ՏՈՒՆԴԱՐՁ ԵՐԿՈՒ ՄՐՑԱՆԱԿՈՎ

ՏՈՒՆԴԱՐՁ ԵՐԿՈՒ ՄՐՑԱՆԱԿՈՎ
Ռուսագիր անվանի բանաստեղծ Բախիտժան Կանապյանովի <<Թուխ լուսնի լացը>> երկլեզու ժողովածուի թարգմանությունն առիթ դարձավ Գագիկ Դավթյանին հրավիրելու օգոստոսի 24-ից 31-ը Աստանայում կայացած Պոեզիայի առաջին միջազգային բանաստեղծական օրերին: Ղազախստանի մշակույթի և սպորտի նախարարության բարձր հովանու ներքո Գրողների միության կազմակերպած օրերը նվիրված էին Ղազախստանի նոր մայրաքաղաքի 20-ամյակին: Երկրում հայտնի ղազախ բանաստեղծների հետ միասին շաբաթի հյուրերն էին Հայաստանը, Լեհաստանը, Ֆինլանդիան, Չինաստանը, Ավստրալիան, Ֆրանսիան, Բելգիան, Ռուսաստանը, Ղրղզստանը ներկայացնող բանաստեղծներ և թարգմանիչներ: Օրերը, որ սկսվում էին Աստանայի տեսարժան վայրերին ծանոթությամբ և ընթանում բանաստեղծական հանդիպումներով և գրական հարցերի շուրջ կլոր սեղաններով, լայնորեն լուսաբանվում էին հեռուստատեսությամբ, ռադիոյով և մամուլում: Հանդիպումների ծրագրով երկու խմբերի բաժանված մասնակիցները երկուական օր անցկացրին մայրաքաղաքից 600 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Բայանաուլ և Բորովոյե առողջավայրերում, որ զարմանահրաշ օազիսներ են տափաստանային Ղազախստանի անծայրածիր ամայության մեջ: <<Մեկնելուց առաջ , - ասաց Գագիկ Դավթյանը,- ինձ ընդունեց Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը, ով անթաքույց ուրախությամբ ընդունեց ղազախ բանաստեղծի գրքի հայերեն հրատարակման փաստը, այն համարելով կարևոր քայլ երկու ժողովուրդների մշակութային մերձեցման ճանապարհին: Հաճելի շատ պահեր ապրեցի երկրում: <<ЖИБЕК ЖОЛЫ>> (ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀ) հրատարակչությունը լույս էր ընծայել փառատոնի 80 էջանոց բուկլետը, պատվիրակների լուսանկարներով, կենսագրական զուսպ տեղեկանքներով և մեկական բանաստեղծությամբ: Այնտեղ <<Պոեզիա>> խորագրով իմ բանաստեղծությունը ներկայացված է ռուսերեն, հայերեն և անգլերեն լեզուներով: Ինձ հետ <<Անկախ Ղազախստան>> թերթում հարցազրույց հրապարակեց գրականագետ Բաղաշար Թուրսունբայլին: Պետական հեռուստատեսությամբ ցուցադրվեց իմ այցը և ստեղծագործությունս ներկայացնող տեսահոլովակ: Անսպասելի էր, երբ հանդիպումներից մեկի ժամանակ ինձ հանձնվեց Եվրասիական մշակութային հիմնադրամի <<Պոեզիայի խնձոր>> մրցանակը՝ ղազախական պոեզիայի թարգմանության բնագավառում ներդրման համար: Երկրորդ անակնկալը երկրի Մշակույթի և սպորտի նախարարության <<Բանաստեղծական թարգմանության հեծյալներ>> անվանակարգում ինձ շնորհված մրցանակն էր, որը<<Ղազախստան>> բազմագործառույթ համալիրում Պոեզիայի եզրափակիչ մեծ երեկոյի ժամանակ հանձնեց նախարար Առուստանբեկ Մուխամեդիուլին >>:
ՍԵՓ. ԼՐՏ.