ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25 ՏԱՐԻՆԵՐԸ

search

Նարինե ԿՌՈՅԱՆ
ՉԱՊՐԵԼՈՒ ՏԱՐԻՆԵՐ

Չապրելու, որովհետև բախտի բերմամբ մեզ բաժին հասած պետականությունը, որպես հերթական կայսրության կործանման հետևանք, որ մենք, ասես սկուտեղի վրա, նվեր ստացանք, նման էր ծննդյան տարեդարձին ստացած նվերների հսկայական այն կույտին, երբ պարզապես մոլորվում ես` ի՞նչ ես անելու այսքանը, ինչպե՞ս ես պահելու:
Թերևս պահելն ամենադժվար բանն է աշխարհում: Պիտի խնամես, փոշին սրբես, լվանաս, երբեմն էլ թաքցնես անկոչների կեղտոտ մատների հպումից: Իսկ անկախությունը այդ նվերների մեջ ամենադյուրաբեկն է` վենետիկյան թանկարժեք բյուրեղապակու նման: Չփակված պատուհանից փչող միջանցիկ քամին էլ կարող է այն կոտրել, իսկ փշուրները, որքան էլ որ թանկ, միևնույն է, վաղ թե ուշ աղբ են դառնում:
Ուրեմն` պահել անկախությունը, անկախ լինել, նշանակում է մաքառել ինքնությանդ համար, վաղվա օրվադ համար, նրանց համար, ում քեզնից հետո թողնելու ես քո գանձը:
Սակայն ի՞նչ գնով:
Թվում է` ես եմ այդ գինը վճարողը, որովհետև երբեմն ամաչում եմ երկու ոտք ունենալու համար, երբ կողքիս ժպտուն, գրեթե մանկական դեմքով մի երիտասարդ կաղում է` պատերազմի անժպիտ աստծուն զոհաբերած մյուս ոտքը անկախության սահմանին թողած: Ամաչում եմ Քյարամի պաշտպանած անկախ հայրենիքի համար, որն իրականում նրա 25 տարի շարունակ այդպես էլ չկառուցված ու կիսավեր տունն էր: Չվերադարձածների համար եմ ամաչում, որոնց ասելիք չունեմ, որովհետև նրանց բան ասելու համար այլևս երես չունեմ:
Ապրես 25 տարի ու ապրես աներե՞ս:
Չի լինում:
Այդքան պարտքը պարանոցիս` ինձ դարձնում է կիսատ-պռատ մեկը, ով անզոր է երբևէ այն վերադարձնել, որքան էլ որ ձայնով թե անձայն մրմնջամ.
«…Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս և մեք թողումք
մերոց պարտապանաց…»:
Չի օգնում:
Այսպես ես չապրում եմ` մեռնելով անկախության մեր պարգևը պահպանող յուրաքանչյուրի հետ ու դեռ չգիտեմ, թե դեռ քանի տարի պիտի չապրեմ` նայելով բաց դուռ ու պատուհանից փչող հողմերին, երբ երկաթյա դռների փոխարեն, ուժգնացող քամիների դիմաց դեռ մեր զավակների մատղաշ մարմիններն ենք դնում: