ՓԻԹԵՐ ՍՈՒՐՅԱՆ

Piter Suryan

ՓԻԹԵՐ ՍՈՒՐՅԱՆ

Կյանքի 84-րդ տարում վախճանվել է ամերիկահայ ճանաչված գրող, հրապարակախոս, անգլերեն լեզվի և գրականության պրոֆեսոր Փիթեր Սուրյանը։
Ծնվել է Բոստոնում, մեծացել Նյու-Յորքում, բնակվել է նաև Եվրոպայում։ Ավարտել է Հարվարդի համալսարանի ռոմանական լեզուների բաժինը՝ տիրապետելով անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն լեզուներին։
Փիթեր Սուրյանն ակտիվորեն մասնակցել է Հայրենիքի և Սփյուռքի գրական-մշակութային կյանքին՝ եղել է «Արարատ» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, «Անահիտ» գրական մրցանակի ժյուրիի անդամ, Կոլումբիայի համալսարանի Հայկական կենտրոնի տնօրենների խորհրդի անդամ։ 2010 թ. դասախոսություններով հանդես է եկել հայաստանյան մի շարք բուհերում։
Հեղինակ է բազմաթիվ պատմվածքների, երեք վեպերի՝ «Միրի» (1957), «Լավագույնը և վատթարը ժամանակներից» (1961) և «Դարպաս» (1965), ինչպես նաև էսսեների, գրաքննադատական և վերլուծական հոդվածների (մասնավորապես, նվիրված Վիլյամ Սարոյանի և Ֆրանց Վերֆելի ստեղծագործությանը)։
Հայաստանում հայերեն լույս են տեսել Փ. Սուրյանի մի քանի ստեղծագործություններ, այդ թվում՝ «Ընթրիք օտարների հետ» պատմվածքների ժողովածուն (2010), «Դարպաս» (2011), «Միրի» (2013) վեպերը և «Սպասումի մեկ դար» (2015) էսսեների ժողովածուն։ «Լավագույնը և վատթարը ժամանակներից» վեպի շնորհանդեսը տեղի է ունեցել նրա մահից մեկ շաբաթ առաջ, Ավ. Իսահակյանի անվան գրադարանում։
Փիթեր Սուրյանի հոգեհանգիստը տեղի կունենա Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում։
Փիթեր Սուրյանը արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և Սփյուռքի նախարության «Վիլյամ Սարոյան» մեդալի։
Հայաստանի գրողների միությունը խոր ցավակցություն է հայտնում գրողի հարազատներին և մտերիմներին:
Ճանաչված գրողի, հրապարակախոսի, նվիրյալ հայի և անբասիր մարդու հիշատակը վառ կմնա նրա բազմաթիվ ընթերցողների, նրան ճանաչողների և գնահատողների սրտերում։
ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ