«ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

«Թարգմանչաց տոն»

Միջազգային գրական փառատոնը

2019 թ. հոկտեմբերի 10-15-ը Հայաստանի գրողների միությունը կազմակերպեց «Թարգմանչաց տոն» միջազգային գրական փառատոնը: Այն իրականացվեց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրի միջոցով, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի համագործակցությամբ: Հրավիրվել էին  գրողներ ու թարգմանիչներ տարբեր երկրներից. Վահիդ Նադեր (Գերմանիա),Ղավամեդդին Ռազավիզադե, Վարանդ (Իրան), Կալինա Իզաբելա  Զիոլա (Լեհաստան),Ալան Ուայթհորն (Կանադա), Նինա Գաբրիելյան (Ռուսաստան), Բաղաթեր Արաբուլի , Մաղվալա Գոնաշվիլի, Մանանա Գոգիաշվիլի (Վրաստան) և Օլեքսանդր Բոժկո (Ուկրաինա): Մասնակցում էին գրողներ ու թարգմանիչներ Հայաստանից ու Արցախից, ինչպես նաև  Չեխիայի «Օրեր» ամսագրի կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը:

Հոկտեմբերի 11-ին Թարգմանչաց տոնի բացումը կայացավ ՀԳՄ մեծ դահլիճում: Հյուրերին ու մասնակիցներին ողջունեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան բանաստեղծ, Կանադայի արքայական ռազմական քոլեջի պատվավոր պրոֆեսոր Ալան Ուայթհորնը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակույթի ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը, Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, Կալինա Իզաբելա Զիոլան, Ղավամեդդին Ռազավիզադեն, Օլեքսանդր Բոժկոն , Նինա Գաբրիելյանը, Վահիդ Նադերը, Գագիկ Դավթյանը:  Ալան Ուայթհորնի և Մաղվալա Գոնաշվիլու ստեղծագործություններից ներկայացրեց ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանը: Կալինա Զիոլայի բանաստեղծություններից կարդաց  Գագիկ Դավթյանը: Կոմիտասի «Ծիրանի ծառ», «Չինար ես»  ստեղծագործությունները կատարեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 2-րդ կուրսի ուսանողուհի, ջութակահար Սյուզան Գասպարյանը:  Էդվարդ Միլիտոնյանը Ալան Ուայթհորնին հանձնեց ՀԳՄ պատվավոր անդամի տոմս և «Նարեկացի» հուշամեդալ: Կալինա Իզաբելա Զիոլան ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանին և բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանին հանձնեց Լեհաստանի գրողների միության Բիդգոշչ-Տորունյան բաժանմունքի մրցանակը բեղմնավոր ստեղծագործական աշխատանքի և լեհ գրողների հետ համագործակցության համար: Նույն օրը  ՀԳՄ հարակից Պոեզիայի պուրակում կազմակերպվեց  թարգմանական գրականության ցուցահանդես, որտեղ իրենց հրատարակած գրքերն էին ներկայացրել  «Արմավ»,  «Էդիթ Պրինտ»,  ՀԳՄ, «Վան Արյան»  և այլ հրատարակչություններ: Այնուհետև արտերկրից ժամանած հյուրերն այցելեցին Մատենադարան,  շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան  ձեռագրային հարուստ  ժառանգությանը: Ալան Ուայթհորնը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանին  նվիրեց իր խմբագրած «Հայոց ցեղասպանություն. հիմնական վկայությունների ուղեցույց» անգլերեն գիրքը, իսկ  Հերմինե Նավասարդյանը՝ ՀԳՄ հրատարակած եղեռնազոհ գրողների «Հողը կը խօսի» անգլերեն, գերմաներեն,  ֆրանսերեն ու ռուսերեն ժողովածուները:

Հոկտեմբերի 12-ին Թարգմանչաց տոնը շարունակվեց Օշականում: Հայ և օտարերկրացի գրողներն ու թարգմանիչներն այցելեցին Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, ծաղիկներ դրեցին Մաշտոցի  շիրիմին: Եկեղեցու դպրատանը տեղի ունեցավ Մայր Աթոռ Սբ.Էջմիածնի և Հայաստանի գրողների միության  համատեղ «Կանթեղ» մրցանակի հանձնման արարողությունը: Այն շնորհվեց Նինա Գաբրիելյանին (հայերենից ռուսերեն), Կալինա Իզաբելա Զիոլային (թարգմանական վաստակի համար), Մաղվալա Գոնաշվիլուն (թարգմանական վաստակի համար), Օլեքսանդր Բոժկոյին (հայերենից ուկրաիներեն), Թադևոս Խաչատրյանին (ռուսերենից հայերեն), Գրիգոր Ջանիկյանին (ֆրանսերենից հայերեն), Ջուլիետ Ղազարյանին (ռուսերենից հայերեն):   Բաղաթեր Արաբուլուն (Վրաստան) և Ղավամեդդին Ռազավիզադեին (Իրան) տրվեց ՀԳՄ  պատվավոր անդամի տոմս և  «Նարեկացի» հուշամեդալ: Նարեկացու անվան հուշամեդալով պարգևատրվեցին նաև Վարանդը (Իրան), Մանանա Գոգիաշվիլին (Վրաստան), Վահիդ Նադերը (Գերմանիա), Ալբերտ Նալբանդյանը (Հայաստան):

Հոկտեմբերի 13-ին Թարգմանչաց տոնի մասնակիցները այցելեցին Գյումրի: Նրանք հանդիպեցին Շիրակի մարզի գրողների ու ընթերցողների հետ: Ելույթներ ունեցան Էդվարդ Միլիտոնյանը, Գյումրիի փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը, ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ Անդրանիկ Կարապետյանը, Վրաստանի գրողների միության համանախագահ Մաղվալա Գոնաշվիլին,  Ղավամեդդին Ռազավիզադեն: Իրենց թարգմանությունները և ստեղծագործությունները ներկայացրեցին Նինա Գաբրիելյանը, Կալինա Իզաբելա Զիոլան, Բաղաթեր Արաբուլին, Մանանա Գոգիաշվիլին, Վարանդը, Արա Արթյանը, Վահիդ Նադերը, Հերմինե Նավասարդյանը և Սոնա Համբարձումյանը (Արցախ): 

Հոկտեմբերի 14-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում վրաց բանաստեղծուհի Մաղվալա Գոնաշվիլու հետ: Ելույթներ  ունեցան ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավիկ Իսահակյանը,  բանաստեղծ,  «Շիրակ» թերթի խմբագիր Սամվել Մարգարյանը, «Իվերիա» վրացական համայնքի փոխնախագահ Նինո Սպենդիարաշվիլին, Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի տնօրեն Հասմիկ Կարապետյանը:

Թարգմանչաց տոնի ընթացքում մասնակիցներն այցելեցին Մայր Աթոռ Սբ.Էջմիածին, Գեղարդի ու Կեչառիսի վանական համալիրներ, Գառնիի հեթանոսական տաճար, եղան Երևանի Փարաջանովի և Գյումրիի Ավ. Իսահակյանի տուն թանգարաններում, ինչպես նաև Երևանի, Գյումրիի ու Ծաղկաձորի  այլ տեսարժան վայրերում: Թարգմանչաց տոնի մասնակիցների կացությունը կազմակերպվեց   ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տանը, որտեղ նրանք ծանոթացան հայ գրողների ու թարգմանիչների հետ, քննարկեցին թարգմանական հարցեր ու հետագա ծրագրեր: