ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25 ՏԱՐԻՆԵՐԸ

images

Շանթ ՄԿՐՏՉՅԱՆ
Մեր անկախության 25 տարիները մաքառման տարիներ էին, ինքնագիտակցության տարիներ, փորձության տարիներ: Մաքառման, քանի որ մենք փաստացի պատերազմի մեջ ենք եղել: Գերխնդիրը այդ պատերազմում հաղթանակն է եղել: Բարեբախտաբար ասեմ, թե դժբախտաբար, մենք հաղթեցինք, բայց մեծ կորուստների գնով: Խնդիրն այն էր, որ մեծ տերության քաղաքացու հոգեբանությունից պետք է գայինք մեր բուն հայրենիքի պահպանման և վերստեղծման գիտակցությանը:
Ինքնագիտակցության տարիներ էին, քանի որ մեծ պատմաշրջանի մեջ սկսեցինք դիտարկել մեր ինքնության ներկան և հեռանկարը: Դա ամենաբարդ խնդիրներից մեկն էր, տնտեսականից բացի: Համենայնդեպս, մենք հասկացանք, որ մեր գոյության միակ երաշխիքը մեր միաբանությունն է և ազատամարտը, որը հիմնովին փոխեց զոհի բարդույթը:
Փորձության տարիներ էին և հիմա էլ է, քանի որ հայտնվել ենք տարբեր գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի մամլիչի տակ, և այդ պայմաններում փորձության է ենթարկվում նաև մեր ոգու ուժը և անկախությունը ազատության բերելու կարողությունը: Իսկ ազատությունը, ինչպես գիտենք, բոլոր փիլիսոփայությունների վերջնական նպատակն է: Հայ մարդը, պետականության բուն արժեքը հասկանալով հանդերձ, դեռևս շարունակում է իր մաքառումները նաև ներսում: Ցանկությունս այն է, որ մեր տառապանքին արժանի կյանքով ապրեն և՛ ներկա, և՛ հետագա սերունդները: