«Շիրազի վարդատոն Ստեփանակերտում»

shiraz_n

Աստվածատուր բանաստեղծությունը Հովհաննես Շիրազին «Էն գլխից» «գարնան թագավոր» է կարգել, և նա` «պոետների ջահել արքան», քայլում է հավերժության ճամփաներով` ամենուրեք փռելով գարուն ու սեր: Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի տնտեսագիտության ամբիոնի վարիչ Իննա Մարկոսյանը մեծ պոետի ծննդյան 100-ամյակի օրը Շիրազին ներկայացրել էր պոեզիայի բազմազանության ու գեղեցկության մեջ… Եվ ահա Իննան բեմի վրա է, շուրթերին «Գարնանամուտն» է, իսկ ձեռքին, ծաղկահյուս զամբյուղի մեջ, գարնանային վարդի թերթեր են, որոնք նա շռայլորեն ցրում է դահլիճում: Ապա էկրանը բացվում է. Շիրազը հայրենի Գյումրիում է, շրջում է ֆայտոնով, մարդիկ ճանապարհի շուրջ կանգնել, հայացքով ուղեկցում են աշխարհի չորս կողմերի վրա «գարնան հրովարտակ» արձակած պոետին, վարդեր են նետում… Այնուհետև լսվում է Շիրազի անզուգական արտասանությունը… «Լիրիկականի» նվագների տակ բեմ է մտնում ուսանողուհի Թագուհի Հախումյանը, որի պարը ջերմորեն ընդունվեց ներկաների կողմից: Արցախի ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը հուշեր է պատմում Շիրազի հետ ունեցած հանդիպումներից, իսկ էկրանի վրա Հովհաննես Շիրազի ձեռագիր նամակն է, որը նա ուղիղ հիսուն տարի առաջ հղել է դեռևս սկսնակ գրողին, հորդորել ու քաջալերել նրան: Վ. Հակոբյանը հրապարակում է Շիրազի անտիպ գործերից մեկը, որ դեռևս անհայտ է ընթերցողին: Այնուհետև համալսարանի դասախոս Ռենա Մովսիսյան («Ողբ Ղարաբաղի»), բանաստեղծ Սոկրատ Խանյան («Բանաստեղծություն` նվիրված Հովհ. Շիրազին»), ժողովրդական դերասան Քաջիկ Հարությունյան («Քառյակներ», «Մեր մարդկանց անունները», «Ապահարզան»), ուսանողուհիներ Լիլի Գրիգորյան («Երազիս մեջ այրում էի»), Թագուհի Հախումյան («Հրաշք»), Արմինե Բեկնազարյան («Աստծո ձայնը», «Գարնանամուտ»)… Շիրազի հարյուրամյակին նվիրված ցերեկույթն, իրոք, ճոխ էր ու հարուստ: Իսկ վերջում Շիրազի պոեզիայի երկրպագուներին «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ռեկտոր Վարդան Հակոբյանն ուրախացրեց` հրապարակելով բուհի տնօրինության որոշումը. «Ամեն տարի, մայիսի վերջին, Ստեփանակերտում անցկացնել Շիրազի վարդատոն»… Իսկ այս միջոցառումը Շիրազի վարդատոնի մեկնարկն էր: