառելով նաև գրականությունը, երբեմն նաև մեր հասարակական կյանքի հուզող հարցերի արծարծումը: Ինչ էլ որ նա գրեց, գրեց խորությամբ և նյութի գերազանց իմացությամբ, մի բան, որ հաճախ չի պատահում մեզանում: Նրա գրքերից մեկը, երևի վերջինը, նվիրված է իմ անցած ստեղծագործական ուղուն: Ես այդ գիրքը գնահատում եմ այն առումով, որ դա յուրօրինակ հայելի էր հենց ինձ համար, որ տեսնեի այն, ինչ ինքս չէի նկատել մինչև այդ: Դա շատ թանկ արժանիք է ամեն մի մենագրության համար՝ հեղինակին «ծանոթացնել» ինքն իր հետ: Հարկ է ավելացնել, որ այս բազմազբաղ գործունեության մեջ զբաղվեց նաև դրամատուրգիայով, գրեց պիեսներ, որոնցից մի քանիսը բեմադրվել են մեր թատրոններում:
Լևոն Մութաֆյանի անժամանակ մահը մեծ կորուստ է մեր թատերական կյանքի համար, նրա ակտիվությունը գրավիչ էր և միշտ պահանջված: Ասում են՝ անկրկնելի մարդիկ չեն լինում: Մինչդեռ լինում եմ, այն էլ ինչպե՜ս… Նրա գրաված տեղը թափուր կմնա, ու մենք դա հաճախ կզգանք մեր թատերական միջավայրում:
Ափսոս մեր ընկերոջը, ափսոս մեր թատրոնին:
Պերճ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ

ԼԵՎՈՆԻ ՄԱՀԸ ԴԱԺԱՆ ԱՆԱԿՆԿԱԼ ԷՐ

Ես չգիտեմ՝ ժամանակակից (և ոչ միայն) հայ թատրոնի մասին այդքան տեղեկացված թատերագետ ե՞րբ ենք նորից ունենալու: Բոլոր պրեմիերաներին, լինի դա Երևանում թե մարզերում, ներկա էր: Ու դրա հետ մեկտեղ մի քանի տասնյակ հսկայածավալ աշխատություններ թատրոնների և թատրոնի երախտավորների մասին: Ե՞րբ էր հասցնում, ինչպե՞ս… Կարծում եմ մի խոր անդունդ գոյացավ մեր թատերագիտության մեջ…

Հակոբ ՂԱԶԱՆՉՅԱՆ

ԱՆԹԱՌԱՄ ԾԱՂԻԿՆԵՐ ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆԻՆ

Այս տողերը թղթին հանձնելիս ձեռքս դողում է, սիրտս կանգ է առնում, հոգիս ցավում է, այսպիսի տառապանք մեկ էլ ապրել եմ ծնողներիս, Պարույր Սևակի ու Մուշեղ Գալշոյանի մահվան ժամանակ: Քո աշխարհաթողությամբ դատարկություն գոյացավ իմ մեջ՝ անդունդ, ոչ ոք չի կարող լուսավորել այդ մութ վիհը: Ցավում եմ, շատ եմ ցավում, որ մեր երկարամյա բարեկամության ընթացքում, երբ երևանյան հիանալի սրճարաններում գրեթե ամեն օր զրուցում էինք թատրոնի, գրականության, արվեստի մասին, ես, թեև քեզնով հիացած, ոչ մի անգամ քեզ գնահատականի բառեր չասացի, ներիր, Լևոն, իմ տաղանդավոր ու աննման համախոհ:
Այն գունեղ ու բուրավետ ծաղիկները, որոնք դու առատորեն սփռեցիր թատրոնի ու գրականության դաշտում, շարունակելու են ապրել: Դու եղար անկրկնելի, «վաստակաշատ» բառը քիչ է քեզ համար, դու, Լևոն, հարստացրիր հայերիս հոգևոր կյանքը յուրահատուկ նոր գաղափարներով, ամեն փուչ ու վնասակար երևույթներին ընդդիմադիր Լևոն, հայրենասեր մարդ, մեղվից ավելի ժրաջան արվեստագետ, ես չգիտեմ ուրիշ որևէ մեկին, որ քո գիտելիքների հարստությունն ունենա, հայոց մշակույթին անմնացորդ նվիրված Լևոն: Շատերն են գնում-հեռանում, բայց դու մնացողներից ես, եղել ես ու կմնաս մեր նորօրյա հոգևոր ու հոգեղեն պատմության մեջ: Սա մխիթարանք է, թեև այսօր մխիթարություն չկա:
Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Հախուռն, իրարամերժ մի հոգի էլ մարեց… Այս, ցավալիորեն կարճ կյանքի ընթացքում Լևոնը հասցրեց շատ բան անել… Եթե ինքն իրեն չխանգարեր՝ ավելին կարող էր… Թատրոնի մարդ… Բոլո՛ր թատրոնների մարդ… Մի անհանգիստ գեղեցկություն կար նրա ճշտի ու ստի արանքում… Աշխատասեր մարդ էր, վկա՝ նրա հատորները… Ափսոս… Դեռ ի՜նչ ծրագրեր ուներ… Վստահ եմ, Լևոնին փնտրելու ենք մեր առաջնախաղերում, քննարկումներում, փառատոներում… Հազա՛ր ափսոս…

Երվանդ ՂԱԶԱՆՉՅԱՆ

ՀԱՅ ԹԱՏՐՈՆԻ ԱԿԱՆԱՎՈՐ ՆՎԻՐՅԱԼԸ

Մեր թատերական իրականությունը և, մասնավորաբար, Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնը, մեծ կորուստ կրեց: Լևոն Մութաֆյանը դրամատիկականցիներիս մեծ բարեկամն էր, նրա հետ ստեղծագործական համախոհության արդյունքները արժանի են բարձր գնահատության, դրանք անբաժան են թատրոնի տարեգրությունից և հարստացնում են մեր ապրած երկարամյա թատերական կենսագրությունը: Լևոնը մեզ համար եղավ բարձրակարգ խորհրդատու, մեր դրամատուրգներից էր, բեմ ելած բազմաթիվ պիեսների թարգմանիչ, մեր ներկայացումների անաչառ քննադատ և մեկնաբանող: Նա սիրում էր մեր թատրոնը, ինչպես մենք էինք սիրում ու գնահատում նրան:
«Երևանի Դրամատիկական թատրոն» պատմա-քննական ծավալուն աշխատության մեջ Լևոնն ի հայտ բերեց իր բացառիկ հարուստ ու խորքային գիտելիքները, այստեղ ևս նա պատմաբան էր, թատերական քննադատ ու ընտիր տեսաբան: Նրա երեք տասնյակից ավելի գրքերը և հարյուրավոր հոդվածները հայ թատերական դաշտի մնայուն արժեքներից են: Նրա երկրային կյանքի դադարով թատերական դաշտն զգալիորեն ամայացավ: Տա Աստված, որ գան նորերը և շարունակեն անմոռանալի Լևոն մարդու ստեղծագործական դպրոցի ավանդները, նրա սերն ու նվիրվածությունը հայոց թատրոնին:

Արմեն ԽԱՆԴԻԿՅԱՆ

«Դրամատուրգիայի» առաջին համարից իսկ դարձար հանդեսի ամենանվիրված, ամենաանաչառ, ամենապահանջկոտ բարեկամը, գուցե ինքդ էլ չիմանալով՝ ստանձնեցիր «ռևիզորի» պարտականությունը: Մի փոքր ուշանար հերթական համարը, անպայման կզանգեիր. «Ո՞ւր է…»,- բարձրաձայն կհարցնեիր, բայց երկուսս էլ գիտեինք, որ հարցիդ չասված շարունակությունը մասնագիտական անհանգստությունն էր՝ հանկարծ չընդհատվի թատերական գրականության այս ընթացքը: Այս օրերին ամեն կողմից լսում եմ՝ թատրոնը կորցրեց իր նվիրյալին: Լևոն, բարեկամս, «Դրամատուրգիայի» կորուստն էլ անչափ մեծ է. քննադատ, դրամատուրգ, ընթերցող ու բարեկամ ենք կորցրել, ու կորուստն այդ վերականգնել անհնար է:

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Գրիչս վերցրի, որ մտքերս թղթին հանձնեմ, ու հանկարծ մի զարմանահրաշ տեսարան բացվեց աչքերիս առաջ: Դու էիր, Լևոն, դու՝ մի հրաշք աշխարհում:
Ստույգ չգիտեմ՝ հոգին երբ է երկինք համբարձվում, բայց այդ տեսարանը այս կամ այն թատրոնում տեսածս ներկայացումներից ամենաթատերայինն էր ու անսպասելին: Եվ իսկույն կռահեցի, հասկանալով, որ դու այն աշխարհում նույնպես թատրոնում ես և այլ կերպ քեզ պատկերացնել անհնար է:
Անշուշտ, առաջինը մեծն Աբելյանը դիմավորեց քեզ ու շնորհակալություն հայտնեց վերջերս իր 150-ամյակին նվիրված հրաշալի խոսքիդ համար: Պատկերացնում եմ՝ ինչ երախտագիտությամբ են իրենց շնորհակալությունը հայտնում հայ թատրոնի, գրականության, մշակույթի մեծերը այն հսկայական, ծավալուն և իմաստուն բազմահազար հայտնի ու անհայտ, մոռացված ու վերականգնված, պեղած ու նոր կյանք պարգևած էջերիդ համար, որ նվիրեցիր հայ արվեստի պատմությանը: Դու, իրոք, մեզ աղքատացրիր՝ հարստացնելով այն աշխարհը: Դու, իրոք, բացառիկներից բացառիկն էիր քո պաշտելի Թատրոն ու Գիտություն միասնության մեջ:
Դու հասցնում էիր լինել ամենուր: Վերջերս, անտեսելով առողջական լուրջ խնդիրներդ, գնացիր Կապան, այնտեղից՝ Թբիլիսի, ի՜նչ հեռավորություններ անցար, որ տեղյակ լինես մշակութային բոլոր իրադարձություններին և արձագանքես դրանց:
Դա էր քո տեսակը, այլ կերպ դու չէիր կարող: Դու թատրոնի այն բացառիկ մշակն ես, որն իր ստեղծած հսկայական ժառանգությամբ երկար կապրի՝ միշտ լինելով ժամանակի հետ, դրա համար էլ ներկա ժամանակով եմ դիմում.
Շնորհակալություն քեզ, Լևոն Մութաֆյան:

Վահե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ