«Սևակի ծննդյան օրը՝ նրա ծննդավայրում»

Սևակ

Հունվարի 24-ին՝ Պարույր Սևակի ծննդյան օրը, գրողի ծննդավայրում` Արարատի մարզի Զանգակատուն գյուղում միջոցառումների շարք էր կազմակերպվել՝ նվիրված բանաստեղծի 90-ամյակին: Երևանից մասնակցում էին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և ՀՀ մշակույթի նախարարության «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի հրատարակչական գործի բաժնի պետ, գրականագետ Արմեն Ավանեսյանը: Միջոցառումը մեկնարկեց Պարույր Սևակի գյուղի մոտ տեղադրված հուշաքարին այցելու­թյամբ, որտեղ մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին՝ ծաղիկներ դնելով հուշաքարին: Ներկա էին Արարատի մարզպետ Արամայիս Գևորգյանը, Զանգակատուն գյուղի գյուղապետ Էմին Սահակյանը, Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Ավետիք Գրիգորյանը, գրողներ, ուսուցիչներ, դպրոցականներ: Այնուհետև ներկաներն ուղևորվեցին գյուղ Զանգակատուն և ծաղիկներ դրեցին Պարույր Սևակի գերեզմանին: Ապա բանաստեղծի տանը միջոցառման մասնակիցներին հյուրընկալեց Սևակի որդին` Արմեն Ղազարյանը: Միջոցառման մասնակիցները այցելեցին Պ. Սևակի տուն-թանգարան, որտեղ ելույթ ունեցավ Արմեն Ավանեսյանը, նշելով, որ այս տարի գրահրատարակման պետական պատվերի ծրագրում, Պ. Սևակի 90-ամյակին նվիրված, հրատարակվելու են բանաստեղծի բոլոր պոեմները առանձին գրքով: Այն իր տեսակի մեջ բացառիկ հրատարակություն կլինի, քանի որ նախկինում նման փորձ չի արվել: Այնուհետև հյուրերը այցելեցին Զանգակատուն գյուղի միջնակարգ դպրոց, որտեղ աշակերտները գեղեցիկ բեմականացում ներկայացրին Սևակի բանաստեղծությունների հիման վրա: Ողջույնի խոսքով հանդես եկավ Էդվարդ Միլիտոնյանը, ով նշեց, որ Սևակին և մեր մյուս գրական երևելիներին պետք է գնահատենք նաև մեր ժամանակակից գրողների ստեղծագործություններին ուշադրություն դարձնելով, քանի որ գրականությունը շղթայաբար իրար է կապակցում բոլոր ժամանակները: Ապա ՀԳՄ նախագահը գրքեր նվիրեց դպրոցականներին: Արարատի մարզպետ Ա. Գրիգորյանը իր ելույթում նշեց, որ Արարատի մարզում մշտապես ուշադրություն են դարձնելու մշակութային կյանքին, և այս տարի մի շարք միջոցառումներ կնվիրվեն Պարույր Սևակին: Նա նշեց նաև, որ շուտով նոր մասնաշենք կավելանա Պարույր Սևակի տուն-թանգարանում, քանզի դրա ան­հրաժեշտությունը, անշուշտ, կա: Հյուրասեր զանգակատունցիները մեծ հյուրասիրություն էին կազմակերպել: Օրը հագեցած էր Պարույր Սևակով: