ՊԵՏՐՈՍ ԴԵՄԻՐՃՅԱՆ

images

Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Աղոթանվեր պատգամավոր եմ
Համայն աշխարհի…
(«Մատյան ողբերգության», ԲԱՆ ԻԸ)

Ասված է՝ Ճշմարտությունը չի մեռնում, չի կարող մեռնել: Դեռևս հարյուր տարի առաջ՝ 1910 թվականին, հանճարեղ Հովհաննես Թումանյանը երազում էր ազգովին մի արձան կանգնեցնել «Վանա ծովի ափերին, Նարեկա ժայռերի վրա, որ նա էլ երկնքին պատմի, «ի խորոց սրտի» Աստուծո հետ խոսի ու դեպի վեր ուղղի «Ձայն հառաչանաց հեծության սրտի ողբոց աղաղակի /…/, որ լսեն և՛ երկինքը, և՛ երկիրը»: Եվ ահա ապրիլի 12-ին, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայ և կաթոլիկ եկեղեցիների համատեղ մատուցված սուրբ պատարագի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հայ եկեղեցու սրբերի շարքը դասված Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ: Անձեռակերտ մի «արձան» Վատիկանի սրտում, որով աշխարհի 1 մլրդ 200 միլիոն կաթոլիկների հոգևոր առաջնորդը, Վերին կամքով իրեն շնորհված զորությամբ, ապագա դարերի ու ժամանակների համար մեկընդմիշտ հաստատեց հենց իր՝ Մեծն Նարեկացու զարմանալի մարգարեացումը՝
Նորակերտ մատյանն այս ողբերգության…
…Հանձնարարվում է այս երկրի վրա
Հաստատված բոլոր բանականներին,
Համայնատարած քրիստոնյաների
Տիեզերագումար ամբողջ բազմության…
Հատկանշական է, սակայն, որ այս ճշմարտության արձանագրումը կատարվեց պատմական այն պահին, երբ կաթոլիկ եկեղեցու քահանայապետը առաջին անգամ հրապարակավ հայտարարեց 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության (Գենոցիդի) փաստի մասին՝ շեշտելով, որ նման ոճիրները «հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքը արնահոսի»: Ցեղասպանության ճանաչման հետ միաժամանակ Նարեկացու հազարամյա կենարար Լույսի ընդունումն ու տիեզերածավալ տարածումը մեծ խորհուրդ է պարունակում, քանզի ակնհայտորեն մատնացույց է անում ոչ միայն, թե ի՛նչ է հանդգնում կործանել Չարիքը, այլև այն համոզումն ու վստահությունը, որ Ճշմարտությունը, Արդարությունը սպանել, երկրային մարդու մեջ կրակվող աստվածային Լույսը մարել հնարավոր չէ: Հայոց մեծ ցեղասպանության ճանաչումն ու Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակումը նաև դարերից եկող ու դեպի դարերը գնացող, իր հոգում բազմաթիվ գանձեր թաքցնող հայ ժողովրդի անմահության գրավականն է: Այն ժողովրդի, որը բազում անգամներ Չարիքի ձեռքից զարկված ու զրկված, բայց դարձյալ իր «աղոթանվեր պատգամավորի» բերանով կարող է ի խորոց սրտի խոսք ուղղել առ Աստված՝ «Ի բարին հիշի՛ր մարդկային ազգից// Եվ նրանց, որոնք թշնամի են մեզ»:
Ահա թե ինչու այսօր մենք բոլորս՝ գրողներ, մտավորականներ, ամբողջ հայ ժողովուրդը, պարտավոր ենք մեր երախտիքի խոսքն ուղղել Ֆրանցիսկոս Առաջին Պապին՝ պատմական Արդարության վերահաստատման նկատմամբ մեր և համայն առաջադեմ մարդկության հավատի ամրապնդման համար: Եվ հուսալ, որ մի օր իրականացված կտեսնենք նաև հանճարեղ Թումանյանի երազանքը՝ «Վանա ծովի ափերին, Նարեկա ժայռերի վրա» վեր խոյացող «Տիեզերական վարդապետի» արձանը…