«Երկիր Նաիրի» թիվ 8

«Երկիր Նաիրի» թիվ 8
«Լիտերատուրնայա գազետա» շաբաթաթերթի «Երկիր Նաիրի» հավելվածի 8-րդ թողարկումը սկսվում է Պարույր Սևակի «Նահանջ երգով» պոեմի փոքրիկ հատվածով` Ռոբերտ Ռոժդեստվենսկու թարգմանությամբ: Այս անգամ «Երկիր Նաիրիի» հարցերին պատասխանել է ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը՝ հանգամանորեն ներկայացնելով նախարարության գործունեությունը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման կարևոր ոլորտում: Հարցազրույցը վարել է հավելվածի պատասխանատու խմբագիր Լիա Իվանյանը: Առաջին էջում տեղ է գտել նաև գրող Զորի Բալայանի «Աստվածաշնչյան դասեր» հոդվածը, որտեղ անվանի գրողի խոհերն են քրիստոնեության, հավատի խնդիրների շուրջ: Հեղինակի համար, «…որպես մասնագիտությամբ բժշկի, Աստված և՛ բարոյականություն է, և՛ էվոլյուցիա, և՛ փիլիսոփայություն և՛ հարգանք «հայրական շիրիմներին», և կրկին անգամ՝ բարոյականություն, բարոյականություն, բարոյականություն…»: «Անմոռանալի անուններ» խորագրի ներքո տեղ է գտել Առնո Բաբաջանյանի հետ Անատոլի Իվանուշկինի հարցա­զրույցը (նախկինում չհրատարակված)՝ «Կա բարձր արվեստ և արվեստ կա` օրվա սպառման համար» վերնագրով: Ինչպես հարցազրույցի հեղինակն է նշում, երբ 1982 թ. այցելել է մեծանուն կոմպոզիտորին, Բաբաջանյանին տեսել է վատառողջ, անկողնում պառկած. «Տեսնելով նրան անկողնում,- գրում է Իվանուշկինը,- ցանկացա ներողություն խնդրել և հետաձգել հանդիպումը: Բաբաջանյանն առարկեց. «Ո՛չ, մենք որոշել ենք հանդիպել և աշխատել: Իսկ դուք մի՛ քաշվեք, որ պառկած եմ, եթե ուզեք` կնստեմ: Ձեր հարմարությանը նայեք»: Ես, հակառակը, խնդրեցի, որ իրեն հարմար լինի: Պայմանավորվեցինք, որ պառկած կզրուցենք»:
Հավելվածի 4-5 էջերում զետեղված լուսանկարչական ռեպորտաժն ամբողջովին նվիրված է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական թատրոնում կայացած՝ Զորի Բալայանի տարեդարձին նվիրված հոբելյանական արարողությանը: Ներկայացված է նաև Ե. Ֆեոդորովսկու՝ Զ. Բալայանի հոբելյանական երեկոյի համառոտ տեղեկատվությունը, ինչպես և Հայաստանի հետ բարեկամության Ռուսաստանի միավորման նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովի խոսքը` նվիրված Զ. Բալայանի ութհատորյակի ստեղծման աշխատանքներին: Հայ ժամանակակից գրականությունը ներկայացված է Հրաչյա Թամրազյանի, Գագիկ Դավթյանի, Սուրեն Մուրադյանի, Ներսես Աթաբեկյանի, Մանվել Միկոյանի բանաստեղծական շարքերով և Հովիկ Վարդումյանի պատմվածքներով: Հավելվածը եզրափակվում է Գրիգորի Հարությունյանի «Սուրբ մարգարիտներ» հոդվածով: