Վերջնական կեցությունը հայրենիքի մեջ

xLxTxBKa4mRuoJpM43HO2IHzyb

 

Նոյեմբերի 5-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ հանդիպում սիրիահայ գրողների համախմբումի հետ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով սիրիահայ գրողներ Մարուշ Երանյանին, Տիգրան Գաբոյանին, Պերճուհի Ավետյանին, Հակոբ Միքայելյանին, Հակոբ Չոլաքյանին, Միհրան Մինասյանին, նշեց, որ հանդիպման նպատակը Երևանում գտնվող սիրիահայերի մտահոգություններին ու խնդիրներին ծանոթանալն է: Նա նաև հավելեց, որ ՀԳՄ-ն, կապված 2015 թվականի հետ, ծրագրեր է իրագործում, մասնավորապես աշխատանքներ են ընթանում զոհված բանաստեղծների տարբեր լեզուներով անթոլոգիաների հրատարակման ուղղությամբ, որին աշխատակցում է նաև Տ. Գաբոյանը: Բանաստեղծ Տիգրան Գաբոյանը նշեց, որ սրահում ներկա սիրիահայերը սիրիահայ գրողների համախմբումի անդամներ են, ովքեր այս կամ այն կերպ հաստատված են Հայաստանում: Նրա կարծիքով` այս հանդիպումը հնարավորություն կտա հակիրճ ծանոթանալու նրանց գրական գործունեությանը և ծրագրերին: Ապա անդրադառնալով իրենց համախմբումի գրական գործունեությանը՝ ցանկություն հայտնեց, որ այդ մթնոլորտը շարունակվի նաև Հայաստանում, ստեղծվի միացյալ հայ գրականություն: Գրականագետ Հակոբ Չոլաքյանի հավաստմամբ՝ անցնող հարյուրամյակում գրեթե ամեն տասնամյակ գաղթեր ենք ունեցել: Երբ դպրոց կամ եկեղեցի ենք կառուցում, կարծես ոչ թե մեր վաղվա օրն ենք ապահովում, այլ քար ենք դնում և հեռանում այն երևույթից, որ հայրենիք է կոչվում,- ասաց նա և հավելեց. «Ցանկանում եմ, որ հայրենի և սփյուռքահայ գրողները մեր կյանքը տեսնեն ընդհանուր գծերի մեջ և իրենց գրականության մեջ վեր հանեն այն հիմնականը, որ իսկապես մեր ապագայի հետ առնչություն ունի»: Բանաստեղծ, արձակագիր Մարուշ Երանյանը փորձեց ստեղծված իրավիճակում դրականը տեսնել, հավատացնելով, որ Հայաստանում «ինքս ինձ մի քիչ ավելի մասնագետ գրող կզգամ, քանի որ լրիվ նվիրված եմ այդ աշխատանքին»: Նա ավելացրեց, որ Հալեպի քաղաքական իրավիճակն անդրադարձն է գտնում իրենց ստեղծագործություններում. գրվել են պատերազմական առօրյան նկարագրող օրագրություններ: «Դրականն այն է, որ, ի վերջո, հասկացանք, որ վերջնական կեցությունը հայրենիքի մեջ է, ինչպիսին էլ որ լինի հայրենիքի վիճակը, այն մերն է` իր լավով ու վատով, նույնիսկ եթե պիտի տառապենք, թող այս հողի վրա տառապենք, ոչ թե օտար հողում»,- ամփոփեց Մ. Երանյանը: Սիրիահայերին հուզող խնդիրների մասին խոսեցին նաև արձակագիրներ Պերճուհի Ավետյանը, Հակոբ Միքայելյանը, Ալիս Հովհաննիսյանը, բանահավաք Միհրան Մինասյանը, բանաստեղծ Արտեմ Հարությունյանը և ուրիշներ: Ելույթ ունեցողներն իրենց մտահոգությունը հայտնեցին, որ Սփյուռքի գաղթօջախներում հայաթափությունը մեծ չափերի է հասել, փակվում են դպրոցներն ու հայկական կենտրոնները, և հույս հայտնեցին, որ նման պայմաններում հայրենիքը պատրաստ կլինի ընդունել սփյուռքահայությանը, որպեսզի վերջիններս չբռնեն գաղթի և ուծացման ճանապարհը: