ԱՎԱՆԴԱԿԱՆ ԾԻՐԱՆԱՏՈՆ

ԱՎԱՆԴԱԿԱՆ ԾԻՐԱՆԱՏՈՆ

Հուլիսի 1-ին Աշտարակից Օշական տանող մայրուղու ձախ հատվածում՝ «Յոթ մուսաների այգում», նշվեց արդեն ավանդական դարձած Ծիրանատոնը: Տարիներ առաջ այգին հիմնադրվել է Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ, բանաստեղծ, գեղանկարիչ Արևշատ Ավագյանի նախաձեռնությամբ և ամեն տարի իր դռներն է բացում գրողների, մշակութային գործիչների առաջ:

Ավանդույթի համաձայն Ծիրանատոնի մեկնարկը տրվեց Օշականի Սուրբ Մաշտոց եկեղեցուց: Ծաղիկներ խոնարհվեցին ինչպես Մեսրոպ Մաշտոցի, այնպես էլ եկեղեցու բակում գտնվող հազարապետ Վահան Ամատունու աճյուններին: Այդ նրա ցանկությամբ ու որոշումով է Մաշտոցը հանգչում Օշականում:

Այնուհետև մեքենաների շարասյունը ուղևորվում է հյուրերի առջև իր կանաչ դռները բացած այգին:

Բացման խոսքում Արևշատ Ավագյանը արժևորեց Ծիրանատոնի խորհուրդը՝ տեղեկացնելով, որ 2002 թ. հայտարարվել է ծառատունկի օր և հրավիրվել են այն ժամանակվա լավագույն մտավորականները՝ Սեն Արևշատյանը, Անահիտ Սահինյանը, Կարեն Սմբատյանը և ուրիշներ: «Առաջին անգամ, երբ ծառերը պտուղներ տվեցին, հավաքվեցինք և ընկերներով հանդիսավորությամբ մեր ուրախությունը նշեցինք: Եվ այդպես ձևավորվեց մրգատոների ավանդույթը, իսկ ծիրանատոնն արդեն դուրս է եկել երկրի սահմաններից»,- ասաց Ա. Ավագյանը՝ նշելով, որ Ծիրանատոնից բացի, մրգերի հասունացման օրերին նշվում է նաև թթատոնը, կեռասատոնը, դեղձատոնը, խաղողատոնը, խնձորատոնը, ընկուզատոնը՝ յոթ պտղատոն՝ նվիրված հայկական մրգերին:  Ընդ որում այգում 12 տեսակ ծիրան կա, վերջինը հասնում է սեպտեմբերին:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, «Յոթ մուսաների այգին» համարելով մշակութային ոգի ունեցող վայր, ուր հանդիպում են մշակույթն ու բնությունը, ասաց. «Դրախտի այգուց մեզ վտարեցին, գոնե մեր կյանքում այսպիսի այգիներում հանդիպենք ու խոսենք մշակույթից, քանի որ մշակույթը վերադարձ է դեպի դրախտ»:

65397529_1291309761019632_6286812504697864192_n

«Յուրաքանչյուր ազգ ունի ֆիզիկական, մտավոր, հոգևոր գոյապահպանության խնդիր»,- ասաց Գագիկ Հակոբյանը՝ արժևորելով Ա. Ավագյանի դերը անձնական նախաձեռնությամբ մտավորականներին համախմբելու գործում:

Ծիրանատոնին մասնակցում էին ՀՀ-ում Ուկրաինայի առաջին դեսպան Օլեքսանդր Բոժկոն, բանաստեղծ, հայ-վրացական կապերի ջատագով, բանաստեղծ-թարգմանիչ, Նինո Սպենդիարաշվիլին, գեղանկարիչներ Ֆաենբերգ Սարգսյանը, Սոս Վարդազարյանը, Սերխաչը, Աբգար Խաչատրյանը, Սամվել Մարությանը, ՀԳՄ անդամներ Անուշ Վարդանյանը, Անահիտ Արփենը, Արտավազդ Նազարյանը, Դավիթ Ավետիսյանը, Արտակ Ավագյանը և ուրիշներ: Իրենց բանաստեղծությունները կարդացին տոնի մասնակից բանաստեղծները: Արտավազդ Նազարյանը կարդաց Ծիրանատոնին և «Յոթ մուսաների այգուն» նվիրված իր բանաստեղծությունների շարքը: Երաժշտական կատարմամբ ելույթ ունեցավ «Տաղարան» համույթի քանոնահար Մարիաննա Գևորգյանը:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ