Չարենց – 119

459

Չարենց – 119
Մարտի 13-ին՝ Եղիշե Չարենցի ծննդյան օրը, մարդաշատ էր Չարենցի հուշահամալիրը շրջապատող պուրակը: Հավաքվել էին մտավորականներ, գրողներ, չարենցասերներ` վերստին արժևորելու նրա ստեղծագործությունները և մեկ անգամ ևս ապացուցելու, որ հանճարն անմահ է:
Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը նշեց, որ ամեն տարի այս օրը Չարենցի տուն-թանգարանը, Չարենցի անվան հանրակրթական դպրոցը, ՀԳՄ-ն, մտավորականները, չարենցապաշտները գալիս են այստեղ՝ ապացուցելու, որ իրենք` «ապագայի գանգրահեր տղաներն ու աղջիկները», շարունակում են հանճարի կիսատ թողած գործը, գալիս են հաստատելու, որ իրենք այս հողի, այս երկրի տերն են, պիտի կերտեն այս երկրի հրաշալի ապագան, որի մասին երազում էր Չարենցը: Անդրադառնալով Չարենցի պատգամներին, որոնք են միասնականությունը, պետական, ազգային գաղափարախոսությունն ու մտածելակերպը, «ես»-ի մոռացումն ու միասնության գնալը, Լ.Հակոբյանն ասաց. «Եթե կարողանանք նրա պատգամները ճիշտ կիրառել, ապա մեր պայքարում կհասնենք մեծ հաջողությունների, և մեր ժողովուրդը կհարատևի հազարամյակներ»:
Ըստ Արտաշես Արամի` բանաստեղծությունը գրողի համար պատրվակ էր, որ կործանումից, ավերից, մահից փրկեր իր ցեղի հավաքական գոյը և ապացուցեր, որ այս ցեղին կոտրել, ծնկի բերել, նահանջի մղել հնարավոր չէ: «Այսօր հավաքվել ենք ոչ միայն նրա ծնունդը նշելու, այլև նրանով ապահովելու մեր հետագա երթը, մեր հետագա ընթացքը»,- ասաց Արտաշես Արամը և հավելեց. «Կա Չարենց երևույթը, և մենք նահանջի ու պարտության մասին մտածելու իրավունք չունենք: Չարենցի գոյությունը ապացուցում է՝ մի քիչ ջանք, մի քիչ հավատարմություն չարենցյան գաղափարներին ու ավանդներին, և մենք դառնալու ենք Կովկասի իշխող ցեղ»:
Արևշատ Ավագյանի հավաստմամբ` «Չարենցյան պոեզիան, Չարենցի էությունը, նրա բանաստեղծական հանճարեղ արտահայտությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև համաշխարհային պոեզիայի գագաթներից մեկն է»: Անդրադառնալով նրա «Տաղ անձնական» բանաստեղծությանը` Ա. Ավագյանը նշեց, որ այն համամարդկային պայքարի, անձնական, ներանձնական և հասարակական հնչեղություն ստացած բանաստեղծական խոսք է, որ մշտապես մնալու է մարդկային հիշողության մեջ:
Լևոն Բլբուլյանն իր վերաբերմունքը Չարենցի հանդեպ արտահայտեց իր բանաստեղծությամբ, որն ընդգրկվել էր Մետաքսեի նախաձեռնությամբ տպագրված, Չարենցին նվիրված բանաստեղծությունների ժողովածուում:
Ելույթ ունեցան նաև Թադևոս Տոնոյանը, Ալեքսան Գոմցյանը, Երվանդ Պետրոսյանը, Նոնա Պողոսյանը և ուրիշներ: Երաժշտական կատարմամբ հանդես եկավ Արսեն Համբարյանը:
Երևանի թիվ 136 դպրոցի, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաներն իրենց ներկայությամբ և Չարենցի պոեզիայի ասմունքով իսկական տոնի վերածեցին Եղիշե Չարենցի ծննդյան օրը:
Նույն օրը բանաստեղծի տուն-թանգարանում տեղի ունեցավ ազգագրական տարազների մանկական ցուցահանդես և «Նուբար» ազգագրական երգի-պարի համույթի համերգը:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ