Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100 ամյակ

50470003_584913341982436_7508829656456364032_n

Հունվարի 20-ին Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100 ամյակի կապակցությամբ, ՀԳՄ և Ս. Կապուտիկյանի անվան տուն-թանգարանի տնօրինության համատեղ ծրագրով, Հայաստանի գրողների միության պատվիրակությունը՝ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու անվանի բանաստեղծուհու հիշատակին :
Սիլվա Կապուտիկյանի հիշատակի արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. Վերջինս ուղերձ է հղել բանաստեղծի 100 ամյակի առթիվ, որը կընթերցվի հունվարի 22-ին՝ ՀԳՄ- ում կազմակերպած միջոցառման ընթացքում:
Ելույթ ունեցան ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Թաթուլ Մանասերյանը, գրականագետ Ազատ Եղիազարյանը, տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանը, իսկ Ս. Կապուտիկյանի անվան դպրոցի սաները կարդացին բանաստեղծուհու ստեղծագործություններից:
Էդվարդ Միլիտոնյանը խոսելով Սիլվա Կապուտիկյանի մասին, ընդգծեց.«Հայաստանում մեծ բանաստեղծներն անմահանում են` հայրեններով, տաղերով, շարականներով, մինչև վերջին ժամանակների ստեղծագործություններով: Այսօր Սիլվա Կապուտիկյանի 100-րդ տարելիցն է, և անմահության այն քայլերը, որ նա հիմնել էր իր պատգամներով ու գրվածքներով՝ հրապարակախոսություն, բանաստեղծություն, արձակ, և ամենատարբեր հանդիպումներով ու ելույթներով, մեծ անհատի վկայությունն է:Սիլվա Կապուտիկյանը գրիչը ձեռքն է վերցրել իր ժողովրդին, իր հայացքները պաշտպանելու: Բանաստեղծ-արվեստագետը մարգարե քաղաքացի է: Ազգային հարցը, հատկապես 60-ականներին, դարձավ մեր գրականության հիմնական խնդիրը, մեծ ցավը, որի կրողներից էր մասնավորապես Սիլվա Կապուտիկյանը: Սիլվա Կապուտիկյանի ելույթները՝ կապված ցանկացած առօրյա կամ կենցաղային հարցի շուրջ միշտ սպասված էին: 2004 թ.«Մեսրոպ Մաշտոց» շքանշանը ետ տալը մեծ ժեստ էր, անհամաձայնություն այդ ժամանակվա իշխանավորների հանդեպ: Նրա վերջին գիրքը՝ «Չեմ կարող լռել» ամեն ինչ ասում է, բանաստեղծը չի կարող լռել, թեպետ բանաստեղծի լռությունն էլ հաճախ ավելի խոսուն է լինում:
Միշտ կընթերցվեն ու կսիրվեն Ս. Կապուտիկյանի բանաստեղծությունները, որովհետև դրանց մեջ կա հայոց ոգի, մարդկային սեր, քրիստոնեական հավատամք և ուժ՝ գոյատևելու, ապրելու մարդկային այս դժվար աշխարհում»: