ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Արտեմ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գրողի ժամանակը. թվում է` ծեծված թեմա է, բայց այն խիստ կարևոր է: Ինչո՞ւ: Որովհետև պոեզիան իր էությամբ հիմնականում սոցիալական է, լուրջ պոեզիան, 20-րդ դարի պոեզիան՝ Բրեխտի, Մայակովսկու, Մանդելշտամի, Չարենցի, Պ. Սևակի պոեզիան այդպիսին է: Կան վերնախավի և պետության կողմից գաղտնի սահմանված մոդելներ. նրանք առաջարկում են գրողին հետևել իրենց ստեղծած այդ մոդելներին՝ պատուհանի վրա ցրտի բյուրեղների զարդանախշ, աստիճաններ՝ տանող դեպի Հավերժը, բնության հիասքանչ դրսևորումների թեմաներ, սիրո ապրումների գեղգեղոց… Պարզ չէ՞, որ այս քաղաքական կարանտինը, որ դրված է պոեզիայի վրա, հանուն «հավերժական» արժեքների, որոնք իբրև չպետք է խախտել, նույնպես քաղաքական նպատակների է ծառայում. գրիր ամեն ինչի մասին, բայց չհամարձակվես ցույց տալ և գրել սոցիալական կտրվածքի դժոխքի մասին: Դա գրականությունից և հատկապես պոեզիայից դուրս խնդիր է: Լավ է, չէ՞, վերևները, օլիգարխները թալանում են, իսկ դու պետք է գրես «պատուհանի զարդանախշի և սոխակի դայլայլի մասին: Այդ պոեզիան արհամարհանքով անվանում եմ «լիրիկական ծիծիկակա» կամ Պ. Սևակի խոսքով. «նեյնիմ-մեյնիմ», որով հեղեղված է հայ պոեզիան:
Հայ ընթերցողի ճաշակի քիմքը թունավորված և մաշված է միջակ ձիրքի տեր գրողների «լիրիկական» զեղումներով: Այո՛, նորից եմ կրկնում, պոեզիան պետք է կապվի դարի դրսևորումների հետ, նյութը հրատապ պետք է լինի բոլոր առումներով՝ իհարկե կենտրոնում դնելով ժամանակակից պրոբլեմներ և անձնական տեսիլքի շիկացումները:
Բառի գեղեցկության և «լեզվի» պոեզիա էլ գոյություն ունի, բայց դրանք հիմա ինչ-որ չափով հնանում են և ծամծմում անցած գեղագիտական – սիրամարգային ծեքծեքումները:
Պոեզիան պետք է կապված լինի երկրի, ժամանակի հետ՝ ուրիշ կերպ լուրջ պոեզիան չի էլ կարող հարատևել. Հայաստանը տալիս է այդ հնարավորությունը, մենք մեծ պրոբլեմներ ունենք:
Չարենցի բանաստեղծությունն իր ծածկագիրն ուներ, նա այնքան մեծ, վիթխարի և հատու խոսքի հայ էր, որ ինչպես էլ լիներ, լինելու էր նոր ուղղության կրողը, նրա տրուբադուրը:
Մի առիթով Օսիպ Մանդելշտամը Աննա Ախմատովային ասել է՝ Աննա, ես կարծում եմ՝ պոեզիան պետք է լինի քաղաքական, այլապես զեղումների պատճառով կմտնի փակուղի… Եվ դա ասում է ռուսական լիրիկայի կորիֆեյներից մեկը:
Այսինքն՝ ժամանակները փոխվել են, և գրականությունն էլ պետք է փոխվի: Եթե առաջ խաղաղ և ապահով հասարակություններ էին, գեղագիտական խոսքի ծեքծեքումներով լեցուն, ապա հայտնվող ֆաշիզմը իր հետ ծնեց այդ նույն ֆաշիզմի մռութը ծեփող Բ. Բրեխտ, ապա Մայակովսկին՝ քաղքենիության ու ընչաքաղցության մռութը ծեփեց, Պ. Սևակի ուժեղ գործերը այդ նույն տարածքում են գործում:
Ինչքան ժողովուրդն աղքատանում է, այնքան վերևները շքեղանում են: Ընդհանրապես նորմալ հասարակության մեջ կարևոր են մարդու՝ տվյալ հասարակության հետ հարաբերությունները, նաև՝ մարդն ու իր խիղճը, բայց մեզանում շարունակ ազգի, երկրի հարցերն են գրողի դիմաց կանգնում: Շատ դժվար է շտկվում հայ մարդու մեջքը: Արցախի պատերազմում հաղթեցինք, բայց հիմա այդ գեղեցիկ սահմանը զինված է երկու կողմից, Ղարաբաղում և Հայաստանում ապրելը հերոսություն է, որովհետև ամեն րոպե կարող է պատերազմ սկսվել:
Այո՛, գրականության «ծեքծեքումային» ժամանակներն անցել են, վավերագրականը երբեմն ավելի շատ գեղարվեստ ունի իր մեջ, քանզի իրականությունն այնպիսին է, որ շատ երևույթներ ֆանտաստիկ, ապշեցուցիչ լինելով՝ արդեն գեղարվեստական են. ի՞նչ արեց Բոդլերը իր «փարիզյան» պատկերներում «այլանդակը ներկայացրեց որպես» գեղեցիկ: Իր դարը ստիպեց նրան դա անել:
Կար ժամանակ, երբ գեղագիտական խոսքը, լեզուն «թագավորական» կառույցներ էին, իսկ այսօր մարդու գլխին կախված թունավոր երկինքն ու վտանգված բնակավայրերը շատ ավելի հրատապ թեմա են: Բա գեղարվեստն ո՞ւր մնաց: Թագորը՝ լոտոսի թերթերով, Մետեռլինկը՝ իր հրեշտակներով և կապույտ թռչնով: Բայց քաղաքական պոեզիան միայն այն դեպքում է գործում (առայժմ դա աքսիոմ է), երբ անցնում է պոետի հոգու և ներաշխարհի միջով:
Հասարակությունը երբեմն դաժան է և չի ցանկանում« ադաթներից հրաժարվել: Նոր սերունդ է գալիս, ավելի համարձակ և ուժեղ, հատկապես մեր աղջիկների, կանանց պոեզիան, որ վերջապես ազատություն ստանալով, իրենց ապրածն են անկեղծ ու անկաշկանդ վերապատկերում, հաղորդվում ապրող էակին և աշխարհին: Իսկ շատերը այն համարում են «բարոյականություն»՝ այդ նույն «ադաթի» թունավոր սովորույթներից ելնելով: Հայ գրականությունը պետք է շուտափույթ ազատվի «գրական թումբանիզմից», եթե անհրաժեշտ է որևէ բաց նկարագրություն, որը նպաստում է բովանդակությանը, կերպարի լիարժեք բացահայտմանը, պետք է լինի: Այդ բանը բազմիցս ասել են Ջ. Ջոյսը, Հ. Մեյլերը, Դ. Հ. Լոուրենսը, Ֆլոբերը, Բոդլերը, որոնց գրքերը դատվեցին և արգելվեցին՝ որպես« բարոյական ռեալիզմը (ինչ տերմին է, չէ՞) ոտնահարող գրական երևույթներ:
Իմ վերջին՝ «Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից գրքի մասին երբեմն ասում են՝ շատ է քաղաքականացված և բարդ: Կպատասխանեմ Թ. Ս. Էլիոթի տողերով. «Ինձ մեղադրում են, որ ես բարդ եմ, բայց ժամանակներն իրենք են բարդ, իսկ իմ պոեզիան արտացոլում է այդ ժամանակները»: