«Մնաս բարով, իմ Աշտարակ»

Գրող, հրապարակախոս, «Գարուն» ամսագրի և «Երկիր Նաիրի» շաբաթաթերթի հիմնադիր, գլխավոր խմբագիր, ՀԳՄ երկարամյա նախագահ, բազմամյա պատգամավորական գործունեությանը համադիր գրական ու հասարակական գործիչ Վարդգես Պետրոսյանը շատ էր սիրում իր ծննդավայր Աշտարակը: Կարծես ի պատասխան` Արագածոտնի մարզի և Աշտարակ քաղաքի ղեկավարությունը արդեն 20 տարի սփոփում է նրա տաղանդի ու մարդկային անհատականության երկրպագուների անդառնալի կորստի վիշտը՝ եղերամահ հայրենակցի հիշատակը վառ պահելու, նրան մշտապես իրենց կողքին զգալու նորանոր դրսևորումներով: Ապրիլի 15-ը ողբերգության տարելիցն էր: Այն մեկնարկեց գրողի անունը կրող փողոցում, հայրական տնից ոչ հեռու տեղադրված հուշարձանի մոտ, իսկ ժամը 16-ին Վ. Պետրոսյանի ծաղիկների մեջ կորած գերեզմանը շրջապատել էին քաղաքի ղեկավարությունը, աշակերտներ, ուսուցիչներ, Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 դպրոցի պատվիրակությունը, Երևանից ժամանած գրչընկերներ, արվեստագետներ, լրագրողներ, հյուրեր: Աշտարակի հոգևոր հովիվ Տեր Մկրտիչ Քահանա Երանյանը հոգեհանգստյան պաշտոն մատուցեց: Հանդիսությունը շարունակվեց մշակույթի պալատում: Բացման խոսքում քաղաքապետ Արմեն Անտոնյանը նշեց. «Նա մնաց մարդ, ով իր ուսերին պահում էր հայրենիքի երկնակամարը…»: Քաղաքի ավագանու կողմից խոր ցավի ու միաժամանակ հպարտության զգացման մասին խոսեց Կարեն Շահազիզյանը: Վարդգես Պետրոսյանի դպրոցի աշակերտները «Հայկական էսքիզներ» և «Մեր ժողովուրդը իմն է, ինչպես իմ… վիշտը» ստեղծագործությունների հիման վրա հուզիչ ձոն-բեմադրություն ներկայացրին: Հնչեց բ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանի, բ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Դանիելյանի խոսքը, ելույթ ունեցան բ.գ.թ., դոցենտ Լուսինե Գալստյանը, բ.գ.դ., պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, «Հայաստան» հրատարակչության տնօրեն, բ.գ.թ., Վահագն Սարգսյանը (Վ. Պետրոսյանի հետմահու երկու գրքի հրատարակիչ), ՀՀ ժող. դերասան, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը, դերասանուհի Թամար Հովհաննիսյանը, վաստակավոր լրագրող Վ. Սանթրյանը, հեռուստալրագրող Գ. Նուրիջանյանը, ՊՄՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողներ Արմեն Սարգսյանը, Վանուհի Բաղրամյանը: Քրիստինե Գրիգորյանը հուզեց գրողի «Տատս» պատմվածքի ընթերցանությամբ: ՀԳՄ-ն ներկայացնում էր բանաստեղծ, գարունական, ՀԳՄ գործադիր տնօրեն Ղուկաս Սիրունյանը: Այդ օրը տեղի ունեցավ նաև Հովհաննես Պապիկյանի` 1991թ. նկարահանած տեսաֆիլմի առաջնատեսությունը: Տեսաերիզը հեղինակը Վարդգես Պետրոսյանի 80-ամյա հոբելյանի առիթով նվիրել էր գրողի դստերը՝ Արմինե Պետրոսյանին: Դահլիճը լցվեց «գարունականներով»՝ խմբագրապետի մասին խոսում էին այլևս խնկելի Լևոն Անանյանը, Անժիկ Հակոբյանը, Մարգո Ղուկասյանը: Մտերիմ զրույցը շարունակվեց գրողի հիշատակի գինեձոնի սեղանի շուրջ: Հուշեր պատմեցին քաղաքապետ Արմեն Անտոնյանը, Ռոմեն Կոզմոյանը, Սիմոն Սիմոնյանը` Վ. Պետրոսյանի վերջին օրերի մտերիմը, Վլադ Ներսիսյանը, Վրեժ Խաչատրյանը և ուրիշներ: Գրողի դուստրը շնորհակալություն հայտնեց հանդիսության կազմակերպիչներին` Արմեն Անտոնյանին, Գևորգ Եղիազարյանին, քաղաքապետարանի աշխկազմի ղեկավար, վաղեմի բարեկամ Գրիգոր Դատումյանին, Ա. Գևորգյանին, երեկոն վարող Ռ. Հայրապետյանին: Սեղանակիցները չէին կարողանում բաժանվել միմյանցից, ասես Վարդգես Պետրոսյանը իրենց հետ էր: