Պատրաստ է Գրողների Սեւանի տան պահպանման կառավարման պլանը

1561959112_7734532

Պատրաստ է Գրողների Սեւանի տան պահպանման կառավարման պլանը

ԵրեւանՄեդիամաքս: Getty հիմնադրամն իր էլեկտրոնային գրադարանում հրապարկել է Սեւանի գրողների հանգստյան տան պահպանման կառավարման պլանը։

Այդ մասին տեղեկացրել է Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն, արվեստի քննադատ Ռուբեն Արեւշատյանը:

 

«Մենք մշակել ենք այս նախագիծը միջազգային փորձագետների, խորհրդատուների, թանգարանների, արխիվների եւ նախագծային ինստիտուտների հիանալի թիմի հետ, որոնք կիսվել են մեզ հետ իրենց գիտելիքներով եւ փորձով։

Պահպանման կառավարման պլանին զուգահեռ մշակվել է նաեւ հանգստյան տան վերականգնման նախագծի առաջարկ, որը, մենք հուսով ենք, մոտ ապագայում կդառնա իրականություն», – ասել է Ռուբեն Արեւշատյանը:

 

Խորհրդային մոդեռնիզմի լավագույն խորհրդանիշ դարձած համալիրը Միքայել Մազմանյանի եւ Գեւորգ Քոչարի նախագծով կառուցվել է երկու փուլով՝ 1932-1935 եւ 1963-1965 թվականներին:

 

Գրողների միության Սեւանի ստեղծագործական տանը մասնագիտական վերանորոգում երբեւէ չի եղել, սակայն «Հայնախագիծ» ինստիտուտի իրականացրած փորձաքննությունը ցույց է տվել, որ կոնստրուկտիվ տեսանկյունից այն լավ է պահպանված: Շենքը չի ձեւափոխվել, պահպանել է իր նախնական տեսքն ու գործառույթը, ինչը, ըստ Ռուբեն Արեւշատյանի, բացառիկ երեւույթ է: