«Չարենցին մինչ օրս…»

Արփենիկ-Չարենց

Ամենօրյա մտերմություն կար տիկին Արփենիկի հետ, մենք նաև հարևանությամբ էինք ապրում… Արփենիկ Չարենցի հետ հարցազրույցներս, հոդվածներս մասամբ տպագրվել են արտերկրի և հայալեզու մամուլում, թարգմանաբար` անգլերենով, ռուսերենով: Սա Չարենցի ավագ դստեր հետ զրույցներից մեկն է, որը ներկայացնում ենք կրճատումով:

Լուսինե ԹՈՓՈՒԶՅԱՆ

Լուսինե ԹՈՓՈՒԶՅԱՆ – Ձեզ համար ո՞վ է Չարենց բանաստեղծը: Արփենիկ ՉԱՐԵՆՑ – Չարենցը «տիեզերական ճամփորդության» ելած գրող էր: Ստեղծագործական ահռելի խառնվածքի ներուժով նա մտավ գրականություն, որպեսզի աստվածային լույսը, տիեզերաշունչ ոգին դարձներ ոչ միայն բանաստեղծություն, այլև կյանք ու հաղթանակ, հոգու բերկրանք…

Լ. Թ. – Հանճարեղ պոետը բազմաքանակ նորաբանություններ բերեց պոեզիա, արդիական դիմագիծ ունեն նրա բանաստեղծական կառուցվածքային ձևերն ու պատկերները… Ա. Չ. - Չարենցը պոեմանման վեպ գրեց, էպիգրամի ժանր ստեղծեց, պոեզիայի մեջ առաջին անգամ միստերիայի և էպիտաֆների ժանրը ստեղծել է հայրիկս: Նա մոտ 600 բառ է ստեղծել իր պոեզիայում: Բերեմ օրինակներ. ուղեղահուն, տխրամարմին, վահրոտ, ժանտաժանտ, վարդակոխ, տխրադալուկ, շրթնանալ, հեքիաթանալ և այլն: Բանաստեղծը սիրում էր օգտագործել մակբայներ, բանաստեղծությունը հարստացնել արյունամած, ձյունամած բառերով… Պոետը գրում էր ութոտնյա, վեցոտնյա, օկտավներով: Նա հայ պոեզիա բերեց լեզվամտածողության այնպիսի տարրեր, որոնք գեղեցիկ են հնչերանգային առանձնահատկությամբ. բրոնզե քույր, բրոնզե կաթ, կաթի պես աղջիկ… Ես նորից հպարտանքով կընդ­գծեմ, որ հայրս կառուցել է մեր պոեզիայի լուսավոր «մայրաքաղաքը», որ կոկիկ է, ավելորդ պաճուճանքներից հեռու: Նա լավ գիտեր խրճիթների, պալատների, խառնիճաղանջ քաղաքների պոեզիան, որոնց մեջ որոնում, գտնում էր… մարգարտահատիկներ:

Լ. Թ. – Պոետի «արդարացումից» հետո հիմնվեց տուն-թանգարանը: Կարոտ ունենո՞ւմ եք, երբ գնում եք ձեր տուն, այսինքն` տուն-թանգարան: Ա. Չ. – Շատ մեծ կարոտ է առաջանում, երբ մտնում եմ ննջասենյակ կամ հայրիկիս աշխատասենյակ, թվում է` հայրս իր ճեպ-ճերմակ վերնաշապիկի թևերը քշտած ինձ կկանչի իր մոտ, կամ ծալապատիկ նստած թախտին` ինչ-որ մեկի հետ զրուցելիս կկանչի իր թավ ձայնով` Իզաբելլա՜, Բոժի՜կ, Ադո՜կ… Վերջինները ես ու քույրս ենք: Առաջինը` իմ գեղեցկուհի, անբախտ, միշտ տխուր աչքերով մայրս…

Լ. Թ. – Տիկին Արփենիկ, մինչև Չարենցի արդարացումը ի՞նչ վերաբերմունք է եղել ձեր հանդեպ: Ձեզ համարել են հայրենիքի դավաճանի դուստր: Ի՞նչ եք մտածել դուք: Ա. Չ. – Ժողովուրդը իր բանաստեղծին պաշտելով, մեզ էլ սիրել է: Հաճախ մարդիկ ինձ մոտենում, ասում էին` Արփենիկ, անիծիր Ստալինին, որ նա շուտ մեռնի, որ հորդ արդարացումը շուտ լինի: Ես 12 տարեկանից թաքուն կարդում էի հայրիկիս գրքերը, դրանք ինձ էին տալիս գաղտնի: Մանկատան ուսմասվարը 6-րդ դասարանում ինձ նվիրեց հայրիկիս գիրքը, բայց… մի քանի օր հետո իրեն ուսմասվարությունից հանեցին այդ պատճառով: Հետո, համալսարանում, Չարենց չէինք անցնում, Նարեկացի ևս… ծրագրով միայն Հակոբ Հակոբյան կար, Ֆրիկ… Բանաստեղծ Գևորգ Էմինը ինձ նվիրեց Չարենցի գիրքը, որը հափշտակությամբ համալսարանական ընկերուհիներիս հետ ընթերցում էինք: Մտավորականներն ու գրողներն այդ ընթացքում ինձ շրջապատել էին սիրով, գուրգուրանքով: Վարպետի` Ավետիք Իսահակյանի ընտանիքում էի հյուրընկալվում, վայելում էի տիկին Սոֆիի հյուրասիրությունը, Դերենիկ Դեմիրճյանի իմաստուն խոսքն ու զրույցն այնտեղ էի ունկնդրում, Տերյանի աղջկա` Նվարդի և Էմինի հոգեգթանքին էի արժանանում: Այդ հովանու տակ քիչ էի զգում որբությունս: Այդ մասին գրել եմ իմ «Մանկատուն» գրքում, որը տպվել է հայրիկիս 100-ամյակի առթիվ:

Լ. Թ. – Ինչպե՞ս դասավորվեց ձեր ընտանիքի ճակատագիրը Չարենցի ձերբակալությունից հետո: Ա. Չ. - 1937 թ. նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Երևանի կենտրոնական բանտի խոնավ, ցուրտ նկուղներից մեկում իր մահկանացուն կնքեց Եղիշե Չարենցը: Մենք` ես, քույրս, մայրս որբացանք: Շատ չանցած` մորս աքսորեցին Սիբիր: Քրոջս` Անահիտին տատս վերցրեց, ես որբանոցից մանկատուն տեղափոխվեցի, այնտեղ էլ, ինչպես ասում են` կյանքի դպրոց անցա… Համալսարանի ուսանող էի, ապրում էի հանրակացարանում: Մի անգամ կուրսեցի ընկերուհուս ծննդյան օրը, նրանց տանը հավաքվածների մեջ մի դասախոս կար, ով թունդ ստալինապաշտ էր: Նա երբ իմացավ, որ Չարենցի աղջիկն եմ և արտասանում եմ Չարենց, իսկույն վերարկուն պահանջեց, շտապ, զայրացած հեռացավ, իբր` իր համար լավ մթնոլորտ չէր: Նրա գնալուց հետո ընկերուհուս եղբայրը զգեստապահարանից հանեց բոլոր թաշկինակները և ի նշան բողոքի… քոչարի պարեց, բոլորս շուրջպար բռնեցինք, հայրիկիս և մեր ընտանիքի կենացը խմեցինք: Քույրս կյանքը նվիրեց հայրիկիս գրական ժառանգության ուսումնասիրությանը, ես զբաղվում էի հայրիկի պոեզիան պրոպագանդելով, դասախոսություններ էի կարդում: Երբեմն խանգարողներ էին լինում, բայց ես աներեր, հորս ոգու ուժը մեջս պահած` չէի ընկրկում, որովհետև գիտեի` հայրս հանճարեղ է: Մայրիկիս մասին ասեմ, որ նա չափազանց դառը ճակատագիր ունեցավ: Նրան աքսորավայրում փրկեց մի բաշկիր բժիշկ և մայրիկիս հետ ամուսնացավ. ապրեցին աուլներում, ունեցան չորս տղա, մեկ աղջիկ: Հայրիկիս արդարացումից հետո նա դիմեց կառավարությանը, որ թույլ տան գալ Երևան, մեզ էլ տիրություն անելու: Երեք անգամ այցելության եկավ: 1961 թ. արդեն բնակարան ուներ, սակայն, ցավոք, հիվանդացավ անբուժելի ցավով և մահկանացուն կնքեց Երևանում: Իմ երկրորդ գրքում մանրամասն գրել եմ մեր ընտանիքի ճակատագրի մասին:

Լ. Թ. – Տիկին Արփենիկ, ովքե՞ր էին Չարենցի կործանումը կազմակերպողները: Ա. Չ. – Ես չեմ ցանկանում այդ ստոր մարդկանց անունները հիշել, որոնք կատարել են իրենց սև գործը և վերևների համար իրենց շահերով են առաջնորդվել… Սև մատյաններում միշտ էլ նրանց`վասակների անունները կգրվեն պատմության մեջ որպես դավաճանական, վատթար արձանագրումներ: Արջի ծառայություն մատուցողները եղան ժողովրդի և Չարենցի նման հանճարեղ մարդկանց թշնամին, որոնց ժողովուրդը երբեք չի ների: Չարենցը ժողովրդինն էր, մեծ էր, իրեն մինչ օրս իր ազգը լսում ու հավատում է: