«Պատմական հրատարակություն»

ՊԱՏՄԱԿԱՆ-ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խ. Աբովյանի ծննդյան 210, մահվան 166 և «Վերք Հայաստանի, Ողբ Հայրենասիրի» անմահ վեպի առաջին տպագրության 156-րդ տարում հայ նոր գրականության հիմնադիր, մեծ լուսավորչի տուն-թանգարանը առաջին անգամ այն հրատարակել է միաժամանակ Մեծ հայրենասերի ձեռագրով:
ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի հանձնարարությամբ, ԿԳ նախարարության գիտության պետական կոմիտեի հովանավորությամբ (նախագահ՝ Ս. Հարությունյան) իրականացված հրատարակությունը իր տեսակի մեջ առաջինը լինելով, լույս է ընծայվել բազմաթիվ դժվարությունների հաղթահարման գնով: Ժամանակի ընթացքում ձեռագիրը քայքայվել էր, անհրաժեշտություն կար վերականգնել էջերի մեծագույն մասը, հրատարակչական տեսքի բերել, վերականգնել նախաստեղծ վիճակը, ինչը խմբագրակազմից շուրջ վեց ամիս խլեց: Արդյունքում համակարգչային աշխատանքը գրեթե անթերի կատարվեց` ձևավորող և համակարգչային մասնագետ Ն. Սամվելյանի կողմից: Առանձնակի դժվարություն էր ներկայացնում ձեռագրի և հարակից տեղադրվելիք առաջին հրատարակության (1858թ.) տեքստը: Այս համամասնությունը ևս հաղթահարվեց, էջադրումը կատարվեց բոլոր չափանիշներով: Առանձին պատասխանատվության խնդիր էր նման եզակի հրատարակության կազմի ընտրությունը: Կարևոր էր, որպեսզի գիրքը տարբերվեր նախկին հրատարակություններից ինչպես բովան­դակությամբ, այնպես էլ արտաքին տեսքով: «Ոսկան Երևանցի» տպագրատունը կարողացավ անթերի իրականացնել հրատարակիչների մտահղացումը: «Խաչատուր Աբովյան» հրատարակչությունն այս ձեռնարկով ոչ միայն իր հարգանքի տուրքն է մատուցել Մեծ Հայի ծննդյան 210-ամյակին, այլև հարազատ ժողովրդին է ներկայացրել հայ ազգային մտածողության խոշորագույն կոթողը, հնարավորություն ընձեռելով համայն հայությանը նորովի տեսնել ու գնահատել իր մեծ զավակի տառապանքով, յուրաքանչյուր բառի նրբա­նկատ ընտրությամբ ստեղծագործությունը:
Այս առթիվ պատկերավոր է գրքի առաջաբանի հեղինակ, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանի խոսքը. «Վեպի նորօրյա հրատարակությունը մեծագույն նվեր է հայ ժողովրդին, նրա բազմադարյա գրականությանը և դարեդար կպահպանի այն մտահղացումների ամբողջականությունը, որոնք ծրագրային հաստատումներ են, մեր հինավուրց ժողովրդի և վերուստ վերապահված առաքելության, հավերժի ճանապարհի լուսարձակ»:

Հ.Գ. Գրքի ձեռագիր գունավոր տարբերակը պատրաստ է հրատարակության և սպասում է իր հովանավորին: