«Քարի շնչառությունը՝ որպես մնայուն արժեք»

Վարդան-Հակոբյան

Ասում են` գրողների բարեկամությունը, որպես կանոն, հիմնականում վերածվում է գրականությունների բարեկամության, գրականությունների բարեկամու­թյունը` ժողովուրդների: Բանաստեղծներ Վարդան Հակոբյանի և Ռոման Կիսյովի ստեղծագործական համագործակցությունը, որը սկզբնավորվել է 2012թ. Մակեդոնիայում (Ստրուգա) անցկացված Պոեզիայի միջազգային փառատոնում, ասվածի լավագույն առհավատչյաներից է: Հանդիպումից մեկ տարի հետո բուլղարացի բանա­ստեղծ Ռոման Կիսյովը հրավիրվում է Արցախ և մասնակցում այստեղ անցկացվող Պոեզիայի միջազգային փառատոնին, որը տարածա­շրջանում առաջին նման միջոցառումն էր: Բուլղար գրողն, իհարկե, գիտեր պաշտոնական Բաքվի սադրանքների «պատմությունը», բայց եկավ Ստեփանակերտ, մոտիկից ծանոթացավ արցախցիների կյանքին ու մաքառումներին: Հետո, իր հարցազրույցներից մեկում, պիտի խոստովաներ. «Արցախում Աստծո ներկայությունն ամենուր է… Ես քրիստոնյա եմ, և ինձ անչափ հետաքրքրում են քրիստոնյա հավատքի արմատներն այստեղ»… Քիչ ժամանակ է անցել արցախյան հանդիպումներից: Հայր և որդի Կիսյովները, շատ կարճ ժամանակում, բուլղարերեն թարգմանեցին Վարդան Հակոբյանի «Քարի շնչառությունը» գիրքը: Ռ. Կիսյովն իր հայ գրչակցին գրեց Սոֆիայից. «Քո բուլղարերեն գիրքը հիանալի է… Որովհետև բանաստեղծություններդ հիասքանչ են… Դու մեծ մասշտաբի պոետ ես»: Վարդան Հակոբյանի ստեղծագործություններն առանձին գրքերով տպագրվել են աշխարհի մի շարք լեզուներով` ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, վրացերեն, պարսկերեն… Եվ ահա օրերս Սոֆիայում ընթերցողի սեղանին դրվեց Վարդան Հակոբյանի բանաստեղծությունների բուլղարերեն ժողովածուն: – Պարոն Հակոբյան, խնդրեմ, Ձեր զգացումները «Քարի շնչառությունը» գրքի բուլղարերեն թարգմանության առթիվ£ – Թեև երբեք չեմ եղել Բուլղարիայում, բայց այնպիսի զգացողություն ունեմ, թե մեր ազգային հերոսների` զորավար Անդրանիկի և Գարեգին Նժդեհի հետ, հայերից կազմված մի ամբողջական վաշտում, տարիներ առաջ միացել եմ բուլղարական աշխարհազորին և մասնակցել Առաջին բալկանյան պատերազմին… Այն զգացողությունն ունեմ, թե բաժակ եմ զարկել Բուլղարիայի ազգային հերոս ու բանաստեղծ Խրիստո Բոտևի հետ` նրա «Աղոթքը» մրմնջացել, ապա ուսիս զգացել նրա ձեռքի մարգարեական ծանրու­թյունը. «Նա, ով զոհվում է ազատության համար, չի մահանում»: Այն զգացողությունն ունեմ, թե Բալկանյան լեռներում հանդիպել եմ Պեյո Յավորովի հետ… Ի դեպ, նա ինձ տեսել էր Սոֆիայի գորշ տնակներից մեկում, ուր տխուր, տնավեր ու հայրենի ափերից հալածված` երգում էի արցունքի միջից, երգում էի` գլուխս հակած գինու բաժակին: Այն զգացողությունն ունեմ, թե այցելել եմ նենգավոր թշնամուց հողում թաքցված կամ լեռան բարձր գագաթին խոյացած մի անմատչելի եկեղեցի (այդպիսի տաճարներ միայն հայերն ունեն և բուլղարացիները), մոմ վառել… Իսկ մոմի բոցերը ոչ միայն վառվում էին, այլև իրենց կրակե ստվերներով տառադարձվում էին վանքի պատերին` գուցե բուլղարերեն, գուցե հայերեն… Այն զգացողությունն ունեմ, թե դրանք չէի կարդում, այլ աղոթում էի անբառ… Այն ժամանակ երևի հասկացա, որ բուլղարերենը և հայերենը նույն ոգին ունեն: Տառերն են տարբեր: Ցավը նույնն է: Եվ քարն իր շնչառությամբ մաքրում է օդն ու ջուրը, իր շնչառությամբ թթվածին է ավելացնում… Եվ պոեզիան ճանապարհ է, որ տանում է այնտեղ, ուր ոչ մի ճանապարհ չի տանում: Որովհետև բանաստեղծը գիտի մի բան, որ իրենից բացի ուրիշ ոչ ոք չի իմանում: Այն զգացողությունն ունեմ, թե բանաստեղծությունը չի գրվում, այլ մոմի լույսի պես տառադարձվում է հոգիներում: Ինչպես հիմա իմ բուլղարերեն բանա­ստեղծությունն է փորձում անել: Եվ կանի, չեմ կասկածում, հասանելի կլինի սուրբ խաչի զորավորությամբ: Մեզ մոտ` Արցախում, այսպիսի մի օրհնություն կա, երբ մի նոր գործ ենք նախաձեռնում, ասում ենք` թող խաչը զորավոր անի… Գիրքս զարդարող խաչքարը հենց այդ զորության աստվածային պատգամն ունի: Ես չեմ բառավորում ինձ: Պետք չէ: Ես պարզապես իմ գրքով կանգնում եմ բուլղարացի իմ քույրերի ու եղբայրների կողքին: Ջերմորեն սեղմում եմ նրանց ձեռքը: Եվ շատ եմ ուզում երգերս նոյյան աղավնիներ դառնան, որ եկեղեցու գմբեթին էլ իջնելու լինեն` կտուցներին ունենան գարնան, խաղաղության և սիրո շունչն ավետող ձիթենու մի շյուղ: Թեև երբեք չեմ եղել Բուլղարիայում, բայց երբ այնտեղ իմ երգերը բուլղարերեն են հնչում (դրա համար երախտագետ եմ հայր և որդի Կիսյովներին), այն զգացողությունն եմ ունենում, թե աշխարհի ամենագեղեցիկ ու հնամյա լեգուներից մեկի լուսապսակը ճակատիս` քայլում եմ բալկանյան հզոր լեռնապարով: Ու այնտեղից այնքան պարզ են երևում մեր Արարատը, Արցախը, ասես լինեն ափի մեջ…