ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ
Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆ

2015 թ. բեկումնային տարի է թե՛ հայ ժողովրդի և թե՛ իմ կենսագրության մեջ: Ապրիլի 24-ի Ֆրանցիսկոս Պապի մեծասքանչ արարողությունը, Գրիգոր Նարեկացի բանաստեղծին Տիեզերական վարդապետ հռչակելը, համայն աշխարհի ժողովուրդների եղբայրական ուսը մեծ արձագանք գտան յուրաքանչյուր հայի սրտում: Ողջ հայկական աշխարհը թևակոխեց նոր, ստեղծագործ ու պահանջատիրական ժամանակաշրջան:
Շուտով լույս կտեսնի «Հարյուր տարի առանց քեզ» բանաստեղծությունների նոր գիրքը, որը իմ խոհերի ու բազում հարցերի պատասխանների տենդագին որոնումների ամփոփումն է:
Ուզում եմ հաստատել այն փաստը, որ հայ արվեստագետը մյուս ազգերի ստեղծագործողներից առավել ու ծանր է կրում իր հայրենիքի խաչը: Մենք ավելի ենք ամփոփված մեր սար ու ձորերի, քար ու քարափների շղթայով և դժվար ենք արձագանքում մեծ աշխարհի ձայներին: Ես չեմ գնահատում, այլ շեշտում եմ փաստը:
Լինելով «Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն` այս տարի անմասն չմնացինք կարևոր տարեթվից: «Հայ բանաստեղծները Եղեռնի մասին», Բոգդան Գեմբարսկու «Նամակներ աշխարհին», Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գրքերը լավագույն նվերներն են հայ ընթերցողին:
Այս տողերը գրելիս լուսադեմին միացրի հեռուստացույցը և ականատես եղա Փարիզում տեղի ունեցող ողբերգությանը: Հաջորդ օրը ողջ առաջադեմ մարդկությունը փորձում էր գտնել սփոփանքի խոսքեր Ֆրանսիայի ժողովրդի համար:
Բոլոր ազդեցիկ գործիչների խոսքում հնչում էր անզորության նոտան: Երկիր մոլորակում սկսվել է երրորդ աշխարհամարտը: Սակայն չկան ավանդական հակամարտող երկրների բանակները` դեմ դիմաց կանգնած: Ոչ մի երկիր ապահովված չէ շահիդի գոտիով մոլագարից: Փարիզի ահաբեկչական գործողությունները թող լինեն վերջինը ահասարսուռ ողբերգությունների շղթայում: Մեծ երկրների տիրակալները թող մի կողմ դնեն իրենց նկրտումները և, վերջապես, միավորվեն համամարդկային չարիքի` Իսլամական պետության դեմ: Ես հիշում եմ Վանգայի գուշակությունները, որ երրորդ աշխարհամարտը կառանձնանա իր դաժանությամբ, և այն կսկսվի ու կավարտվի Սիրիա երկրի շուրջը:
Չնայած խոսքս գրվում էր «Գրողի ժամանակը» թեմայով` այնտեղ մխրճվեցին իմ սիրելի Փարիզի ամայացած փողոցներն ու ոստիկանների քարացած դեմքերը:
Բայց լույսը բացվում է, և աշնան մեղմ երանգները շողշողում են պայծառ: Հույսը ամրանում է. բազում երկրների առաջադեմ մարդկությունը կոչ է անում ուշադրությունը բևեռել նոր մարտահրավերների վրա: Հայոց պատմական հողը բազում հորդաների կոխան է եղել: Այսօր մենք ունենք անկախ Հայաստան` իր անթիվ խնդիրներով` թե՛ ներքին և թե՛ արտաքին: Հայ գրողը իր ձայնը պետք է բարձրացնի` միավորելու Սփյուռքի մեծաթիվ համայնքի ջանքերը, շենացնելու մեր երկիրը: Եվ կգա օրը` Արարատի տեսանող հայացքի տակ կբարգավաճեն և կբազմանան Թորգոմաց տոհմի զավակները: