«Չսկսված և չավարտված պատերազմ»

Մայիսի 20-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ գրականագետ Վարդան Դևրիկյանի ծննդյան 50-ամյակին նվիրված գրական ցերեկույթ և «Չսկսված և չավարտված պատերազմը» գրքի շնորհանդեսը: ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, շնորհավորելով Վ. Դևրիկյանին ծննդյան 50-ամյակի առիթով, նշեց, որ Վ. Դևրիկյանը ոչ միայն մարտիկ է եղել, այլև լրա­գրող, գրող, հրապարակախոս: Անդրադառնալով «Չսկսված և չավարտված պատերազմը» գրքին` ասաց. «Այն մի ամբողջ կենսագրություն է, մեր կենսագրության այն կարևոր հատվածը, որը մեզ պիտի հիմք տա վաղը, մյուս օրը և ապագայում մեր ոգին պահելու և մեր պայքարն ավելի առաջ տանելու համար»: ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանի հավաստմամբ՝ լուսավոր մարդու` Գևորգ Դևրիկյանի հայրենասիրությունը, սերը դեպի գիրքը, դեպի հայ հին ձեռագիրը անցել է որդուն` Վարդանին. «Վարդանը սիրում է աշխատել և ամեն ինչ անել ինքնուրույն, որովետև վստահ է, որ լավագույն արդյունքը լինում է այն ժամանակ, երբ ինքն է իր ստորագրությունը դնում»: Ակադեմիկոս Սեն Արևշատյանը նշեց, որ Վ. Դևրիկյանը մի շարք գործերով հարստացրել է մեր գիտական գրականությունը և այժմ էլ շարունակում է սերտ կապերով կապված մնալ Մատենադարանին: Մշակույթի նախարարու­թյան վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը հայ գրականության զարգացման գործում ունեցած վաստակի համար, ինչպես նաև ծննդյան 50-ամյակի կապակցությամբ, Վարդան Դևրիկյանին պարգևատրեց նախարարության պատվոգրով և «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով: ԵԿՄ վարչության անդամ Հակոբ Հակոբյանը ընթերցեց ՀՀ երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, Արցախի հերոս զորավար Մանվել Գրիգորյանի ուղերձը և Վ. Դևրիկյանին հանձնեց «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանը: Ըստ բանաստեղծ Արտաշես Արամի` սա ոչ թե գիրք է, այլ հայրենիքի նվիրյալ զավակի խոստովանանք առ հայրենին ու հայրենիքի ապահովությունը: Վ. Դևրիկյան հերոսի ու մտավորականի մասին խոսեցին նաև զինվորական Ֆրունզիկ Ավագյանը, գեներալ Սամվել Սաֆարյանը, պատմաբան Աշոտ Մելքոնյանը, լրագրող Տիգրան Նիկողոսյանը: Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Վ. Դևրիկյանը. «Կարծում եմ` ոչ միայն ինձ, այլև պատերազմի ճանապարհներով անցած բոլորիս ստվերի նման հետապնդում են պատերազմը, անցած տարիները: Պետք է աշխատեմ և ստեղծագործեմ նաև մեր զոհված ընկերների փոխարեն, իրականացնեմ գիտական այլ ծրագրեր»: Գայանե Սամվելյանը և Ամիրան Գալստյանը կարդացին Դևրիկյանի ստեղծագործություններից: