ԳՐՈՒՄ  ԵՄ ԻՆՉ  ՏԵՍՆՈՒՄ  ԵՄ

ԳՐՈՒՄ  ԵՄ ԻՆՉ  ՏԵՍՆՈՒՄ  ԵՄ
«Գրական թերթի» հարցազրույցը
Քոնստանցե Յոհնի հետ

Քոնստանցե Յոհնը ծնվել է 1959 թ. Լայպցիգում: Ուսանել է գերմանիստիկա, պատմություն և մանկավարժություն Լայպցիգի համալսարանում: Աշխատել է ուսուցիչ և այլ մասնագիտություններով: 1997-ից ազատ գրող է: Նրա դրամաները բեմադրվել են գերմանական թատրոններում ու ռադիոյում, ըստ նրա լիբրետոյի գրվել է օպերա:
Վերջերս Քոնստանցե Յոհնը Հայաստանում էր: Նա այցելեց Հայաստանի գրողների միություն, հանդիպեց հայ գրողների ու ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ: Նոյեմբերի 18-ին Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ նրա «Քառասուն օր Հայաստանում» գերմաներեն գրքի շնորհանդեսը:

Հերմինե ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ – Մի քանի անգամ այցելել եք Հայաստան: Ի՞նչն է բերում Ձեզ այստեղ:
Քոնստանցե ՅՈՀՆ – 1999 թ. Գերմանիայում ծանոթացա կոմպոզիտոր Վահրամ Բաբայանի հետ: Մենք հետաքրքիր զրույցներ ունեցանք: Ես սկսեցի գրել նրա արվեստի ու Հայաստանում նրա կյանքի մասին: Այդպես իմ մեջ ցանկություն առաջացավ երկիր այցելել: Առաջին անգամ Երևան եկա 2000 թ. իբրև հյուր Բաբայանների ընտանիքում և այն դժվար ժամանակը տեսա: Շատ կարևոր փորձառություն էր այն ինձ համար: Դրանից հետո մի քանի անգամ եկել եմ Հայաստան, ավելի լավ ծանոթացել երկրին ու մարդկանց:
Հ. Ն. – Հայաստանի մասին երկու գիրք ունեք: Ի՞նչն է հետաքրքրում գերմանացի գրողին:
Ք. Յ. – Ինձ հետաքրքրում են այլ մարդիկ, մշակույթները, փիլիսոփայությունը, հոգեբանությունը, արվեստը, պատմությունը… Ինչպես յուրաքանչյուր մարդ ունի կյանքի իր ուրույն ճանապարհը, այդպես էլ ամեն ժողովուրդ ունի իր սեփական պատմությունը: Ճակատագիր էր, երբ հայ կոմպոզիտորը ինձ համար բացեց Հայաստանի դռները: Բրազիլիայի համար դռները բացեց մի լուսանկարիչ, իսկ Հունաստանի համար՝ գրող: Երբ մարդը բացում է դուռը և հրավիրում ինձ, փորձում եմ ամենայն պատասխանատվությամբ ու սիրով նայել այնտեղ եղածին:
Հ. Ն. – «Դեղին փոշի. Ճամփորդություն դեպի Հայաստան» գրքի ձեռագիրն ստացել է «Յոհան Գոթֆրիդ Զոյմեի» մրցանակ, «Քառասուն օր Հայաստանում» գիրքը տպագրել է Գերմանիայի հայտնի «Դյումոնթ» հրատարակչությունը: Ի՞նչն է կարևորում գերմանական հրատարակչությունը և գերմանացի ընթերցողն այսօր:
Ք. Յ. – Հեշտ չէր գերմանական հրատարակիչ գտնել, որ հետաքրքրված լիներ Հայաստանի մասին գրականությամբ: «Դեղին փոշի. Ճամփորդություն դեպի Հայաստան» գրքի ձեռագիրն արդեն 12 տարեկան է: 2013-ին է այն արժանացել այդ մրցանակին և մինչ օրս հրատարակիչ չի գտնվել: «Դյումոնթ» հրատարակչության ուշադրությունը գրավեց «Զոյմե» մրցանակը: Բայց համարեցին, որ գործը շատ բանաստեղծական է, չի համապատասխանում իրենց ժանրին: Եվ հրատարակչի հետ որոշեցինք, որ մեկ անգամ ևս այցելեմ Հայաստան, և գիրքը 2015-ին հրատարակվեց: Ես աշխատել եմ շատ կենտրոնացած, բազմաթիվ հայ և գերմանացի ընկերներ ու գործընկերներ օգնել են ինձ: Եվ ահա գիրքը. «Քառասուն օր Հայաստանում»: Դա ոչ միայն ճամփորդություն է երկրի միջով, այլ նաև՝ հայկական առօրյայի, կյանքի, պատմության, հավատի, արվեստի …
Հ. Ն. – Գերմանական գրականությունը հետաքրքրում է հայ գրողին իբրև համաշխարհային գրականության կարևոր մաս, դասական արժեք: Ծանո՞թ է գերմանացի գրողը հայ գրականությանը:
Ք. Յ. – Կարծում եմ, որ երբևէ չի կարող բավարար լինել իմացությունը այլ երկրների գրողների, բանաստեղծների ստեղծագործությունների մասին: Թարգմանությունները շատ կարևոր են: Ովքեր չեն կարող ճամփորդել, այդ կերպ են «ճամփորդում»: Ես շատ եմ գնահատում հայ բանաստեղծներին և շատ ուրախ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռվեց մասնակցելու «Ժամանակակից հայկական պոեզիա» գերմաներեն գրքի թարգմանական աշխատանքներին: Շատ էի ցանկանում հանդիպել Մետաքսեին, ում բանաստեղծությունը թարգմանել էի: Սակայն երբ Հայաստան եկա 2014 թ. ամռանը, նա արդեն չկար: Բայց ուրախ եմ, որ հանդիպեցի նրա դստերը՝ Լիլիթին: Առիթ եղավ Թարգմանչաց տոնին լինել Օշականում, ծանոթանալ շատ հայ գրողների հետ, ծաղիկներ դնել Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին: Ղուկաս Սիրունյանի բանաստեղծությունից մի հատված օգտագործել եմ «Քառասուն օր Հայաստանում» գրքում: Ես գիտեմ, որ դեռ շատ լավ հայ արվեստագետներ կան բացահայտելու:
Հ. Ն. – Ի՞նչ ծրագրեր ունեք:
Ք. Յ. – Մի ցանկություն ունեմ, իհարկե, «Դեղին փոշի. Ճամփորդություն դեպի Հայաստան» գրքի ձեռագիրը կցանկանայի տպագրված տեսնել: Լավ կլիներ, որ Հայաստանի մասին գրած երկու գրքերս թարգմանվեին ու տպագրվեին այստեղ: Կարծում եմ, հետաքրքիր կլինի հայերի համար կարդալ ու իմանալ՝ ինչպիսին է իմ հայացքը, ինչ եմ տեսել ես: «Գրե՛ք, խնդրում եմ, ճշմարտությունը»,- իմ աշխատանքի մասին իմանալով՝ ասաց ինձ անծանոթ մի հայ մարդ, ում հանդիպեցի իմ ճանապարհին: Ես ասացի նրան, որ ճշմարտությունը չէ, որ ուզում եմ իմանալ. ես սիրով ու պատասխանատվությամբ գրում եմ ինչ տեսնում եմ:

Դեղին փոշի. Ճամփորդություն դեպի Հայաստան*

***
Գերմանացին, ամերիկացին ու հայը գրազ եկան. լեռ բարձրանան, ով վերջինը լինի՝ նրան ուտում են:
Ամերիկացին վազեց, վազեց, վազեց. առաջինն էր լեռան վրա:
Գերմանացին վազեց, վազեց, վազեց. երկրորդն էր լեռան վրա:
Հայը վազեց, վազեց, վազեց. վաղուց տանն էր:

***
2000 թվականի օգոստոսի սկիզբն էր: Ես հուզված Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայան հասա, վազում էի: Ճամփան դեպի այդ օդանավը ինչ-որ կերպ գտնել էր պետք: Վազում էի, վազում. ճամփան հարցրեցի: Ետ ու առաջ էի վազում: Հայտարարություններ, ցուցատախտակներ. աչքի անցկացրի բոլոր հայտարարությունների աղյուսակները: Ուշադրություն չդարձրեցի աղյուսակների թվերին: Վազում էի ու փորձում առանց ուշադրություն դարձնելու համարներին, ճիշտ օդանավը գտնել: Ժամանակը, ժամանակը սուղ է:

***
Նոյը բացեց պատուհանը: Երկիրը պատված էր մութ ջրերով: Նոյը ձեռքին մի ագռավ ուներ, որին ասաց. «Թռի՛ր ու լուր բեր, երբ ջրերը ցամաքած լինեն»: Ագռավը գնաց կորավ: Նա տապանից առաջ ու ետ թռավ, գնաց հեռու ու ետ եկավ: Վտանգավոր պտույտներ էր գործում: Մեծ տպավորություն թողեց կենդանիների վրա. ընկնում էր, վերջին պահին վեր բարձրանում: Բայց այդպես էլ նա չկարողացավ Նոյին ցանկալի պատասխանը բերել:
Մինչ Նոյը կբացեր պատուհանը, քառասուն օր ու քառասուն գիշեր անձրև էր թափվում: Քառասուն օր ու քառասուն գիշեր անձրևում էր ու ջրերը բարձրացան: Նույնիսկ լեռների կատարները ծածկված էին ջրով՝ Արարատը նույնպես: Կենդանի ամեն բան սուզվեց ջրերի տակ, ու Նոյան տապանը լողաց ջրերի միջով:

***
Նախքան Տապանը ջրերի միջով կլողար, մի նավ սարքեց Նոյը, երեք հարկանի մի լողացող տուն՝ խիժաբեր փայտից, կուպրապատ, դուռ ու պատուհաններով:
«Ես կփրկեմ քեզ, Նո՛յ: Բարի մարդ ես դու, չես մեղանչել»:

***
Աստծուց է ամեն բան: Բայց չարությունը նկատի չէր առնված: Ու քանի որ աշխարհ եկավ չարությունը, Աստված որոշեց Ջրհեղեղ անել: Նա ասաց. «Ամեն ինչ որ ստեղծել եմ, պիտի կործանեմ, մարդկանցից մինչև անասուն ու բոլոր թռչունները այս երկնքի տակ»:

***
Բայց դեռ չկար ջրհեղեղը: Նոյի նավը դեռ պատրաստ չէր: Թփեր չկային երկրի վրա: Կանաչը դեռ չէր աճել դաշտում, մարդ չկար որ հողը մշակեր: Մշուշ բարձրացավ ու պատեց ողջ երկիրը: Խաղաղ էր:

***
Միացան բարձրախոսները: Օդանավի կապիտանն է խոսում: Որոշ մասն էի հասկանում, բայց կռահեցի ասածը: Ոտքերի տակ հողն էր զգացվում: Գիրքս դրեցի պայուսակիս մեջ ու սկսեցի հավաքվել:
Դեռ թռչում էինք:
– Կարծես ծովի վրայո՞վ ենք թռչում:
Թուխ մազերով ուղեկցորդուհին ցած նայեց ու գլխով համաձայնության նշան արեց: Մյուս երկուսը արդեն ներքևի միջանցք էին շտապում: Ժամանակ չէր մնացել: Երեք ուղեկցորդուհիները սպիտակ պլաստիկ ափսեներն էին հավաքում ու արծաթագույն տակդիրները: Վարագույրի ետևում մատուցարաններն էին հավաքել: Երկու տղամարդ, ում ոստիկանները բերեցին Ֆրանկֆուրտում, նստած էին իմ առջև: Հայացքս նրանց ծոծրակներին էր: Նրանք տուն էին գնում, իսկ ես՝ ով գիտի թե ուր:

***
Խաղաղ է: Կարծես լուսնի վրա վայրէջք կատարած լինեինք: Առաջին հայացքից այս երկիրը բաղկացած էր ամայի փռված տարածքից՝ մի աշտարակի վրա, ասես դուրս մնացած կամ մոռացված, ամենը դեղին լույսերի մեջ ընկղմված: Մի դատարկ տարածություն էր հիշեցնում:

***
Խաղաղ է: Ասես իսկապես լուսինը լիներ կամ աշխարհի ծայրը: Աշտարակը թեք չէ, վայրն է ամայի: Ո՞վ է արդեն այստեղ: Ինչ-որ տեղից ուղեկցորդուհին է՝ ձեռքին անձրևանոց:
Հնարավոր է, որ ջրհեղեղ է եղել ու դրանով է պայմանավորված այս խաղաղությունը: Աշխարհը գիտի, մենք չգիտենք: Նույն օդանավով եկածները շտապեցնում են մեզ. իրերն ենք հավաքում ու բարձրանում: 2000 թվական ենք գրում: Ի՞նչ անել դեղին մի գիշեր իրականության հետ:

***
Կոմպոզիտորն ինձ ծանոթացրեց իր ընկերոջ հետ.
– Առաջ այստեղ կանոնավոր ավտոբուսներ էին երթևեկում:
– Առաջ այստեղ փողոցային լուսավորություն էլ կար: Բայց իմ ընկերն այստեղ է միշտ. քսանհիգ տարի ու երեք ամսվա:
Ընկերը գլխով համաձայնության նշան արեց:
Մեքենայով է ընկերը: Մենք նստեցինք, ու նա տարավ մեզ քսան կիլոմետր մինչև քաղաք:
***
Առավոտյան ժամը հինգին հասանք մայրաքաղաք Երևան: Գունավոր լույսեր էին տներում:
– Ինչպես անցյալում:
Մեքենան թեքվեց: Մենք շեղվեցինք պողոտայից:
– Թումանյանն է սա:
Լուսարձակի լույսն ընկավ մի մեծ բակի վրա: Հանկարծ ետևում մի ոստիկան հայտնվեց: Մենք իջանք: Ամեն ինչ խաղաղ էր: Ոստիկանը նույնպես իջավ: Նրանք քայլում էին բակում՝ ինչպես տանը: Ոստիկանը – ամենուր այս ոստիկանները: Նա մոտեցավ ընկերոջը: Խոսակցություն սկսվեց: Այդ ընթացքում ընկերն ավելի շատ էր փորձում խոսել նրա հետ, քան նա նրանց: Ըստ երևույթին՝ իմ ճամպրուկն էր պատճառը: Ես ոչինչ չհասկացա: Կոմպոզիտորը լուռ կանգնած էր:
Վերջապես ընկերը պտտվեց, սահեց ոստիկանական մեքենայի մեջ, բացեց ետևի նստատեղին դրված թղթապանակը և ետ եկավ՝ ձեռքին վարորդական մի քանի փաստաթղթեր:

***
Մի քիչ էլ կանգնեցին կողք-կողքի՝ կոմպոզիտորը, իր ընկերը և ոստիկանը: Նրանք խոսում ու ծիծաղում էին. ասես հենց նոր էին գտել իրենց հարևանների բարեկամներին:
– Ոչինչ պետք չէ: Բարի գիշեր:
– Ո՛չ: Իսկապես պետք չէ ոչինչ:
Երևում է՝ արգելված էր մեր ճամփան: Մինչդեռ մեկը կարող է գալ այստեղ առանց ծաղիկների ու ասել՝ ահա ինչ-որ հյուրեր:
*Տպագրվում է հատվածաբար

Հարցազրույցը և
թարգմանությունը՝
Հերմինե ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ