Փետրվարի 26-ին, «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն էին Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

news_1519653972_28511467_1986079431421588_127001232_n

Այսօր՝ փետրվարի 26-ին, «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն էին Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Թեման էր «Արմեն Սարգսյանի պաշտոնական առաջադրումը: Մտավորականների սպասելիքները նախագահական ընտրություններից: Ինչ փոփոխություններ կարող ենք ակնկալել ինչպես հասարակական-քաղաքական կյանքում, այնպես էլ՝ մշակութային քաղաքականության մեջ»:

Ահա ՀՀ ԳՄ նախագահի խոսքով ՀՀԿ կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը վերջերս մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր հասարակական շերտերի ներկայացուցիչների հետ, սակայն դեռ հանդիպում չի կայացել ստեղծագործական միությունների նախագահների հետ, այնինչ իրենք այդ հանդիպմանը իրոք սպասում են, քանի որ թե մեր մշակույթում, թե կոնկրետ գրականության ու գրատպության ոլորտում անելիքները, խնդիրները շատ են:

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ասաց, որ Արմեն Սարգսյանի՝ բազմաթիվ ճյուղերին լսելու, ծանոթանալու մոտեցումները ճիշտ են, քանզի երկար տարիներ ՀՀ-ում չլինելով, Անգլիայում գործելով դիվանագիտության ասպարեզում, իհարկե, ռեալ կյանքի որոշակի շերտերի շուրջ պատկերացումներ ունենալու ցանկություն է գուցե թե ունեցել: Ուստի մինչ ընտրությունները գուցե ավելի արդյունավետ կլինի նաև իրենց՝ ստեղծագործողների միության ղեկավարների հետ հանդիպելը:

Ըստ ԳՄ նախագահի, այսպիսի հանդիպումները նաև նրա մոտեցումները և անելիքները պարզելու հանարավորություն են ստեղծում: Ինքը բանախոսը կարծում է, որ Արմեն Սարգսյանը այն հսկայական փորձով, որ ունի դիվանագիտական դաշտում, արտերկրում ձեռք բերած հմտություններով հանդերձ շատ պիտանի կլինի Հայաստանի նոր իրականության համար:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը ևս լավատեսորեն է տրամադրված և կարծում է, որ մեզ որպես նախագահ է գալիս մի մարդ, ով համբավ ունի համաշխարհային: Սա ոչ թե տեղական իմաստով մեծություն է, այլ մեծ ասպարեզ տեսած, մեծ փորձ ունեցող մարդ:

Tesaket.info-ի հարցին, բայց չէ՞ որ 4-րդ նախագահը չի ունենալու այն լիազորությունները, որ ունի գործող նախագահը, այսինքն և մեծ հաշվով չի ղեկավարելու երկիրը, այդ ղեկը ստանձնելու է վարչապետը և հետևապես խորհրդարանը, իր սահմանափակ լիազորություններով նախագահից ի՞նչ կարող է ակնկալել հանրությունը, նկարիչների միության նախագահն ասաց, որ անկասկած, վարչապետը շատ ավելի մեծ լիազորություններ կունենա, բայց և դա չի նշանակում, որ նախագահը ոչ մի դեր չպետք է ունենա:« Ես չեմ կարծում, որ Արմեն Սարգսյանի դերը այս դեպքում շատ փոքր կլինի, հաշվի առնելով նրա ունակությունները: Մշակույթի հարցում , խոսելով իմ անունից, ասեմ, որ այս ոլորտում շատ դժգոհություններ կան: Ես տեսնում եմ, որ Հայաստանում հայ մշակույթը հետ նահանջ է ապրում, շատ-շատ օրինակներ կարելի է բերել: Ես հույս ունեմ, որ ապագայում այս սխալները կուղղվեն»,- ասաց նա:

Կրկյաշարյան Անուշ