ՍԱՐԳԻՍ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

ՍԱՐԳԻՍ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

ՀԳՄ վարչությունը  խորին ցավով հայտնում է, որ կյանքից հեռացել է բանաստեղծ, թարգմանիչ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կրթական և հայագիտական բաժնի տնօրեն, լիբանանահայ մտավորական Սարգիս Կիրակոսյանը:

Ս. Կիրակոսյանը ժամանակակից հայ բանաստեղծության հայտնի դեմքերից  էր Սփյուռքում և հայրենիքում: Եղել է «Բագին» գրականության ու արվեստի հանդեսի փոխխմբագիրը: Երկար տարիներ հայ գրականություն է դասավանդել Համազգայինի Մ. և Հ. Արսլանյան ճեմարանում և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դպրեվանքում: Անգնահատելի է նրա վաստակը  հայ-արաբական  գրական կապերի ամրապնդման և արաբական գրականությունը հայերեն թարգմանելու գործում: Ստեղծագործական բեղմնավոր գործունեությանը զուգահեռ Ս. Կիրակոսյանը   լիբանանահայ համայնքի հասարակական կյանքի կազմակերպման գործուն կազմակերպիչներից էր:  ՀԳՄ անդամ էր, Լիբանանահայ գրողների համախմբումի համահիմնադիր: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2015 թ. Սարգիս Կիրակոսյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» շքանշանով: Բարձրարվեստ բանաստեղծի, սրտացավ հասարակական գործչի, ազնիվ մարդու և ճշմարիտ մտավորականի կերպարը վառ կմնա հայ գրականության անդաստանում:

 

Խոր վշտով և անհուն կսկիծով սգում ենք լիբանանահայ գրողների քարտուղարության կարկառուն դեմք, բանաստեղծ, թարգմանիչ, հասարակական գործիչ Սարգիս Կիրակոսյանի մահը, ցավակցում ենք ընտանիքի անդամներին, հարազատներին, ընթերցողներին և գրչակից ընկերներին:

 

ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ