ԱՆՑՅԱԼԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ՝ ԳԱԼԻՔԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

ԱՆՑՅԱԼԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ՝ ԳԱԼԻՔԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
«Գրական թերթի» հարցերին պատասխանում է ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը

«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ» – Ավարտին է մոտենում 2015 թվականը: Ավանդույթ դարձած «Գրական թերթի» տարեվերջյան հարցազրույցն սկսենք ավանդական հարցով՝ ինչպե՞ս կգնահատեք գրողական համայնքի ստեղծագործական կյանքը անցնող տարում:
ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ – 2015 թվականը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական իրադարձության՝ Հայոց եղեռնի 100-ամյա տարելիցի տարին է, և ամբողջ տարին Հայաստանն ու Սփյուռքն ապրեցին, գործեցին, նաև ստեղծագործեցին այս տխուր տարելիցի հիշողության ու պահանջատիրու­թյան տիրույթում: Բնականաբար, Հայաստանի գրողների միության՝ տարվա ծրագրած անելիքներն այս նույն տիրույթում էին, և հիմա, երբ ընդամենը մի քանի օր է մեզ բաժանում 2016 թվականից, կարող ենք արվածի որոշ ամփոփում կատարել: Գլխավորը, որ կուզենայի նշել՝ գրողի հայացքը, գեղարվեստական անդրադարձն ու վերլուծությունն է հարյուրամյա հեռավորությունից: 1915 թվականից հետո երկար ժամանակ հայ խորհրդային գրողին պարզապես արգելված էր մոտենալ «թեմային», այդ ժամանակաշրջանին հաջորդած տասնամյակը կարողացավ խոսել մեր ցավի մասին Պ. Սևակի, Հ. Շիրազի, Գ. Մահարու, Խ. Դաշտենցի, Մ. Գալշոյանի ստեղծած գրականությամբ: Սակայն նրանցից հետո տիրեց մի, ես կասեի՝ հետաքրքիր լռություն: Վերևում ասացի՝ «հետաքրքիր», բացեմ փակագիծը. կարծում եմ, այդ լռությունը պատրաստում էր այն գեղարվեստական պոռթկումը, որի ականատեսը դարձանք բոլորս: Վերջին երկու-երեք տարիներին ստեղծվել են, իսկապես, 21-րդ դարին համահունչ, աշխարհի հետ խոսող գրական գործեր: Ինչ վերաբերում է Միության գործունեությանը, ամբողջ տարին հագեցած էր 100-ամյակին նվիրված միջոցառումներով՝ բաց դաս Երևանի Ռ. Սևակի, Դ. Վարուժանի, Սիամանթոյի, Սմբ. Բյուրտի, Գր. Զոհրապի դպրոցներում, գրական ցերեկույթներ Գավառում, Արաբկիրի թաղապետարանի հետ Արաբկիր այգում, թիվ 6 գրադարանում՝ գրողների մասնակցությամբ, անպայման շեշտեմ «Հայոց Մեծ եղեռնի արտացոլումը հայ և համաշխարհային գրականության մեջ» թեմայով գիտաժողովը ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում՝ ՀԳՄ մասնակցությամբ: Հիշարժան են «Հողը կը խօսի» և «Ափ մը մոխիր» եղեռնազոհ գրողների ստեղծագործությունները (4 լեզվով) և հայ ու գերմանացի դպրոցականների «Ուրացում-մոռացո՞ւմ» շարադրությունների ժողովածուի շնորհանդեսը Մագդեբուրգում ու Հալլեում (Գերմանիա) իմ մասնակցությամբ և Խնկո-Ապոր անվան գրադարանում՝ ՀԳՄ-ի հետ համատեղ, «Հողը կը խօսի» անգլերեն գրքի շնորհանդեսը Բուխարեստում, գերմաներեն թարգմանությամբ՝ Վիեննայում, ռուսերեն թարգմանությամբ՝ ռուսական «ՊԷՆ» կենտրոնում՝ Լ. Բլբուլյանի, Հ. Նավասարդյանի, Տ. Գաբոյանի մասնակցությամբ, արձակագիր Դիանա Համբարձումյանի «Հեռագիր Ֆաթմային» գրքի ներկայացումը Մյունխենում, Վահե Արսենի մասնակցությունը Նյուրնբերգում Եղեռնի տարելիցին նվիրված միջոցառումներին: Մինսկում «Գրողը և ժամանակը» միջազգային գրական խորհրդաժողովին իմ ելույթը Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ… Թվարկվածը արվածի մի մասն է միայն:
Այս ամենով հանդերձ, Միությունը ապրել է նաև իր գրական առօրյայով: Հաշվի առնելով էջի սուղ հնարավորությունը՝ խոսեմ թվերով. այս տարի 47 գրական ցերեկույթ, երեկոներ են կազմակերպվել, նշվել է 8 գրողի հոբելյան, 18 տոնահանդես, հիշատակում: Սփյուռք-հայրենիք գրական կապերն այս տարի էլ հետաքրքիր հանդիպումներ արձանագրեցին, թվեմ մի քանիսը՝ Վեհանուշ Թեքյանի (ԱՄՆ) «Աղոթքներ ուռկանին մեջ», «Խոսող լեռան պատմությունը» գրքերի շնորհանդեսը, հանդիպում «Բագին» ամսագրի խմբագիր Հակոբ Պալյանի (Բեյրութ), գրականագետ, հրապարակախոս Երվանդ Ազատյանի (ԱՄՆ), գրող Քրիս Բոհջալյանի (ԱՄՆ) հետ: Մասնակցել եմ Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության գրական բաժանմունքների կազմակերպած միջոցառումներին, հանդիպել եմ այդ երկրների հայ ընթերցողների հետ: Քննարկել ենք համագործակցու­թյան հարցեր:
Հայաստանի գրողների միությունը, արդարև, հաստատեց իր համահայկական գրական կազմակերպություն լինելը:
Շարունակվում է մեր համագործակցությունը Հայաստանի բարեկամների հետ, այս առումով, տարին առատ էր նոր գրքերով. Յաիր Աուրոնի «Անընդունելի անտարբերու­թյուն», «Արդի հայ պոեզիան սերբերեն», Ալան Ուայթհորնի «Վերադարձ դեպի Հայաստան», Մարսելա Փոլեյնի «Աշխարհի եզրը» գրքերի, «Զնամյա» ամսագրի 11-րդ համարի (նվիրված հայ գրականությանն ու մշակույթին) շնորհանդեսները, հանդիպումներ Մարգարետ Վայնի (Գերմանիա), Ռեգինա Հիլբերի (Ավստրիա), Քոնստանցե Յոհնի հետ, հայ գրողների՝ Ղ. Սիրունյանի, Կ. Աշուղյանի, Գ. Դավթյանի մասնակցությունը միջազգային գրական փառատոներին Բուլղարիայում, Իտալիայում, Ռումինիայում, Լեհաստանում:
Բավականին արդյունավետ են մարզային բաժան­մունքների հետ տարվող աշխատանքները: Այս տարի մանկական գրքի շաբաթը բացվեց Վայքի մարզում, մեր գրողները հանդիպումներ ունեցան Ջերմուկում և Եղեգնաձորում: Թալինի մշակույթի տանը հանդիպում կազմակերպվեց բանաստեղծներ Արևշատ Ավագյանի և Բագրատ Ալեքյանի հետ, Մեղրիում տեղի ունեցավ Ներսես Խառատյանի «Խաղ մահվան հետ» ժողովածուի շնորհանդեսը՝ Ռ. Հովսեփյանի, Ֆ. Մելոյանի, Ս. Կոսյանի մասնակցությամբ: Անպայման նշեմ բակունցյան օրերը Գորիսում և իսահակյանական պոեզիայի օրերը Գյումրիում: Մարզային կառույցներն ստեղծագործական կյանքով են ապրում, հենց «ԳԹ»-ն բազմիցս է անդրադարձել մարզերի գրական անցուդարձին՝ հանդիպումներ, քննարկումներ, շնորհանդեսներ: Օգտվելով առիթից, բարի խոսքով հիշեմ մեր մասնաճյուղերի ղեկավարների նվիրված աշխատանքը: Անկախության տարիների մեր համագործակցությունը Արցախի ԳՄ-ի հետ արդեն ստեղծել է ավանդույթներ, որոնք տարեցտարի ամրանում են, իսկ նորերը՝ ավելանում:
Արդեն անցյալի փաստ դարձած միջոցառումները, շնորհանդեսներն ու քննարկումները իմաստավորվում են բովանդակային և խոր ընդգրկումով: Այս առումով, կարևորում եմ ժամանակակից պոեզիային նվիրված լիանիստը, կարծում եմ, մենք հետևողական պիտի գտնվենք և շարունակենք այս գործընթացը, քանի որ ստեղծված գրական հունձքը մասնագիտական վերլուծության, գնահատանքի անհրաժեշտություն ունի: Որքան էլ դժվար լինի, պիտի կարողանանք լսել քննադատությունը գովասանքին եթե ոչ համարժեք ուրախությամբ, ապա գոնե հանդուրժողականությամբ: Գրական բարեբեր մթնոլորտի համար սա կարևորագույն պայման է, և հաջորդ տարի ևս կգործենք այս ուղղությամբ: Որպես թեմայի շարունակություն` կուզեի նշել «Երիտասարդ գրողների անթոլոգիայի» և «Մանուկների և պատանիների աշխարհը գրականության մեջ և արվեստում» թեմայով քննարկումները Բանավեճի ակումբում, Լարիսա Գևորգյանի և Նանեի գրքերի քննարկումները:
Կարևորում եմ երիտասարդ ստեղծագործողների հետ տարվող աշխատանքը: Այս տարի նույնպես Ծաղկաձորում անցկացվեց Երիտասարդ գրողների, արդեն ավանդական դարձած, 13-րդ միջազգային համաժողովը:
Տարին առատ էր մրցանակաբաշխություններով և, իհարկե, մրցանակներով: Արդեն ավանդական դարձած ՀԳՄ Տարվա լավագույն գիրք, Մանկապատանեկան, «Կանթեղ» թարգմանական, Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ, Հրանտ Մաթևոսյանի անվան, Իրինա Գյուլնազարյանի, Լևոն Անանյանի անվան մրցանակներին այս տարի ավելացավ ՀՀ պաշտպանության նախարարության մրցանակաբաշխությունը՝ դառնալով գրողներին խրախուսելու ևս մեկ հնարավորություն:
Արդյունավետ է մեր համագործակցությունը Մշակույթի, Առողջապահության, Կրթության և գիտության, Պաշտպանության նախարարությունների, նաև գրադարանների, գրողների տուն-թանգարանների և այլ կազմակերպությունների հետ:
Այս տարի պետական պատվերով 5 գիրք է տպագրվել, իսկ պետական աջակցությամբ մեր գրողներից 51-ը հնարավորություն են ունեցել ընթերցողի սեղանին դնել իրենց հերթական գիրքը: Հավելեմ, որ դրանց տպագրական և գրական որակն ակնհայտ է: 2015-ին ավելի կընդլայնվի հրատարակվող գրողների ցանկը:
Գրական կյանքի անբաղդատելի մասն է կազմում գրական մամուլը, իհարկե, կան դժվարություններ, բարեբախտաբար, ոչ ստեղծագործական, դեռևս գեղեցիկ հուշ է հոնորարների հարցը, բայց եղած հնարավորություններն ու պետության կողմից ցուցաբերվող աջակցությունը թույլ են տալիս դիմակայել դժվարին ժամանակներին՝ լավին սպասելու ակնկալությամբ: «Նորք», «Լիտերատուրնայա Արմենիա», «Ար­տա­սահ­մանյան գրականություն», «Ցոլքեր» ամսագրերում, «Գրական թերթում» ու «Գրեթերթում» ամրագրվում է մեր օրերում ստեղծվող գրականությունը և այն արժևորող քննադատական միտքը:

«Գ. Թ.» – Ի՞նչ է մեզ սպասվում Նոր տարում:
Է. Մ. – 2016 թվականը նախորդ տարիների պես հագեցած կլինի: Բազմաթիվ ծրագրերի մի մասը մեր հիմնական աշխատանքի պլանում է` Մանկական գրքի շաբաթ, Գիրք նվիրելու օր, Թարգմանչաց տոն և հոբելյաններ, հանդիպումներ, քննարկումներ: Սակայն մեր հիմնական գործերից մեկը համարում եմ աշխատանքը այն ծրագրի շուրջ, որի ընդունման դեպքում 2017 թվականը կդառնա գրականության տարի Հայաստանում: Աշխատանքի գերակշիռ մասը հիմնականում 2016 թ.-ին պիտի կատարվի, որովհետև դա հսկայական ծրագիր է` ամբողջ հանրապետության ընդգրկումով, ու նաև Սփյուռքի մեր գրական բաժանմունքները պիտի համագործակցեն: Պլանավորվում է 2016 թվականին «Художественная литература» հրատարակչության հետ կազմել ժամանակակից հայ գրականության հինգհատորյակ: Աշխատանքները կսկսվեն գարնանից: «Художественная литература» հրատարակչության տնօրենը` Գեորգի Պրյախինը, գալու է, և պայմանագիրը կնքվելու է Մշակույթի նախարարության, Գրողների միության հետ: Անպայմանորեն պետք է նկատի ունենանք նոր, տեխնիկապես հագեցած դահլիճի գոյությունը: Դա մեզ պարտադրելու է այդտեղ անցկացնել երեկոներ, հանդիպումներ, քննարկումներ, և, ինչու չէ, նախնական գաղափար ունենք` ժամանակակից գրականության ընթերցումներ դահլիճում: Մնացյալը այն է, ինչ մենք պլանավորելու ենք, ու նաև լինում են անսպասելի, հետաքրքիր ներառումներ, որոնք գրականության ընթացիկ կյանքի բաղկացուցիչ մասն են: Տպագրվելու են մեր գրողները տարբեր երկրներում անթոլոգիաներով և առանձին գրքերով, և մենք էլ տպագրելու ենք Հայաստանին նվիրված ստեղծագործություններ, նրանց հանդիպումներն են տեղի ունենալու: Մեր բարեկամների քարտեզը եկող տարի ավելի կընդլայնվի: Տարբեր բարերարների հետ բանակցությունների մեջ ենք, հավատացած եմ, որ նրանց հետ, գրականություն սիրող մարդկանց հետ այդ բանակցությունները, հանդիպումները արդյունք կտան, և մեր ֆինանսական, տնտեսական վիճակը ավելի բարվոք կդառնա: Մեր դռները բաց են բարերարների առջև: Մենք ունենք պատվո գիրք-տախտակ, որտեղ 10 000 դոլարից ավելի եթե ներդրում են ունենում գրականու­թյան, գրողների միության աշխատանքներին, նրանց անունը մենք մեզ համար հավերժացնելու ենք:
ՀԳՄ Սևանի և Ծաղկաձորի ստեղծագործական տները տարվա ընթացքում նախկինի նման մշտապես բաց կլինեն մեր գրողների համար, հատկապես` Ծաղկաձորը, ինչը եզակի հնարավորություն է անվճար ստեղծագործական հանգիստն անցկացնելու համար, որի ընթացքում նոր գործեր կծնվեն: Մենք աջակցել ենք գրողների բուժական խնդիրները լուծելուն, այդ գործում մեզ նպաստել է «Մեդլայն» կլինիկան:
Գրողների տան այգին տեսքի է բերվել, այնտեղ նշվեց Ավետիք Իսահակյանի 140-ամյակը, գրողները ընթերցեցին նրա բանաստեղծությունները:

«Գ. Թ.» – Ամանորի Ձեր մաղթանքները հայ գրողներին:
Է. Մ. – Բոլորիս ցանկությունն է, որ 2016 թվականը լինի խաղաղ, գրականության և մշակույթի համար նպաստավոր տարի: Մեր գրողներին ցանկանում եմ առողջություն: Թող մուսան միշտ պատուհանները թակի, եթե բաց է, օդանցքից մտնի, եթե ոչ` դռները բախի և հանգիստ չթողնի մեր գրողներին` նոր գրքեր ստեղծեն, նոր հրատարակություններ տեսնենք և ուրախանանք նրանց ստեղծագործություններով: Բոլորիս ցանկանում եմ ջանք` համատեղ, միասնական մեր գրականությունը ստեղծելու, ներկայացնելու աշխարհին: Ցանկանում եմ բոլորի ընտանիքներին սոցիալապես ապահովվածություն, իսկ իշխանություններին` մշակույթի, գրականության հանդեպ ուշադրության կրկնապատկում: