ԺԱՄԱՆԱԿԻՆ ԱՍԵՔ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ

ԺԱՄԱՆԱԿԻՆ ԱՍԵՔ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ

«Ես վախենում եմ չվախեցողներից».

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Երբ հարաբերական խաղաղ ժամանակ է լինում, մտահոգ գրողը հանդես է գալիս որևէ բնագավառի վերաբերյալ, հատկապես մշակույթի ու կրթության, առաջարկություններով, քննադատությամբ, խորհրդածություններով, հիմք ունենալով ազգային ինքնության պահպանման խնդիրը։

Լսողները քիչ, գործի վերածողները՝ ավելի քիչ։ Երբ լարվում և ճակատագրական է դառնում ժամանակը, մեկ էլ ձայներ են լսվում՝ ո՞ւր է մտավորականը։ Իմացեք՝ մտավորականն իր գրի, իր խոսքի և իր շատ բան ասող, քար ծակող լռության մեջ է։

Էլի լսողը՝ քիչ, նրա խոսքը բանի տեղ դնող՝ առավել քիչ։

Գրող և զինվորական ականավոր գործիչ Վազգենը մի պարադոքսալ խոսք ուներ. «Ես վախենում եմ չվախեցողներից», բազմաշերտ արտահայտություն է և ամեն ոք կհասկանա յուրովի։

Մի շերտը գուցե սա է՝ ծայրահեղ հավակնոտ չվախեցողներից պետք է վախենալ, որի համար ծովն իր ծնկներից է, այդպիսիք հիմնականում փորձում են երևալ քաղաքական դաշտում և իրենց չկշռադատված, չհաշվարկված, իրականությունից և ռեալ աշխարհաքաղաքական քննությունից դուրս խիզախ, ժողովրդի սիրտը հուզող ծրագրերով արշավում են ինքնավստահ։ Մինչև խոփը քարին է առնում։

Այդպիսիները մեր խոսքը չեն լսելու։ Նրանք հեռու են ուրիշների կարծիքը լսելու, քննարկելու, հաշվի առնելու մտքից։

Թող կշռեն իրենք իրենց մեղքը և, այ, խիզախեն որոշում կայացնել։ Սա պիտի դաս լինի այսօրվա և գալիք ղեկավարներին։ Ժամանակին ասեք ժողովրդին ճշմարտությունը։

Իսկ հիմա՝ զգուշանանք սահմաններից կռիվը մեր մեջ տեղափոխելու, երկիրը քաոսի վերածելու ջանքից։ Գայթակղիչ է փողոցով պետական հարցեր որոշելը, տեսել ենք դա, բռնությունը մեզ սազական չէ, քաղաքական գործիչները մշտապես օրենքից են խոսում, և դա է ճշմարտությունը իրենց և մեզ համար։ Ժողովրդի համար, որ հերոսաբար թիկունք էր և առաջնագիծ, որի զավակները միայն իրավունք ունեն սահմանին թռչելու վախի վրայից և հերոսանալու։ Ինչպես և տեսանք։

Հավաքենք բոլորի խելամտությունը և լսենք իրար, ընդհանուր ուժով դուրս գանք ճակատագրական թվացող այս հոգեմաշ վիճակից, հանուն Հայաստանի և Արցախի։