ԲԱԿՈՒՐԻ (ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ) ծննդյան 75-ամյակը

ՀԳՄ վար­չու­թյու­նը շնոր­հա­վո­րում է արձակագիր, հրապարակախոս
ԲԱԿՈՒՐԻՆ (ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ) ծննդյան 75-ամյակի առթիվ

ԲԱԿՈՒՐԸ …
Ես ամենևին չեմ կասկածում, որ հայ պատմաբանները կուսումնասիրեն և կլուսաբանեն Հայաստանի գրողների միության անգնահատելի դերը մեր ժողովրդի ազգային ինքնագիտակցության զարթոնքի գործում, որը ստացավ «Ղարաբաղյան շարժում» անունը: Հավանաբար, արխիվներում պահպանվում են կուսակցական կամ թե ոչ կուսակցական ժողովների արձանագրությունները, գրողների ելույթների տեքստերը, պարբերական մամուլում լույս տեսած հողվածները: Օրինակ, հիշում եմ դեռևս 1987-ի սկզբին գրողների ընդհանուր ժողովին մենք քննարկում էինք հայկական պատմական երկու մարզերը Հայաստանի ԽՍՀ-ին միացնելու նպատակով Նախիջևանում և Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության հանրաքվե անցկացնելու հարցը: Այնտեղ էլ որոշեցինք, որ մեր գրչակից ընկերներից մեկին Նախիջևան ուղարկելու խնդիրը (ԼՂԻՄ-ի հետ կապված նման հարց չկար): Եվ ահա Գրողների միությունը միաձայն որոշում ընդունեց Նախիջևան գործուղել Արցախյան շարժման բացառիկ գործիչներից մեկին` գրող, հրապարակախոս, տարեգիր ու տաղանդավոր հեռուստամեկնաբան Բակուր Կարապետյանին:
Ասեմ, որ այն ժամանակ թուրքերն ու կովկասյան թաթարները, որոնք չգիտես ինչու «ադրբեջանցիներ» անունը ստացան, վստահ էին, որ հայերը վաղուց են հաշտվել իրենց վիճակված «զոհի սինդրոմին»: Դա տիպիկ թուրքական ինքնախաբեություն էր: Ու դրանում համոզվել էր Բակուր Կարապետյանը` Արցախյան գոյապայքարի ամենաակտիվ մարտիկներից մեկը: Իրականացնելով Գրողների միության առաջադրանքը՝ նա հանդիպեց նախիջևանյան մեր համերկրացիներին: Չնայած խիստ նախազգուշացումներին ու հետապնդումներին, երկրամասից հեռանալու պահանջներին, Բակուրը եղավ հայկական բնակավայրերում, կարողացավ հսկայական նյութ հավաքել Նախիջևանում հայերի նկատմամբ եղեռնի շարունակության մասին: Այն ժամանակ հեշտ չէր հրապարակել նրա բերած նյութերը, սակայն դրանց մի մասը, այնուամենայնիվ, լույս տեսավ մամուլում: Ահա թե ինչ էր գրում նա. «Նախիջևանի «Թավրիզ» հյուրանոցի դիմաց Հին Ջուղայից հայկական մշակույթի եզակի նմուշներ էին բերել, որոնք հոշոտված, վնասված էին, հայերեն վիմագրերը` ջնջված: Երկրագիտական թանգարանում հայկական ոչ մի ցուցանմուշ չկար: Նախիջևանի շրջակայքում ես տեսել եմ, թե ինչպես են ոչնչացվում հայկական պատմամշակութային հուշարձանները: Ագուլիս քաղաքում հիմնահատակ ոչնչացվել են տասն-երկու վանքեր և եկեղեցիներ: Քաղաքակիրթ աշխարհի հայացքի ներքո հոշոտվում են համաշխարհային տաճարային ճարտարապետության գլուխգործոցները»:
Խոստովանեմ, որ դժվար է գերագնահատել գրող և կինոգործիչ Բակուրի դերը մեր սուրբ գոյապայքարում: Եվ, իրոք, ես կատարյալ սխրանք եմ համարում ոչ միայն մեր պատմության համար նրա արձակ ու վավերագրական էջերը, այլև նրա նկարահանած կենդանի կադրերը: Ու ամենագլխավորը, նա միշտ այնտեղ էր, որտեղ տեղի էին ունենում հայկական հերթական դրաման, ողբերգությունները: Նա առաջինն էր (ու երևի թե վերջինը), ով տեսախցիկով հայտնվեց արյունոտ Սումգայիթում, որտեղ կոտորում, սպանում էին հայ բնակչությանը: Բակուրը, իրոք, ամենաթեժ կետերում էր: 1988-ի նոյեմբերի 24-ին էր, երբ ինձ զանգահարեց թուրք գրոհայիններով շրջապատված Կիրովաբադի հայկական թաղամասից: Այնտեղից նրա բերած կադրերում թուրքերի վայրագություններն են, նույն եղեռնի ճյուղավորումներից մեկը:
Իհարկե, դժվար է թերթային փոքրիկ ու նեղ շարվածքում տեղավորել մեր հոբելյարի հերոսությունների բոլոր պատմությունները: Սակայն ձգտել եմ կարճ տողագլուխներով ընթերցողներին պատմել Բակուրի մի քանի իսկական սխրանքների մասին:

Զորի ԲԱԼԱՅԱՆ

ԲԱԿՈՒՐԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՅԱՊԱՏՈՒՄԸ
Բա­կուր Կա­րա­պետ­յա­նի հա­մար կա­րե­լի է ա­սել, որ նա ստեղ­ծեց մի յու­րօ­րի­նակ գրա­կա­նութ­յուն՝ հա­մադ­րա­կան ար­ձակ: Վեր­ջինս հիմն­ված է պատ­մութ­յան և փաս­տե­րի ու­սում­նա­սիր­ման, ար­ցախ­յան և ընդ­հան­րա­պես ազ­գա­յին մտա­հո­գութ­յուն­նե­րի հրա­պա­րա­կա­խո­սա­կան հար­ցադ­րում­նե­րի և դրանք գե­ղար­վես­տո­րեն ար­տա­հայ­տե­լու վրա:
Բա­կուր Կա­րա­պետ­յա­նին կա­րե­լի է հա­մա­րել Րաֆ­ֆու փաս­տաու­ղեգ­րա­կան ար­ձա­կի շա­րու­նա­կո­ղը: Խորհր­դան­շա­կան է, որ թե՛ 19-րդ և թե՛ 20-րդ ­դա­րե­րում մղում տվո­ղը ե­ղել է Ար­ցա­խի անց­յալն ու ա­պա­գան:
Մեծ խոր­հուրդ կա և այն ի­րո­ղութ­յան մեջ, որ 1981 թ. Բա­կուր Կա­րա­պետ­յա­նը գնա­ցել է Թբի­լիսիի և այն­տե­ղից ան­ցել այն ճա­նա­պար­հով, ո­րով Րաֆ­ֆին էր ան­ցել հար­յուր տա­րի ա­ռաջ, ո­րի հա­մար ուղեգ­րութ­յունն ան­վա­նել է «Հար­յուր տար­վա երկ­խո­սութ­յուն»: Հար­յուր տա­րին մեծ ժա­մա­նա­կա­հատ­ված է, և թվում է, թե աշ­խար­հա­յաց­քա­յին ա­ռու­մով սե­րունդ­նե­րի մեջ վեճ պետք է լի­նի: Երկ­խո­սութ­յու­նը, սա­կայն, բա­նա­վե­ճի չի վե­րած­վում, ո­րով­հետև Րաֆ­ֆու ցավն ու մտա­հո­գութ­յու­նը փո­խանց­վում են մե­րօր­յա հե­ղի­նա­կին: Նա դառ­նում է նույն ցա­վե­րի ար­տա­հայ­տո­ղը, ո­րով­հետև անց­նող հար­յուր տա­րի­նե­րի ըն­թաց­քում ե­թե որևէ բան փոխ­վել էր, ա­պա հօ­գուտ Ար­ցա­խի չէ, որ փոխ­վել էր:
Ու­ղեգ­րութ­յու­նը յու­րօ­րի­նակ կա­ռուց­վածք ու­նի: Անց­նե­լով Րաֆ­ֆու ճա­նա­պար­հով՝ նույն այդ ճա­նա­պար­հի տար­բեր բնա­կա­վայ­րե­րի, հու­շար­ձան­նե­րի ու աղբ­յուր­նե­րի մա­սին վկա­յա­կո­չում է Րաֆ­ֆու 1880-ա­կան թթ. գրա­ծը և վեր­ջի­նիս ա­վե­լաց­նում 1980-ա­կան թթ. իր գրա­ռում­նե­րը:
Ինչ­պես որ Րաֆ­ֆին ժա­մա­նա­կին նշել էր իր մտա­հո­գութ­յուն­նե­րը, այն­պես էլ նա ա­վե­լաց­նում է նո­րե­րը: Րաֆ­ֆին գե­ղար­վես­տա­կան են­թա­տեքս­տով գրել էր ցա­րա­կան գրաքն­նութ­յան պայ­ման­նե­րում, նույն են­թա­տեքս­տով իր հար­ցադ­րում­ներն է Բա­կուր Կա­րա­պետ­յա­նը կա­տա­րում Խորհր­դա­յին Միութ­յան փլուզ­մա­նը նա­խոր­դող տա­րի­նե­րին:
Եր­կու ու­ղեգ­րութ­յուն­նե­րի եր­թու­ղին անց­նում է Հյու­սի­սա­յին Ար­ցա­խով՝ Շա­հում­յա­նի շրջա­նի մի քա­նի գյու­ղե­րով, ա­պա և Մար­տա­կեր­տի այն գյու­ղե­րով, ո­րոնք այ­սօր կա՛մ գտնվում են հա­կա­ռա­կոր­դի վե­րահս­կո­ղութ­յան ներ­քո և կա՛մ էլ 1992-94 թթ. և այս ապ­րիլ­յան քա­ռօր­յա պա­տե­րազ­մի ըն­թաց­քում մար­տա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի թա­տե­րա­բեմ էին:
Այս տե­սանկ­յու­նից ա­ռանց խո­րը ցա­վի և հուզ­մուն­քի հնա­րա­վոր չէ կար­դալ ու­ղեգ­րութ­յան այն հատ­ված­նե­րը, ո­րոնք վե­րա­բեր­ում են այժմ հա­կա­ռա­կոր­դի վե­րահս­կո­ղութ­յան ներ­քո գտնվող բնա­կա­վայ­րե­րին:
Հայ­րե­նի աշ­խար­հի ճա­նա­պարհ­նե­րով ձգվող ու­ղեգ­րութ­յան ժան­րին իր նվիր­վա­ծութ­յու­նը և գրա­կան վար­պե­տութ­յու­նը նա նույն շրջագ­ծում ցույց տվեց նաև «Երկ­խո­սութ­յուն Քար­վա­ճա­ռի ճա­նա­պար­հին» (Երևան, 2005 թ.) գրքում: Դարձ­յալ անց­յա­լի և ներ­կա­յի զու­գա­հե­ռով գրված այս ու­ղեգ­րութ­յու­նը, սա­կայն, ու­նի մի էա­կան տար­բե­րութ­յուն: Այս­տեղ ևս ­թեև կան տար­բեր մտա­հո­գութ­յուն­ներ՝ կապ­ված Ար­ցա­խի հետ, սա­կայն դրանք ար­դեն կապ­վում են մեր երկ­րի և ժո­ղովր­դի ու­նե­ցած պա­տաս­խա­նատ­վութ­յան ու հա­վա­քա­կան կամ­քի հետ:
Հա­մադ­րա­կան ար­ձա­կի մի դրս­ևո­րում է նաև «Շու­շե­ցու հի­շա­տա­կա­րա­նը», որը հե­ղի­նա­կն ան­վա­նել է պատ­մա­վեպ, թեև այս­տեղ ներ­կա­յաց­վում են 1910-1970-ական թթ. ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը: Այն թեև մա­սամբ նաև մեր ապ­րած կյանքն է ներ­կա­յաց­նում, սա­կայն այ­սօր­վա տե­սան­կյու­նից ի­րա­պես թվում է հե­ռա­վոր պատ­մա­կան մի անց­յալ:
Այս գոր­ծը ոչ թե փաս­տա­վա­վե­րա­գրութ­յուն է, այլ փաս­տա­վա­վե­րագ­րա­կան գրա­կա­նութ­յուն, որն ա­ռա­ջին հեր­թին ար­տա­հայտ­վում է գլխա­վոր հե­րո­սի ընտ­րութ­յամբ: Վեր­ջինս ոչ թե հա­վա­քա­կան, ընդ­հան­րաց­ված կեր­պար է, այլ ար­ցախ­յան գյու­ղե­րից մե­կի ի­րա­կան բնա­կիչ: Այս վե­պը բնո­րոշ մի օ­րի­նակ է, թե ինչ­պես մեկ մար­դու մի­ջո­ցով կա­րող է բեկ­վել և ար­տա­ցոլ­վել ժո­ղովր­դի պատ­մութ­յու­նը: Վե­պի հե­րո­սը ին­ը տա­րե­կա­նում տես­նում է Շու­շիի 1920 թ. կո­տո­րա­ծը, ա­պա՝ 1920-30-ական թթ. դժվա­րին տա­րի­նե­րը, անց­նում է Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի ճա­նա­պարհ­նե­րով, գե­րի ընկ­նում, գե­րութ­յու­նից վե­րա­դառ­նում և հայ­րե­նի Ար­ցա­խում շա­րու­նա­կում ապ­րել ա­նե­րեր նույն կեն­սա­փի­լի­սո­փա­յութ­յամբ, որ դժբախտ են նրանք, ով­քեր գտնվում են հայ­րե­նի հո­ղից հե­ռու:
Գլխա­վոր հե­րո­սի ի­րա­կան անձ­նա­վո­րութ­յուն լի­նե­լը ա­վե­լի ընդգ­ծե­լու հա­մար գրքում բեր­ված են հե­րո­սի լու­սան­կա­րը և տար­բեր փաս­տաթղ­թեր:
Ընդ­հան­րա­պես անհ­րա­ժեշտ է նշել, որ Բա­կուր Կա­րա­պետ­յա­նի ար­ձա­կի յու­րա­հատ­կութ­յուն­նե­րից մե­կը շա­րադ­րան­քը հա­մա­պա­տաս­խան լու­սան­կար­նե­րով զու­գակ­ցելն է, որն ա­ռա­վել ար­տա­հայ­տիչ է դարձ­նում ա­սե­լի­քը, հատ­կա­պես ու­ղե­գրութ­յուն­նե­րի դեպ­քում:
Շնոր­հա­վո­րե­լով հո­բել­յա­րին ծննդյան 75-ամ­յա­կի կա­պակ­ցութ­յամբ՝ մաղ­թենք, որ նույն ե­ռան­դով ու նվիր­վա­ծութ­յամբ նա անց­յա­լի, ներ­կա­յի ու ա­պա­գա­յի ժա­մա­նա­կա­յին ե­րեք չա­փում­նե­րով ներ­կա­յաց­նի Ար­ցախ աշ­խար­հը տար­բեր տե­սանկ­յուն­նե­րից, այն­տեղ ապ­րող ժո­ղովրդով ու նրա հա­րուստ և հե­րո­սա­կան պատ­մութ­յամբ:

Վարդան ԴԵՎ­ՐԻԿ­ՅԱՆ
ՀՀ ­ԳԱԱ Մ. Ա­բեղ­յա­նի ան­վան
գրա­կա­նութ­յան ինս­տի­տու­տի տնօ­րեն