ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՅԱՆ

ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՅԱՆ

Կյանքի ութսունմեկերորդ տարում իր մահկանացուն կնքեց ճանաչված արձակագիր, բանաստեղծ, երգիծաբան, հրապարակախոս. ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ռոբերտ Կարայանը:
Ռոբերտ Կարայանը ծնվել է 1934թ. հուլիսի 7-ին, Երևանում: Ավարտել է Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետը: Տարբեր տարիներին պատասխանատու պաշտոններ է վարել Հեռուստա-ռադիոպետկոմում, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում: Եղել է Բաղրամյանի շրջանի ,,Երասխ,, թերթի խմբագիրը, ,,Արմենպրես,, լրատվական գործակալության թղթակից: ՀԳՄ անդամ է 1970 թվականից: 28 գրքի հեղինակ է: Հրատարակել է արձակ և չափածո ստեղծագործություններ, գրել է նաև մանուկների համար: Նրա գրքերը` ,, Փրկություն,, , ,,Անդրանիկի երգը,,, ,,Աչք պահել վանքին, ոչ թե թվանքին,, ,,Առանց թիթեռ ինչ ծաղիկ,,, ,,Մարդազարդի տոն արարենք,, և այլն, աչքի էին ընկնում կյանքի ճշմարտացի արտացոլմամբ, քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ: Երգիծական ստեղծագործություններում անհաշտ մարտիկ էր, պայքարելով իրականության արատավոր, բացասական երևույթների դեմ: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են մի շարք լեզուներով:
Արժանացել է բազմաթիվ պարգևների`Մ. Շոլոխովի անվան մեդալի, ,,Զորավար Անդրանիկ,, համազգային միության և ,, Հայաստան,, թերթի մրցանակին:
2013թ. նրա գրական վաստակը գնահատվել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի բարձր կոչումով:

Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա Երևան, Աղբյուր Սերոբի 1, բն.24 հասցեում, ժամը 18.00-ից:
Վերջին հրաժեշտը Հայաստանի գրողների միությունում, ժամը 12.00-14.00

ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ