Արևշատ Ավագյան – 75

Արևշատ Ավագյան – 75
Հոկտեմբերի 29-ին Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ բանաստեղծ, նկարիչ Արևշատ Ավագյանի ծննդյան 75-ամյակին նվիրված գրական ցերեկույթ:
Գրականագետ, բան. գիտ. դոկտոր Սամվել Մուրադյանն իր խոսքում նշեց, որ գրողի հետ գրական երևույթների, գեղանկարչության, առհասարակ կյանք և արվեստ հարաբերության մասին խորհրդակցելիս միշտ տեսել է պրպտող, ստեղծագործելու ավյունով, ձիրքով լցված հզոր անհատականությանը, ում ամբողջ կյանքը դարձել է նվիրում հայ արվեստին, հայ գրականությանը և հայ գեղանկարչությանը: ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանը գրականության տարածման, հանրահռչակման գործում ունեցած ավանդի համար հոբելյարին պարգևատրեց «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով և պատվոգրով: Ըստ գրականագետ, ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանի` Ա. Ավագյանը ստեղծել է իր աշխարհ-մոլորակը, որի շուրջը տասնամյակներ շարունակ պտտվում է իր պոեզիան: «Այդ բանաստեղծությանը բնորոշը երկնքի և երկրի միջև տիեզերական անհունի մեջ մարդու գոյության առեղծվածի բանաստեղծական արտահայտությունն է»,- ընդգծեց բանախոսը, անդրադարձավ ՀԳՄ-ում Ա. Ավագյանի գործունեությանը, շեշտեց նաև նրա՝ որպես մշակութային ֆոնդի նախագահի մեծ ներդրումը:
Բանաստեղծ Հովիկ Հովեյանի բնորոշմամբ` «Նրա միտքն ու երևակայությունն ընդգրկում են անսովոր չափումներ ու տարածքներ: Ավագյան բանաստեղծն ու գեղանկարիչը չափագրում է հոգու տարածքը և չի հատնում»: Ըստ ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի՝ «Արևշատի ստեղծագործությունները մաքուր ու ազնիվ են, այնքա՜ն անկեղծ է նա խոսում ունկնդրի հետ»: Հայ մշակույթին մատուցած ծառայությունների, ազգային-հասարակական կյանքում ունեցած ավանդի համար և ծննդյան 75-ամյակի առթիվ Ա. Ավագյանին «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալով պարգևատրեց Ազգային գրադարանի փոխտնօրեն Հասմիկ Ղազարյանը: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի պատվոգիրը հանձնեց Արագածոտնի մարզի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն ընթերցեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի շնորհակալագիրը և Ա. Ավագյանին շնորհեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Պատվավոր շրջանավարտ» տիտղոսը:
Ելույթ ունեցան Թորոս Թորանյանը, Ալեքսանդր Բոժկոն, քանդակագործ Դավիթ Երևանցին, Անժելա Սահակյանը, Ավ. Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը: Շնորհակալական խոսքում Ա. Ավագյանը խոստովանեց, որ միշտ փորձել է մնալ իր էությանը հավատարիմ և դեմ գնալ պարտվողականությանը: «Հողը շատ թանկարժեք տիեզերական նյութականություն է, որը պետք է ոգեղեն դառնա մշակույթի շնորհիվ»,- ամփոփեց նա:
Ա. Ավագյանի բանաստեղծություններից ասմունքեցին Գ. Սամվելյանը, Ս. Վարդևանյանը, Ա. Նավասարդյանը: Ելույթ ունեցավ Ա. Համբարյանը: Ա. Եղիազարյանը, Մ. Կյուրեղյանը և Հ. Մանուկյանը ներկայացրին հոբելյարի խոսքերով գրված «Գիշերն այգիներում» և «Աստղաձուկ» երգերը: Ցերեկույթի հանդիսավարն էր Գ. Սամվելյանը:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ