Ժամանակի զարկերակը

Ժամանակի զարկերակը

Նոյեմբերի 3-ին ՀԳՄ Կլոր սրահում «Հայաստան-Ուկրաինա» ընկերության, ԱՕԿՍ-ի և ՀԳՄ-ի հետ համատեղ տեղի ունեցավ գրական ցերեկույթ` նվիրված բանաստեղծ, թարգմանիչ Լևոն Միրիջանյանին և հայ-ուկրաինական գրական կապերի ամրապնդմանը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով տասնյակից ավելի գրքերի, պատմաբանասիրական աշխատությունների հեղինակ Լևոն Միրիջանյանին, անդրադարձավ նրա գործունեությանը` հայ-ուկրաինական գրական կապերի հաստատման և ամրապնդման ուղղությամբ: Նա հատկապես կարևորեց մեծանուն ուկրաինացի գրող Գրիգորիս Սկովորոդայի հատընտիրի թարգմանությունը, որի համար արժանացել է Գրիգորիս Սկովորոդայի անվան միջազգային ուկրաինական մրցանակին և Ուկրաինայի նախագահի հրամանով պարգևատրվել է «Վաստակների համար» շքանշանով:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հավաստմամբ՝ Լ. Միրիջանյանը դարձել էր իր ժամանակի զարկերակը, ստեղծագործում էր՝ երբեք չգովազդելով իր գործերը: «Նրա «Ով սիրուն, սիրուն» երգը դարակազմիկ իրողություն էր 20-րդ դարի 50-ականներից և այսօր էլ չի կորցրել իր հնչեղությունը»,- ասաց Գ. Սահակյանը և տեղեկացրեց, որ Լ. Միրիջանյանի մահվանից հետո բազմաթիվ աշխատանքներ են իրագործվել, հրատարակվել են գրքեր: Երևանի թիվ 155 դպրոցը կոչվում է նրա անունով, որտեղ նրան նվիրված բազմաթիվ միջոցառումներ են արվում, ստեղծվել է նրա անունը կրող հիմնադրամ: Գ. Սահակյանի կարծիքով, ժամանակն է, որ Լ. Միրիջանյան հրապարակախոսի, բանաստեղծի, պատմաբանի գործունեությունը լուրջ ուսումնասիրության ենթարկվի: «Մեր ազգի զորությունը հենց նրանք են` մեծ դերակատարում ունեցող արվեստի, գրականության, գիտության բնագավառի մարդիկ, ովքեր իրենց անվան հետ նաև ամբողջ աշխարհում ճանաչելի են դարձնում մեր ժողովրդին: Լ. Միրիջանյանն այդ անհատներից էր»,- ամփոփեց ՀՀ ԱԺ նախագահը:
«Հայաստան-Ուկրաինա» ընկերության փոխնախագահ Կարապետ Կալենչյանն ընդգծեց Լ. Միրիջանյանի մեծ ներդրումը ընկերության ստեղծման ակունքներում:
Բանաստեղծ Թելման Մայիլյանը հայ-ուկրաինական բարեկամությունը հավաստող հուշեր պատմեց, ընդգծելով, որ Լ. Միրիջանյանի նպատակը երկու ժողովուրդների արվեստն ու գրականությունը միմյանց ներկայացնելն էր:
«Լևոն Միրիջանյան» հիմնադրամի խորհրդի անդամ Շուշանիկ Սահակյանը ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը, որն ավելի քան տասը տարիների ընթացքում իրականացրել է Լ. Միրիջանյանի գրական ժառանգության ու գրական ուսումնասիրությունների վերաբերյալ բազմաթիվ միջոցառումներ:
Ելույթ ունեցան նաև ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Իվան Զագորոդնին, Ուկրաինայի գրողների միության քարտուղար, թարգմանիչ Օլեքսանդր Բոժկոն, բանաստեղծ Սուրեն Մուրադյանը, լրագրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը, լրագրող Վանիկ Սանթրյանը, Հայաստանում ուկրաինական համայնքի ղեկավար Աննա Հարությունյանը: