ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՎԻՐԱՎՈՐ ՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՎԻՐԱՎՈՐ ՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ

Հայաստանի գրողների միության մի քանի անդամներ՝ ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը, արձակագիրներ Ալիս Հովհաննիսյանը, Գրիգոր Ջանիկյանը, գրող-հրապարակագիր, Արցախյան գոյամարտի վետերան-ազատամարտիկ Հովիկ Վարդումյանը օրերս այցելեցին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղավորված վիրավոր մարտիկներին, ծանոթացան նրանց կեցության և խնամքի պայմաններին, տղաների տրամադրություններին։ Գրողները խոսեցին պատմական, ճակատագրական պահերին հայ ժողովրդի միասնականության, թշնամու դեմ վճռականորեն կանգնելու և հաղթելու կամքի մասին, որի փայլուն դրսևորումներից է նաև այսօրվա արցախյան կենաց-մահու գոտեմարտը։ Կայացած անկեղծ զրույցների ընթացքում գրողներն ավելի քան համոզվեցին մեր ժողովրդի նոր սերնդի ազատամարտիկների ոգեկան ուժի, տոկունության մեջ, որով նրանք պատրաստակամ են՝ չնայած բոլոր դժվարություններին ու փորձություններին, մինչև վերջ կանգնելու հայրենի հողի, իրենց ծնողների ու հարազատների պաշտպանության դիրքերում։

Հանդիպման վերջում տղաները գրողներին հավաստիացրին, որ սպասում են շուտափույթ ապաքինումից հետո վերադառնալու իրենց զորամասեր՝ վերջնական հաղթանակի կերտմանը լիարժեք մասնակցությունը շարունակելու համար։։