…Վանաձորում

FullSizeRender-300x285

…Վանաձորում

Այս տարի ՀԳՄ  Լոռու մարզային բաժանմունքը Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառումներն սկսեց փետրվարի 18-ից: Այդ օրը Վանաձորի Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան (թիվ 1) հիմնական դպրոցի 8-րդ ա և բ դասարանների աշակերտների հետ հանդիպում ունեցան բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը և բանաստեղծուհի Լենա Անթառանյանը: Նրանք ժամանակակից գրողների գրքեր նվիրեցին կրթօջախի գրադարանին:
Հյուրերին ներկայացրեց և տպագիր գրքի անփոխարինելի նշանակության մասին խոսեց դպրոցի տնօրեն, Վանաձորի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Գայանե Հովիվյանը: Նա տեղեկացրեց, որ վերջին տարիներին դպրոցի աշակերտները գրքեր են հավաքում և նվիրաբերում ՎՊՀ-ին, ամեն տարի՝ շուրջ 200 գիրք: Այս տարի նույնպես շուրջ 300 գիրք է հավաքվել, որը հաջորդ օրը նվիրելու են Լոռու մայր բուհին:
Աշակերտները հանդես եկան Հովհ. Թումանյանի բանաստեղծությունների ասմունքով, ապա հարցեր ուղղեցին գրողներին՝ ստանալով սպառիչ պատասխաններ:
Ցերեկույթին մասնակցում էին նաև դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ Զարիկ Թարխանյանը, մասնագիտացված կրթական աջակցության գծով տեղակալ Զեփյուռ Սահակյանը, ուսուցչուհիներ Մարիետա Սարգսյանը և Սիրան Քոչինյանը:
Փետրվարի 19-ին Հովհ. Թումանյանի ծննդավայր այցելեցին Լ. Անթառանյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը և առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանը:
Նրանք Դսեղի հրապարակում ծաղիկներ խոնարհեցին Մեծ լոռեցու հուշարձանին, ապա մասնակցեցին գյուղի հիմնական դպրոցի դահլիճում կազմակերպված միջոցառմանը:
Նույն օրը Հովհ. Թումանյանի ծննդյան օրվան նվիրված ցերեկույթ էր կազմակերպվել նաև Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանում:
Գիրք նվիրելու օրվա միջոցառումներից անմասն չմնաց նաև Վանաձորի գրադարանների Հրանտ Մաթևոսյանի անվան կենտրոնացված համակարգը: Ինչպես տեղեկացանք համակարգի տնօրեն, բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանից, տարաբնույթ գեղարվեստական գրքեր են նվիրել Ախթալայի համայնքային գրադարանին և ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի N զորամասին: