ՊՈԵԶԻԱՅԻ  ՑԵՐԵԿՈՒՅԹՆԵՐ ՀԳՄ – ՈՒՄ

ՊՈԵԶԻԱՅԻ  ՑԵՐԵԿՈՒՅԹՆԵՐ ՀԳՄ – ՈՒՄ
Արդեն ավանդույթ են յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը ՀԳՄ Մեծ դահլիճում կազմակերպվող պոեզիայի ցերեկույթները: Փետրվարի 27-ին պոեզիայի հերթական ցերեկույթին մասնակցում էին Երևանի պետհամալսարանի, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Թատրոնի և կինոյի պետ. ինստիտուտի, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ստեղծագործող ուսանողները: Իրենց բանա­ստեղծություններով ելույթ ունեցան Լուսինե Համբարյանը, Արմեն Սիմոնյանը, Լիլիթ Հովնիկյանը, Բինետա Հարությունյանը, Ազատ Մալխասյանը, Մխիթար Գասպարյանը, իսկ Կարինե Ավագյանի բանաստեղծությունը կարդաց Հռիփսիմե Գալստյանը: Հեղինակային երգի կատարմամբ ելույթ ունեցավ Լիլիթ Մաթևոսյանը: Կոմիտասի «Հոյ Նազանը» և Ջուլիետայի վալսը «Ֆաուստ» օպերայից կատարեց Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի, հանրապետական մրցույթների դափնեկիր Սիլվա Պետրոսյանը` դաշնակահար դոցենտ Նարինե Հակոբյանի նվագակցությամբ:
Բանաստեղծ Ղուկաս Սիրունյանը, ով վարում էր ցերեկույթը, նշեց. «Երիտասարդությունն ինքնին կրակ է, կյանք, ընթացք, վազք, թռիչք, ու ավագներիս համար երբեմն կարևոր է նրանց ունկնդրելը, մանավանդ հիմա, երբ գրքի հետ շփումը պակասել է, սակայն այդ պակասության մեջ աղետ չկա»:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ