ԱԼՄԱԹԻՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ «ԲԻԵՆՆԱԼԵ – 2017»-ՈՒՄ ՀԻՇԵԼ ԵՆ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՆՆԵՐԻՆ

ԱԼՄԱԹԻՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ «ԲԻԵՆՆԱԼԵ – 2017»-ՈՒՄ ՀԻՇԵԼ ԵՆ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՆՆԵՐԻՆ

ԱրմԻնֆո: «Էքսպո-2017»-ի շրջանակներում հունիսի 12-14-ը Ալմաթիում տեղի ունեցավ միջազգային գրական «Բիեննալե – 2017»-ը՝ «Գրողների ազդեցությունը հասարակության հոգևոր հորիզոնի վրա. աշխարհի կայուն զարգացումը» խորագրով: Ղազախստանի Հանրապետության Ազգային գրադարանում և Ղազախստանի Գրողների միությունում անցկացված միջոցառումներին մասնակցում էին միջազգային գրական ու պետական մրցանակների դափնեկիրներ, մշակույթի ականավոր գործիչներ, գրական, գիտական և գիտահանրամատչելի պարբերականների գլխավոր խմբագիրներ, առաջատար գրահրատարակիչներ և ԶԼՄ ներկայացուցիչներ քառասուն երկրներից:
«Բիեննալե – 2017»-ում Հայաստանը ներկայացնում էր Երևանի պետական համալսարանի թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը:
ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում պրոֆեսոր Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց Բիեննալեի կազմակերպիչներին, բոլոր ղազախ բարեկամներին, գրչեղբայրներին հյուրընկալության, միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու համար: «Մեզ հնարավորություն ընձեռվեց մասնակցելու բանավեճերի և քննարկումների Ղազախստանի և այլ երկրների առաջատար գրողների ու լրագրողների հետ. երկար կհիշեմ հանդիպումները նշանավոր թաթար բանաստեղծ Ռոբերտ Միննուլլինի, «Թաֆաքքուր» հանդեսի գլխավոր խմբագիր, Ուզբեկստանի ժողովրդական գրող Էրքին Ազամի, Ֆինլանդիայի խորհրդարանի նախկին պատգամավոր դոկտոր Իլկկա Տաիպալեի, թուրքմեն բանաստեղծ Աղագելտի Ալլանազարովի, հնդկաստանցի գրող Դեվ Բհարֆվաջի, «Լիտերատուրնայա Ռոսսիայի» գլխավոր խմբագիր, ազդեցիկ ռուս հրապարակախոս Վյաչեսլավ Օգրիզկոյի, Ղրղզստանի Գրողների ազգային միության նախագահ, Ղրղզստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աքբար Ռիսկուլովի հետ: Ինձ՝ թյուրքագետ բանասերիս, թյուրքալեզու ժողովուրդների գրականությունների «կենդանի դասականների» հետ բացառիկ «կենդանի շփման», գրողների և ժողովուրդների ճակատագրերի, ղազախական գրականության մեծագույն դասական Աբայի, Ահմեդ Բայտուրսինովի, Մագժան Ժումաբաևի, այլ ղազախ բանաստեղծների և արձակագիրների ստեղծագործությունների հայերեն թարգմանությունների մասին խոսելու հնարավորություն տրվեց: Երբևէ չեմ մոռանա, թե ինչպիսի ջերմությամբ էին հիշում Բիեննալեի մասնակիցները՝ հետխորհրդային տարածքի մշակույթի գործիչները, հայ գրականության դասականների՝ Սիլվա Կապուտիկյանի, Գևորգ Էմինի, Հրանտ Մաթևոսյանի և գրչի ժամանակակից վարպետների՝ Հենրիկ Էդոյանի և Էդուարդ Միլիտոնյանի անունները»: