ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Արա ԱՐԹՅԱՆ

Գրողի ժամանակը, ըստ իս, ենթակա է բոլորովին այլ չափումի: Այն պայքար է ընդդեմ ժամանակի կաղապարայնացման, հանուն այն ժամանակի, որ միավորում է իր երեք չափումները՝ անցյալը, ներկան և ապագան նույն կիզակետում: Արդիականը անմիջական փորձություն է: Գրողը կարող է կուլ գնալ այդ փորձությանը, եթե չստեղծի իր ժամանակը: Եթե իր գիրկը չառնի հարազատ հողի մարմինն ու հոգին, անսակարկելի սիրով չփարվի նրան և չներծծի նրա արժանիքներն ու արատները և եթե նա ի՛նքը չդառնա իր սեփական կերպափոխված դարաշրջանը՝ գալիքը կփակվի նրա դեմ: Այսօր ժամանակակից են նրանք, ովքեր ստեղծել են իրենց ժամանակը՝ միանգամայն տարբեր և անեզրական: Հին Արևելքի պոետներից մինչև Նարեկացի, Ուիթմեն, Լորկա ու Ռիլկե: Գրականության ժամանակը կարող է ժամանակավորապես սայթաքել իր շառավղից, գրողի ժամանակը անընդհատ ընդարձակվում է՝ ներառելով հասանելին ու անհասանելին, առարկայականն ու հայեցողականը: Այսօր գրականության ժամանակը կերպարափոխվել է, վերածվելով գրողի ժամանակի: Եվ գրողը այլևս մարգարե է, անկախ նրանից, որ չի ընկալվում իբրև այդպիսին: Նա՝ կրակի գյուտի հեղինակը, այսօր էլ պարտավոր է ջահակիր լինել, առաջնորդել դեպի հոգևոր աշխարհի նորանոր մայրցամաքներ: Փոփոխվում է Սահմանադրությո՞ւնը, մենաթալանը փոխվում է խմբաթալանի՞, գրողի գործը մեկն է՝ Խղճի Սահմանադրության անփոփոխության պաշտպանությունը: Կորուսյալ ժամանակի որոնումներում Գիրն իր գտնողն ու հավերժացնողն է, նրան անուն պարգևողն ու խոսքի տեր դարձնողը: Որովհետև գրողի ժամանակը գրի ժամանակն է, գրականությունը՝ էաբանություն: