Նրանց գոյությունը մեր գրականության հզոր ուժերից է

images

Նրանց գոյությունը մեր գրականության հզոր  ուժերից է

Մարտի 27-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ պոեզիայի ցերեկույթ` նվիրված եղեռնազոհ գրողների հիշատակին: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, արժևորելով եղեռնազոհ գրողներ Դ. Վարուժանի, Սիամանթոյի, Ռ. Սևակի, Գ. Զոհրապի, Ա. Հարությունյանի, Երուխանի և մյուսների ստեղծագործությունները, խոստովանեց, որ հատկապես Դ. Վարուժանի գործերն իրեն առանձնահատուկ լիցք են տվել ապրելու, աշխարհն ընկալելու, բնության և մարդու հոգին ձգտել ճանաչելու, ըմբռնելու առումով: «Նրանց գոյությունը մեր գրականության հզոր  ուժերից է: Առանց Սիամանթոյի, Վարուժանի և մյուս մեծերի դժվար է պատկերացնել հայ գրականությունը: Մեծ ողբերգությունը խլեց նրանց կյանքը,  բայց նրանց գիրը իր մեջ ունի հասունություն, իմաստնություն, նրանց ստեղծածը հզոր, մեծ երակն է մեր գրականության»,- ասաց նա:

Արևշատ Ավագյանը, ով վարում էր ցերեկույթը, նշեց, որ ցերեկույթը տխրության հետ պարտավորեցնում է վառ պահել Եղեռնում զոհված անմեղների հիշատակը և հետագայում այնպես անել, որ գոյատևության ճանապարհով գնացող կյանքը դուրս գա հարատևության այլ ճանապարհ:

Ըստ Ղուկաս Սիրունյանի` այնքան էլ հաճելի բան չէ գրել արյան, սեփական ցեղի կոտորածների մասին, այնինչ «դա փաստ է՝ կայացած քո կենսագրության մեջ, և, ուզես թե չուզես, կանգնում է քո դեմ դիմաց, և երբեմն փորձում ես առնչվել դրան բանաստեղծությամբ»:

Անուշ Վարդանյանն ընդգծեց, որ Ցեղա­սպանությունը այն ոճրագործությունն է, որը ժամկետ չի ճանաչում և հիշվում է մարդկու­թյան կողմից:

Լևոն Բլբուլյանը տեղեկացրեց, որ ճանաչված երգահան Արա Գևորգյանի հետ ստեղծել են Եղեռնի տարելիցին նվիրված մի երգ, որի հիման վրա արդեն տեսահոլովակ է նկարահանվում ու եթերում առաջին անգամ կցուցադրվի ապրիլի 24-ին: Բացի այդ, տեքստն արդեն թարգմանվել է 15 լեզուներով և այդ օրերին կհնչի աշխարհի տարբեր երկրներում: Երգի համար գրված բանա­ստեղծությունը, որ կոչվում է «Կա՛նք ու կլինե՛նք», նա կարդաց ներկաների համար:

Ելույթ ունեցան և իրենց բանաստեղծու­թյունները կարդացին Արտեմ Հարությունյանը, Բագրատ Ալեքյանը, Գոհար Գալստյանը, Հուսիկ Արան, Նոնա Պողոսյանը, Հակոբ Հարու­թյունը, Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանողներ Սևան Երիցյանն ու Ազատ Մալխասյանը, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողներ Տաթևիկ Բաղդասարյանը, Գոհար Մնացականյանը, Արփինե Սարգսյանը, Սվետա Մելիքյանը: Երաժշտական կատարմամբ ելույթ ունեցավ Արսեն Համբարյանը:

Շաքե  ԵՐԻՑՅԱՆ